Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2961-11.05.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998թ. հուլիսի 1-ին ընդունված քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 360-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Նույն հոդվածի երկրորդ մասում «1-9» թվերը փոխարինել «1-8» թվերով:

Հոդված 2. Օրենսգրքի 428-րդ հոդվածի չորրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենսգրքի 430-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենսգրքի 431-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Նույն հոդվածի երկրորդ մասում «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 435-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Օրենսգրքի 437-րդ հոդվածի երրորդ մասից հանել «դատապարտյալին մեկ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկից այլ ռեժիմի հիմնարկ տեղափոխելու» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 438-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «մեկ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկից այլ ռեժիմի հիմնարկ տեղափոխելու» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 
  
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծի ՀՀ քրեակատարողական օրենսգիրքն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով:

2003թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական օրենսգիրքը, որով նախատեսված են նոր պատժատեսակներ: Դրանք են՝ տուգանքը, հանրային աշխատանքները, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը, կալանքը եւ ցմահ ազատազրկումը: Ուստի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ընդունմամբ կկանոնակարգվեն վերը թվարկված պատիժների կատարման կարգը եւ պայմանները (ՀՀ քրեական օրենսգրքի 71-րդ հոդված):

ՀՀ քրեակատարողական ծառայությունը 2001թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ ՆԳՆ համակարգից փոխանցվեց ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը: Դրանով լուծվեց Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից մեկի՝ ՀՀ քրեակատարողական ծառայության ապառազմականացման հարցը: Այն, իր հերթին, համակարգի առջեւ դրեց նոր խնդիրներ. պատժի կրման պայմանների արդիականացում, դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնում, ազատազրկման հետ կապ չունեցող նոր պատժատեսակների առավել լայն կիրառություն: Վերոհիշյալ խնդիրներն իրենց կարգավորումը գտել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծում, որը ենթարկվել է Եվրոպայի խորհրդի կրկնակի փորձաքննությանը:

Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել ոլորտում գործող միջազգային ստանդարտները եւ փորձագետների եզրակացությունները:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի եւ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված եւ 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծի հետ համապատասխանությունն ապահովելու հանգամանքով: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը չի նախատեսում ազատազրկում որոշակի ժամկետով պատժատեսակի կատարման համար ուղղիչ հիմնարկի տեսակը եւ ռեժիմը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագիծի համաձայն պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը: Ուստի քրեական դատավարության օրենսգրքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ, որպեսզի դատարանի լուծմանը ենթակա հարցերի շրջանակից հանվեն քրեական պատիժը իրականացնող հաստատության տեսակի եւ ռեժիմի որոշումը:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ կվերանա նաեւ հակասությունը կապված տուգանքի վճարման տարաժամկետման հետ. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծի համաձայն տուգանքի վճարումը կարող է երկարաձգվել առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը տիգանքի վճարման տարաժամկետման առավելագույն ժամկետ է սահմանում վեց ամիսը: