Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-443-11.02.2014-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում լրացնել նոր 20-րդ եւ 21-րդ կետեր` հետեւյալ բովանդակությամբ.

«20) ինտերնատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ինտերնի ծրագրով ընդհանուր պրակտիկ բժշկական գործունեություն իրականացնող մասնագետների պատրաստում.

21) օրդինատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա կլինիկական օրդինատորի ծրագրով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստում:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Արգելվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված եւ ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների, ինչպես նաեւ ծագումով հայ  այն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:»։

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետից հանել «(կլինիկական օրդինատորի)» բառերը եւ 2-րդ կետում լրացնել նոր պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ. «- կլինիկական օրդինատորի»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) 3-րդ կետից հանել «,  բժշկական մասնագիտությունների համար` մինչեւ 4 տարվա» բառերը,

2) լրացնել նոր 5-րդ եւ 6-րդ կետեր հետեւյալ բովանդակությամբ.

«5) բժշկական մասնագիտությունների համար կրթության տեւողություն սահմանել առնվազն 5 տարի` անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով, որի արդյունքում շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին.»,

«6) ռազմաբժշկական ֆակուլտետի «բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ շրջանավարտների համար սահմանել 1 տարի տեւողությամբ հետբուհական ուսուցում` «ինտերնատուրա»:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետում լրացնել նոր տող հետեւյալ բովանդակությամբ` «- օրդինատորի դիպլոմ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտություն

1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 18.07.2013թ. N 800-Ն որոշմամբ  հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի գործունեության ծրագրի միջոցառումների ցանկի» 65-րդ կետի կատարմամբ:

Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է փախստականի կարգավիճակ ունեցող եւ ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների բուհեր ընդունելության եւ ուսումնառության  կազմակերպման  խնդիրների կարգավորման հետ:

Այսօր համարժեք չեն  «մագիստրոս» եւ «կլինիկական օրդինատոր» որակավորումները, ուստի բժշկական կրթության հիմնախնդիրների, որակավորումների կարգավորման հետ կապված անհրաժեշտություն է առաջացել վերանայել դրանք:

Հաշվի առնելով բժշկական կրթության ոլորտում կատարվող բարեփոխումները, ինչպես նաեւ հիմք ընդունելով բժշկական կրթության առանձնահատկությունները եւ բժշկական կրթության բնագավառում միջազգային փորձը` առաջարկվել է բժշկական մասնագիտությունների համար կրթության տեւողություն սահմանել առնվազն 5 տարի` անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով, իսկ շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:

2. «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում հստակեցվել է «կլինիկական օրդինատոր» կրթական ծրագրով ուսուցման ժամկետը` որակավորման ուսուցման տեւողությունը սահմանելով առնվազն մեկ տարի:

Հաշվի առնելով ընդունելության քննությունների անցկացման ժամկետների փոփոխությունը` հստակեցվել է  բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների հրամանագրման ժամկետը` ինչը հնարավորություն կտա ուսանողներին օգտվել  ուսման վարձի զեղչման եւ վարկավորման ծրագրերից:

Բուհերի հավատարմագրման եւ լիցենզավորման գործառույթների հստակեցման, ինչպես նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքների միջեւ եղած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով առաջարկվում է «Կրթության մասին» օրենքից հանել 42-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հաշվի առնելով միջազգային փորձը եւ աշխատաշուկայի պահանջները` կլինիկական օրդինատոր կրթական ծրագրի ուսուցման ժամկետը կարիք ունի վերանայման եւ հստակեցման:

Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի` բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների հրամանագրման սահմանված ժամկետը չի համապատասխանում ուսանողների հրամանագրման իրական ժամկետին, ուստի այն վերանայման եւ հստակեցման կարիք ունի:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ ենթակետը չի համապատասխանում «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի եւ  ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշման պահանջներին, ուստի այն վերանայման եւ հստակեցման կարիք ունի:

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների, արդյունքում խմբագրման եւ լրամշակման կարիք ունեն ուսանողների հրամանագրման ժամկետները, «կլինիկական օրդինատոր» կրթական ծրագրով ուսուցման ժամկետները եւ բուհերի հավատարմագրման հետ կապված հարցերը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված գերատեսչությունները ինստիտուտներն ու անձինք

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:

4. Ակնկալվող արդյունքը

Կատարվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կարգավորել  եւ հստակեցնել ուսանողների հրամանագրման,  կլինիկական օրդինատորի ուսուցման ժամկետների, ինչպես նաեւ բուհերի հավատարմագրման գործընթացները: