Armenian ARMSCII Armenian
Կ-2322-11.04.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «հանձնարարական» բառը փոխարինել «հանձնարարություն» բառով եւ «, ցուցում» բառը հանել:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 2-րդ կետում «հանձնարարականների» բառերը փոխարինել «հանձնարարությունների» բառերով.

2) 5-րդ մասի 1-ին կետի «գործեր եւ» բառերը փոխարինել «վարույթի» բառով:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «, որպես կանոն,» բառերը հանել, «գործով» բառը փոխարինել «վարույթով»:

2) 3-րդ մասի «մինչդատական քրեական վարույթ իրականացնող համապատասխան» բառերը փոխարինել «իրավասու» բառով.

3) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «, որպես կանոն,» բառերը հանել, «գործով» բառը փոխարինել «վարույթով նախաքննության օրինականության նկատմամբ» բառերով.

2) 2-րդ մասում «գործով» բառը փոխարինել «վարույթով նախաքննության նկատմամբ» բառերով.

3) 3-րդ մասում «կոչվում է» բառից հետո լրացնել «հանրային» բառը:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Գործին» բառը փոխարինել «Քրեական վարույթին» բառերով.

2) 2-րդ մասում «Դատարանների` քրեական գործերով» բառերը հանել, «օրինական» բառը փոխարինել «Օրինական» բառով, «դատական քննությանը» բառերը փոխարինել «դատաքննությանը» բառով, իսկ «մեղադրող դատախազը» բառերը փոխարինել «հանրային մեղադրողը» բառերով.

3) 4-րդ մասում «Քրեական գործերով դատական ակտը» բառերը փոխարինել «Դատավճիռը» բառով.

4) 10-րդ մասում «ծանոթանալու» բառից հետո «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով, «գործի նյութերի պատճենը» բառերը փոխարինել «դրանց պատճենները» բառերով:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «միջնորդագիր» բառից հետո լրացնել «կամ առարկություն» բառերը, «հանձնարարական» բառը փոխարինել «հանձնարարություն» բառով, «կամ ցուցում» բառերը հանել.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հանձնարարություն տալու, առարկություն ներկայացնելու հիմքերն ու դատավարական կարգը սահմանված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:»:

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վերադաս եւ ստորադաս դատախազների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Եթե ստորադաս դատախազը վերադաս դատախազի տված հանձնարարությունը համարել է անօրինական կամ անհիմն եւ դրա վերաբերյալ առարկություն ներկայացրել հանձնարարություն տված դատախազի վերադասին եւ նրա կողմից հանձնարարությունը համարվել է օրինական եւ հիմնավոր, ապա վերադաս դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարող է ստորադաս դատախազին հեռացնել վարույթից եւ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել այլ դատախազի կամ այն իրականացնել անձամբ:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ստորադաս դատախազը պարտավոր է վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն եւ իրեն հանձնարարված վարույթի նյութեր:»:

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Անմիջական վերադաս դատախազը՝

1) անհրաժեշտության դեպքում համապատասխան զեկուցագիր է ներկայացնում վերադաս դատախազին՝ դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ.

2) դատախազի արձակուրդի, գործուղման կամ ժամանակավոր այլ բացակայության, ինչպես նաեւ դատախազի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջեւ:».

5) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

6) 7-րդ մասում «դատախազի վարույթից գործը» բառերը փոխարինել «դատախազից քրեական վարույթը» բառերով.

7) 8-րդ մասի 2-րդ կետում «գործով» բառը փոխարինել «վարույթին» բառով:

Հոդված 8. Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասից «գործով մինչդատական քրեական» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետից հանել «կամ գործի քննությունից» բառերը:

Հոդված 10. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2021 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, իսկ 2021 թվականի հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաեւ՝ Օրենսգրքեր) երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել են ՀՀ ազգային ժողովի կողմից:

Օրենսգրքերը նախատեսում են համակարգային փոփոխություններ քրեական արդարադատության գործող համակարգում, եւ ըստ այդմ՝ դրանց ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել դրանցից բխող փոփոխություններ կատարել հարակից օրենքներում ինչպես նաեւ փոփոխվող կարգավորումների հետ այս կամ այն կերպ առնչվող այլ իրավական ակտերում:

Այդպիսով, մինչեւ Օրենսգրքերի ուժի մեջ մտնելը հարկ է ունենալ դրանց կարգավորումները սպասարկող եւ դրանցից բխող իրավական նորմեր, որպեսզի ապահովվի քրեական ու քրեադատավարական օրենսդրության սահուն կիրառումը եւ համակարգի անխափան գործունեությունը:

Բացի այդ, Օրենսգրքերի ընդունման եւ ուժի մեջ մտնելու միջեւ առկա անցումային ժամանակահատվածը հնարավորություն է ընձեռել եւս մեկ անգամ մանրամասն ուսումնասիրելու եւ համադրելու դրանց կարգավորումները՝ վեր հանելով հնարավոր վրիպակներն ու հակասությունները: Այդ առումով արձանագրված բացթողումները շտկելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Օրենսգրքերում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, «Դատախազության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում՝ ապահովելու համար.

  • եզրութաբանական միասնությունը.
  • գոյություն չունեցող ինստիտուտների վերաբերյալ կարգավորումների բացակայությունը.
  • ներդրվող ինստիտուտների վերաբերյալ համապարփակ կարգավորումների առկայությունը.
  • այլ հակասությունների բացառումը:

    Այս առումով հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

    Ըստ այդմ՝ այլ օրենքներից առաջարկվում է հանել այն նորմերը, որոնք այս կամ այն չափով կարգավորում են քրեական վարույթը՝ այդ հարաբերությունների կարգավորումը թողնելով նույն հարցերի կապակցությամբ նոր օրենսգրքի համակարգային նորմերին: Օրինակ՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքից առաջարկվում է հանել երեխային խուզարկելու, երեխայից ցուցմունքներ վերցնելու եւ հարակից հարցերի վերաբերյալ կարգավորումները, քանի որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով այդ հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են, այդ թվում՝ երաշխավորվում է պաշտպանի պարտադիր մասնակցությունը, անչափահասի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը որակավորված հոգեբանի ներագրավումը եւ այլն:

    Բացի այդ, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել Օրենսգրքերում՝ բացառելու դրանց ուժի մեջ մտնելու ժամանակ որոշ հակասությունների ու բացթողումների առկայությունը:

    3. Ակնկալվող արդյունքը

    Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել Օրենսգրքերին եւ վերացնել դրանցում առկա բացթողումները՝ այդպիսով ապահովելով Օրենսգրքերի նորմերի կիրառումը, գործնականում իրավական անճշտություններից եւ հակասություններից խուսափումը, ինչպես նաեւ համակարգային փոփոխությունների անցնցում գործարկումը:

    4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

    Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետի աջակցությամբ: Նախագծերի փաթեթում տեղ են գտել նաեւ իրավասու մարմիններից ստացված առաջարկությունները՝ նախագծերի տեսքով:

    5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

    Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ, ինչն իր հերթին բխում էր Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից:


    Տեղեկանք գործող օրենքներում փոփոխվող հոդվածների վերաբերյալ
    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

    Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

    Գրություն