Armenian ARMSCII Armenian
Կ-225-04.04.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 2-րդ կետում «Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «(մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները)» բառերը,

2) 2-րդ կետի «ա» ենթակետում «հաշվարկով» բառից հետո լրացնել «, եթե ԱԱՀ-ի գումարները վճարվել են մինչեւ մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ» բառերը,

3) 2-րդ կետը լրացնել «ա.1» ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ.

«ա.1) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման եւ ԱԱՀ-ի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով,»:

Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածում`

1) 5-րդ մասում «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքի,» բառերը,

2) լրացնել 5.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«5.1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները` որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում` առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինը ընդունում է ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու եւ չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմնի կողմից գանձվում են տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 92-րդ հոդվածում`

1) 1-ի մասի 2-րդ կետում «Սույն կետով սահմանված ակցիզային հարկի գումարները» բառերից հետո լրացնել «(մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ակցիզային հարկի գումարները)» բառերը,

2) 2-րդ կետի «ա» ենթակետում «հաշվարկով» բառից հետո լրացնել «, եթե ակցիզային հարկի գումարները վճարվել են մինչեւ մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ» բառերը,

3) 2-րդ կետը լրացնել «ա.1» ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ.

«ա.1) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման եւ ակցիզային հարկի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով,»:

Հոդված 4. Օրենսգրքի 99-րդ հոդվածում.

1) 2-րդ մասում «հարկի գումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքի,» բառերը,

2) լրացնել 2.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար Oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում` առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինը ընդունում է ակցիզային հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: Ակցիզային հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու եւ չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմնի կողմից գանձվում են տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:»:

Հոդված 5. Օրենսգրքի 181-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 2-րդ կետը «բնապահպանական հարկը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 2.1-ին կետով սահմանված դեպքի,» բառերով,

2) լրացնել 2.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար Oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում` առանց հարկը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու պայմանի, որի վերաբերյալ մաքսային մարմինն ընդունում է բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: Բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու եւ չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմնի կողմից գանձվում են տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված չափով, կարգով ու ժամկետներում:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ներմուծումների նկատմամբ: Սույն օրենքի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածների դրույթների կիրարկումն ապահովող որոշումը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից գանձվող հարկատեսակների (ԱԱՀ, ակցիզային հարկ եւ բնապահպանական հարկ) գծով վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է:

2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ` Մաքսային օրենսգիրք) 58-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու ժամկետների փոփոխությունը կատարվում է հետաձգման կամ տարաժամկետ վճարման ձեւով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքերը, ինչպես նաեւ դրանց փոփոխման պայմանները եւ կարգը սահմանվում են այն անդամ պետության օրենսդրությամբ, որտեղ դրանք վճարվում են:

Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված եմ մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորության տրամադրման ժամկետները ու հիմքերը, իսկ 60-րդ հոդվածով սահմանված են մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու հնարավորությունից օգտվելու համար գանձվող տոկոսները: Ընդ որում, Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի`

1) 1-ին կետով` տոկոսներ վճարելու պայմանով ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրվում է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 1 ամիս ժամկետով,

2) 2-րդ կետով` առանց տոկոսներ վճարելու ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորություն տրամադրվում Է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով՝ նույն կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում (մասնավորապես, տարերային աղետի, տեխնոլոգիական աղետի կամ անհաղթահարելի ուժ հանդիսացող այլ հանգամանքների հետեւանքով ներմուծման մաքսատուրքեր վճարող անձին վնաս պատճառվելը, անդամ պետությունների՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից Միության մաքսային տարածք տնկանյութ կամ սերմանյութ, բույսերի պաշտպանության միջոցներ, տոհմային անասնաբուծության օբյեկտներ (տոհմային գյուղատնտեսական կենդանիներ, թռչուններ, ձուկ եւ տոհմային անասնաբուծության այլ օբյեկտներ), տոհմային արտադրանք (նյութեր), կենդանիներին կերակրելու համար օգտագործվող արտադրանք ներմուծելը կամ դրանք նշված կազմակերպությունների համար մատակարարելը),

3) 3-րդ կետով` տոկոսներ վճարելու պայմանով ներմուծման մաքսատուրքերի վճարումը հետաձգելու հնարավորություն տրամադրվում է ապրանքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով, եթե այդ ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծվել են արդյունաբերական վերամշակման մեջ օգտագործելու նպատակով, այդ թվում՝ հումքի, նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների, դրանց լրամասերի եւ պահեստամասերի ներմուծումը:

ՀՀ հարկային օրենսգրքով «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկվում ու վճարվում է ԱԱՀ, ակցիզային հարկ` ակցիզային հարկով հարման ենթակա ապրանքերի եւ բնապահպանական հարկ` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար: Ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկի գումարների վճարման ժամկետները սահմանված են յուրաքանչյուր հարկատեսակի մասով` առանձին հոդվածներով:

Ապրանքների ներմուծման մասով հարկերը վճարելու ժամկետների փոփոխության հիմքերը, ինչպես նաեւ դրանց փոփոխման պայմաններ եւ կարգ հարկային օրենսգրքով սահմանված չեն:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի գումարների վճարման ժամկետների փոփոխման հիմքերը, դրանց փոփոխման պայմաններն եւ կարգը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների հաշվանցումների (պակասեցումների) մասով: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` ԱԱՀ, ակցիզային հարկ, բնապահպանական հարկ, գումարները կարող են հետաձգվել կամ տարաժամկետ վճարվել Մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված ժամկետներով` մեկ կամ վեց ամիս, նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայությամբ,

2) հարկերի գումարների վճարման ժամկետի հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասով մաքսային մարմնի կողմից պետք է ընդունվի համապատասխան որոշում` Կառավարության սահմանած կարգով,

3) վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու դեպքում պետք է վճարվի տոկոսներ` Մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով` մաքսատուրքի մասով գանձվող տոկոսների չափով: Ընդ որում, հարկերի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ կատարելու հնարավորությունից օգտվելու յուրաքանչյուր օրվա համար, սկսած «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները բաց թողնելու օրվան հաջորդող օրվանից մինչեւ ներմուծման հարկերը վճարելու պարտավորությունը դադարելու օրը, վճարվելու են տոկոսներ: Տոկոսները ենթակա են վճարման վերաֆինանսավորման դրույքաչափի (առանցքային դրույքաչափի, հաշվառման դրույքաչափի) 1/360-րդի չափով, որը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ, եւ պետք է վճարվեն ներմուծման հարկերը վճարելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ,

4) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար հաշվարկված հարկերի` ԱԱՀ, ակցիզային հարկի, բնապահպանական հարկի գծով մաքսային մարմիններին վճարելու դեպքում այդ գումարները ենթակա կլինեն օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման):

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար հաշվարկված հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ եւ բնապահպանական հարկ) գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակվել է հաշվի առնելով ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ (ՀՀ կառավարության 12.08.2021թ. N1323-Լ որոշման խմբագրությամբ) հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի զարգացման ռազմավարական 2 նպատակի` Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում, 2.1.4 կետով նախատեսված միջոցառումը: Այդ միջոցառմամբ նախատեսվում է մաքսային գործառնությունների պարզեցմամբ` ապահովել մաքսային հսկողության առավել արագ եւ դյուրին իրականացումը, որի շրջանակներում նախատեսվում է նախնական հայտարարագրման գործընթացն ավելի գրավիչ դարձնելու նպատակով մաքսային վճարների վճարման հետաձգման մեխանիզմի ներդրում (2.1.4 միջոցառման «գ» ենթակետ):

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծվող ապրանքների համար հաշվարկված հարկերի (ԱԱՀ, ակցիզային հարկ եւ բնապահպանական հարկ) գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորության սահմանումն է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն