Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-085-17.09.2012,31.01.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի նպատակը

Սույն օրենքը սահմանում է հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ (այսուհետ` ֆինանսական հաշվետվություններ) պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող իրավաբանական անձանց (ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ) վրա:

2. Համայնքների ղեկավարների աշխատակազմերի, պետական կառավարչական հիմնարկների, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների վրա սույն օրենքը տարածվում է մինչեւ նշված կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման առանձին օրենքի ընդունումը:

3.  Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման (այդ թվում` ֆինանսական հաշվետվությունների կազմման, ներկայացման, հաշվապահի որակավորման) հետ կապված հարաբերությունների վրա:

4. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կառավարման մարմինների եւ գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի միջեւ իրավունքների ու պարտականությունների բաշխման առանձնահատկությունները uահմանվում են համապատաuխանաբար «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին», «Վարկային կազմակերպությունների մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքներով, իսկ ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի oպերատորի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի դեպքում` «Արժեթղթերի շուկայի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով:

Հոդված 3. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը

1. Խոշոր կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

1) սույն օրենքը.

2) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից հրապարակված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (այսուհետ` ամբողջական ՖՀՄՍ-ներ) եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման հիմունքները: Ամբողջական ՖՀՄՍ-ները ներառում են.

ա. Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (IFRS).

բ.   Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները (IAS).

գ.   Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունների միջազգային կոմիտեի (IFRIC) կամ նախկին Մեկնաբանությունների մշտական կոմիտեի (SIC) մեկնաբանությունները.

3) ամբողջական ՖՀՄՍ-ների հիման վրա մշակված եւ լիազոր մարմնի կողմից հաստատված խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաեւ ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակը.

4) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:

2. Փոքր եւ միջին կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են`

1) սույն օրենքը.

2) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) կողմից հրապարակված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դրված փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (այսուհետ` ՓՄԿ-ների ՖՀՄՍ).

3) ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի հիման վրա մշակված եւ լիազոր մարմնի կողմից հաստատված փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը, ինչպես նաեւ ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակը.

4) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:

 3. Հաշվապահական հաշվառումը վարելու եւ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար փոքր եւ միջին կազմակերպությունները իրենց հայեցողությամբ կարող են կիրառել սույն հոդվածի առաջին մասում նշված իրավական ակտերը:

Հաշվապահական հաշվառումը վարելու եւ ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար խոշոր կազմակերպությունները չեն կարող կիրառել սույն հոդվածի երկրորդ կամ վեցերորդ մասերում նշված իրավական ակտերը:

4. Սույն օրենքի իմաստով խոշոր կազմակերպություններ են համարվում`

1) հանրային հաշվետվողականություն ունեցող կազմակերպությունները: Կազմակերպությունն ունի հանրային հաշվետվողականություն, եթե`

ա. նրա պարտքային կամ բաժնային գործիքները (արժեթղթերը) շրջանառվում են բաց շուկայում` տեղական կամ օտարերկրյա ֆոնդային բորսայում, ներառյալ տեղական եւ տարածաշրջանային շուկաները, կամ այն գտնվում է բաց շուկայում շրջանառելու համար այդպիսի գործիքներ թողարկելու գործընթացում, կամ

բ. հանդիսանում է բանկ, վարկային կազմակերպություն, վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, կարգավորվող շուկայի oպերատոր, կենտրոնական դեպոզիտարիա, ապահովագրական ընկերություն, վերաապահովագրական ընկերություն, ներդրումային ֆոնդ կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ,

2) 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ ընկերությունները, Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների կարգավորման ոլորտում գործող կազմակերպությունները, որոնք բավարարում են հետեւյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսին.

ա. անմիջապես նախորդող երեք տարիներից յուրաքանչյուր տարվա գործունեությունից հասույթը գերազանցել է մեկ միլիարդ դրամը.

բ. անմիջապես նախորդող երեք տարիներից յուրաքանչյուր տարվա տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցել է մեկ միլիարդ դրամը.

գ. անմիջապես նախորդող երեք տարիներից յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից սահմանված կարգով հաշվարկված աշխատողների միջին տարեկան թվաքանակը գերազանցել է հարյուրը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն խոշոր չհամարվող կազմակերպությունը սույն օրենքի իմաստով համարվում է փոքր եւ միջին կազմակերպություն:

6. Նախորդ օրացուցային տարվա հաշվետվությունների արդյունքներով հասույթի 200 միլիոն դրամ մեծությունը չգերազանցող փոքր եւ միջին կազմակերպություննների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է հաշվապահական հաշվառման պարզեցված կարգ:

Սույն մասով սահմանված կազմակերպությունները իրենց հայեցողությամբ հաշվապահական հաշվառման պարզեցված կարգի փոխարեն կարող են կիրառել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերում նշված իրավական ակտերը:

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման ոլորտում կառավարության լիազորած մարմինը

1. Հաշվապահական հաշվառման իրավահարաբերությունները կարգավորող օրենքների եւ դրանցից բխող այլ իրավական ակտերի կիրառման ապահովումն իրականացնում է կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազոր մարմին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, արժեթղթավորման հիմնադրամների համար` կենտրոնական բանկը` լիազոր մարմնի հետ համատեղ:

2. Լիազոր մարմինն իր իրավասության սահմաններում հաստատում է`

1) խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը.

2) խոշոր կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակը.

3) փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը եւ հաշվային պլանի կիրառման հրահանգը.

4) փոքր եւ միջին կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց ներկայացման ու բացահայտման ստուգման աղյուսակը.

5) սույն օրենքով նախատեսված իրավական այլ ակտեր:

3. Լիազոր մարմինն իրականացնում է ամբողջական ՖՀՄՍ-ների եւ ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ինչպես նաեւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման հիմունքների` ներառյալ դրանցում կատարված փոփոխությունների եւ լրացումների թարգմանումը հայերեն` Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի (IASB) սահմանած ընթացակարգերին համապատասխան եւ ապահովում է դրանց գործողության մեջ դնելու իրավական ակտի նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը` նշված խորհրդի կողմից կատարված փոփոխությունների կամ լրացումների հրապարակումից հետո` վեցամսյա ժամկետում:

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոդված 5. Հաշվապահական հաշվառումը

1. Հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման եւ ընդհանրացման համակարգ է` տնտեսական գործառնությունների համընդհանուր եւ անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով:

2. Կազմակերպությունները (ներառյալ` անվճարունակության կամ լուծարման գործընթացում գտնվողները) պարտավոր են վարել հաշվապահական հաշվառում:

3. Լիազոր մարմինն օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների, ինչպես նաեւ անվճարունակության կամ լուծարման գործընթացում գտնվող կազմակերպությունների համար կարող է սահմանել հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ:

Հոդված 6. Հաշվապահական հաշվառում վարելը համակարգչային ծրագրերով

Կազմակերպությունները, որոնց նախորդ տարվա համախառն եկամտի չափը, հաշվարկված «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, գերազանցում է մեկ միլիարդ դրամը, իսկ 2014 թվականի
հուլիսի 1-ից գերազանցում է 500 միլիոն դրամը, պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով:

Սույն հոդվածում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը եւ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի նկատմամբ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածով սահմանված ժամանակացույցը եւ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերին ներկայացվող պահանջները չեն վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, վճարահաշվարկային կազմակերպություններին, ներդրումային ընկերություններին, կարգավորվող շուկայի օպերատորին, կենտրոնական դեպոզիտարիային, ապահովագրական ընկերություններին, վերաապահովագրական ընկերություններին, ապահովագրական բրոքերներին, ներդրումային ֆոնդերին, ներդրումային ֆոնդերի կառավարիչներին, արժեթղթավորման հիմնադրամներին, որոնց մոտ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

Հոդված 7. Ֆինանսական հաշվետվությունները

Ֆինանսական հաշվետվությունները կազմակերպության ֆինանսական վիճակի եւ ֆինանսական արդյունքների համակարգված ներկայացումն են:

Գ Լ ՈՒ Խ  3

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

Հոդված 8. Կազմակերպության ղեկավարության իրավունքները եւ պարտականությունները հաշվապահական հաշվառման կազմակերպման գործում

1. Կազմակերպության ղեկավարությունը պարտավորություն է կրում հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում կազմակերպելու, ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու ու ներկայացնելու, իսկ սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքում նաեւ` հաշվապահական հաշվառում վարելու համար:

2. Սույն օրենքի իմաստով կազմակերպության ղեկավարություն է համարվում գործադիր մարմնի ղեկավարը, լուծարվող կազմակերպության անվճարունակության կառավարիչը, արտաքին կառավարիչը, անհատ լուծարողը, լուծարային հանձնաժողովի նախագահը (այսուհետ` կազմակերպության ղեկավար), ինչպես նաեւ այլ մարմիններ եւ (կամ) անձինք, եթե այդ մասին նախատեսված են իրավական այլ ակտերով եւ (կամ) կազմակերպության կանոնադրությամբ եւ (կամ) ներքին իրավական ակտերով:

3. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարվում է`

1) կառուցվածքային ստորաբաժանում համարվող հաշվապահական ծառայության միջոցով.

2) կազմակերպության աշխատողը համարվող հաշվապահի միջոցով.

3) հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ միջոցով.

4) կազմակերպության ղեկավարի կողմից` անձամբ:

4. Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը uահմանում է կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը, եթե այդ իրավասությունը կանոնադրությամբ վերապահված չէ կառավարման այլ մարմնին:

5. Հաշվապահական հաշվառման քաղաքականությունը որոշակի սկզբունքներ, հիմունքներ, եղանակներ, կանոններ, ձեւեր եւ արարողակարգեր են, որոնք կիրառվում են կազմակերպության կողմից ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու նպատակով:

Հոդված 9. Գլխավոր հաշվապահի իրավունքները եւ պարտականությունները

1. Կազմակերպությունում հաշվապահական հաշվառման ընդհանուր վարումը եւ ֆինանսական հաշվետվությունների կազմումն իրականացնում է հաշվապահական ծառայության ղեկավարը, իսկ հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով հաշվապահական հաշվառումը վարելու դեպքում` այդ կազմակերպության լիազորած անձը կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված այլ անձը (այսուհետ` գլխավոր հաշվապահ)` հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

2. Գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետվությունները ժամանակին պատրաստելու եւ ներկայացնելու համար:

3. Գլխավոր հաշվապահի պահանջների կատարումը` կապված հաշվապահական հաշվառման համար անհրաժեշտ տվյալների ու փաստաթղթերի ներկայացման հետ, պարտադիր է կազմակերպության բոլոր աշխատողների համար:

4. Առանձին ֆինանսատնտեսական գործառնությունների իրականացման հետ կապված` կազմակերպության ղեկավարի եւ գլխավոր հաշվապահի միջեւ տարաձայնությունների դեպքում գլխավոր հաշվապահը նախ գրավոր տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին անհամաձայնության մասին, այնուհետեւ կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ (հանձնարարությամբ) կատարման է ընդունում փաստաթղթերը եւ նման գործառնությունների իրականացման հետեւանքների պատասխանատվությունը կրում է կազմակերպության ղեկավարը:

Հոդված 10. Հաշվապահի որակավորում

1. Հաշվապահի որակավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին բավարարող` հաշվապահի որակավորում ստանալու համար լիազոր մարմնին կամ մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի մասնագիտական գիտելիքների ստուգման ընթացակարգ է, որի արդյունքների հիման վրա տրվում է հաշվապահի որակավորման վկայական (այսուհետ` վկայական):

Հաշվապահի որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Քննությունների ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Քննությունները կազմակերպվում եւ անցկացվում են լիազոր մարմնի եւ (կամ) մասնագիտացված կառույցի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում:

Որակավորված հաշվապահների ցանկը յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ մինչեւ տվյալ ամսվա 5-ը հրապարակվում է կառավարության լիազորած մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց:

2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահների որակավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

3. Սույն օրենքի իմաստով մասնագիտացված կառույց է համարվում հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության ոլորտներում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց անդամության հիման վրա օրենքով սահմանված կարգով ստեղծված կամ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված ինքնակարգավորվող ոչ պետական, ոչ առեւտրային կազմակերպությունը:

4. Խոշոր կազմակերպությունում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված կազմակերպությունների, գլխավոր հաշվապահ կարող է աշխատել սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հաշվապահի որակավորում ունեցող անձը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աուդիտորի որակավորում ունեցող անձը: Այն դեպքում, երբ խոշոր կազմակերպությունում հաշվապահական հաշվառումը վարվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, ապա վերջինիս կողմից գլխավոր հաշվապահի գործառույթներն իրականացնող լիազորված անձը եւս պետք է ունենա հաշվապահի կամ աուդիտորի որակավորում:

5. Բանկում, վարկային կազմակերպությունում, վճարահաշվարկային կազմակերպությունում, ներդրումային ընկերությունում, կարգավորվող շուկայի oպերատորի մոտ, կենտրոնական դեպոզիտարիայում, ապահովագրական ընկերությունում, վերաապահովագրական ընկերությունում, ներդրումային ֆոնդում կամ ներդրումային ֆոնդի կառավարչի մոտ գլխավոր հաշվապահ կարող է աշխատել սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հաշվապահի որակավորում ունեցող անձը:

6. Եթե կազմակերպությունը սույն օրենքի համաձայն համարվում է խոշոր, ապա այդ կազմակերպությունում աշխատող, սակայն հաշվապահի կամ աուդիտորի որակավորում չունեցող գլխավոր հաշվապահը`

1) սույն օրենքի 3-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին կետում նշված դեպքերում կարող է կազմակերպության խոշոր համարվելու օրվանից մեկ տարվա ընթացքում շարունակել կատարել գլխավոր հաշվապահի պարտականությունները.

2) սույն օրենքի 3-րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետում նշված դեպքերում կարող է մինչեւ կազմակերպության խոշոր համարվելու տարվա ավարտը շարունակել կատարել գլխավոր հաշվապահի պարտականությունները:

Հոդված 11. Հաշվապահական հաշվառման վարման հիմնական կանոնները

1. Հաշվապահական հաշվառումը վարվում է`

1) Հայաստանի Հանրապետության արժույթով` հայկական դրամով.

2) կրկնակի գրանցման եղանակով` հաշվապահական հաշվառման հաշվային պլանի հիման վրա.

3) անընդհատ` կազմակերպության պետական գրանցման պահից մինչեւ նրա գործունեության դադարեցման գրանցման համար ռեգիստրին դիմում ներկայացնելու օրը:

2. Իրավահաջորդությամբ գործունեության դադարեցման դեպքում վերակազմակերպվող կազմակերպության իրավահաջորդը (իրավահաջորդները) շարունակում է (նոր ստեղծվողները` սկսում են) իր հաշվապահական հաշվառման վարումը` որպես անցման ելակետ ընդունելով բաժանիչ հաշվեկշռի կամ  փոխանցման ակտի տվյալները եւ մինչեւ վերակազմակերպման գրանցման օրվան նախորդող օրը վերակազմակերպվող կազմակերպության կատարած գործառնությունները եւ նրան վերաբերող տեղի ունեցած դեպքերը:

3. Անալիտիկ (վերլուծական) հաշվառման եւ սինթետիկ (ընդհանրացված) հաշվառման տվյալները պետք է համապատասխանեն միմյանց:

Հոդված 12. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը

1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի եւ իրադարձությունների տեղի ունենալը:

2. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետեւյալ պարտադիր վավերապայմանները.

1) փաստաթղթի անվանումը.

2) հերթական համարը.

3) կազմելու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

4) գործառնության մասնակիցների անվանումը (անունները, ազգանունները).

5) տնտեսական գործառնության բովանդակությունը.

6) տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական եւ (կամ) բնաիրային արտահայտությամբ.

7) պատասխանատու անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը եւ ստորագրությունը:

3. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից եւ տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմաններ կարող են սահմանել լիազոր մարմինը եւ (կամ) կազմակերպությունը:

4. Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո:

Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին եւ ամբողջական ձեւակերպելու, հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու նպատակով սահմանված կարգով եւ ժամկետներում դրանք փոխանցելու պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող եւ ստորագրող անձինք:

5. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում սխալի ուղղումը համաձայնեցվում է տնտեսական գործառնության մասնակիցների հետ եւ հաստատվում տվյալ փաստաթուղթն ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրություններով` նշելով ուղղման տարին, ամիսը եւ ամսաթիվը: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր կազմակերպություն իր ներքին իրավական ակտերով կարող է սահմանել սխալի ուղղման ընթացակարգը:

6. Լիազոր մարմինը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի օրինակելի ձեւեր: Կազմակերպությունը կարող է օգտագործել այդ ձեւերը, կամ` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, դրանք սահմանել ինքնուրույն:

7. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա սկզբնական հաշվառման փաստաթղթերի ձեւեր:

Հոդված 13. Հաշվապահական հաշվառման գրանցամատյանները

1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում եւ համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում (այսուհետ` գրանցամատյաններ):

2. Գործառնությունները, այլ դեպքերը եւ իրադարձությունները գրանցամատյաններում գրանցվում են ժամանակագրական կարգով:

3. Լիազոր մարմինը կարող է սահմանել գրանցամատյանների օրինակելի ձեւեր, որոնցից կազմակերպությունն ինքնուրույն ընտրում է իր կողմից կիրառելի ձեւը, կամ, ելնելով սույն օրենքից եւ հաշվապահական հաշվառման ընդհանուր մեթոդաբանական սկզբունքներից, ինքնուրույն սահմանում է գրանցամատյանների ձեւերը:

4. Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով կարող են սահմանվել պարտադիր կիրառման ենթակա գրանցամատյանների ձեւեր եւ դրանց լրացման հրահանգներ:

Հոդված 14. Ստորագրության իրավունքը հաշվապահական հաշվառման փաստաթղթերում

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերն ստորագրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է կազմակերպության ղեկավարությունը, ընդ որում, կարող է սահմանվել ստորագրության իրավունքի պաշտոնակարգություն` կախված տվյալ անձի զբաղեցրած պաշտոնից, իրականացված գործառնության ոլորտից, գործարքի էությունից եւ գործարքի դրամական արժեքի մեծությունից:

Հոդված 15. Ակտիվների եւ պարտավորությունների գույքագրումը

1. Տարեկան ֆինանսական հաշվետվությունները պատրաստելուց առաջ կազմակերպությունը պարտադիր անցկացնում է ակտիվների եւ պարտավորությունների գույքագրում: Պարտադիր գույքագրման անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքից, գույքագրման օբյեկտների կազմը եւ գույքագրման անցկացման կարգը որոշում է կազմակերպության ղեկավարը:

3. Գույքագրմամբ հայտնաբերված` պատկանելությունը չպարզված գույքի ճակատագիրը որոշվում է տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման քաղաքացիաիրավական կանոններով:

Հոդված 16. Հաշվապահական տեղեկատվության գաղտնիությունը

1. Սկզբնական հաշվառման փաստաթղթերում, գրանցամատյաններում եւ ներքին օգտագործման համար պատրաստված հաշվետվություններում պարունակվող տեղեկատվությունը համարվում է առեւտրային գաղտնիք, որին կարելի է ծանոթանալ օրենքով կամ կազմակերպության հիմնադիր փաստաթղթերով, ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում եւ կարգով:

2. Առեւտրային գաղտնիք համարվող տեղեկատվությանը ծանոթացած անձինք եւ կազմակերպությունները պարտավոր են պահպանել դրա գաղտնիությունը: Վերջինիս հրապարակման կամ որեւէ այլ կերպ բացահայտման դեպքում նրանք կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Առեւտրային գաղտնիքի հրապարակում կամ բացահայտում չի համարվում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում դրա տրամադրումը:

3. Ֆինանսական հաշվետվությւններում արտացոլված տեղեկատվությունը առեւտրային գաղտնիք չի համարվում:

Հոդված 17. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը

1. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերում եւ էլեկտրոնային կրիչների վրա գտնվող տեղեկատվությունը` սկզբնական հաշվառման փաստաթղթերը, գրանցամատյանները, ֆինանսական հաշվետվությունները, հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերը կազմակերպության կողմից պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում, բայց ոչ պակաս, քան 5 տարի:

2. Լիազոր մարմինը հաշվապահական հաշվառման վարման համակարգչային ծրագրերի նկատմամբ կարող է սահմանել տեխնիկական պահանջներ:

3. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի առգրավումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունն իրավունք ունի առգրավման ենթակա փաստաթղթերը կրկնօրինակել եւ պահել իր մոտ:

4. Հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը կազմակերպելու պարտականությունը կրում է կազմակերպության ղեկավարը: Կազմակերպության ղեկավարը  նշված գործառույթն իրականացնում է կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:

Գ Լ ՈՒ Խ  4

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 18. Ֆինանսական հաշվետվությունների կազմը

1. Խոշոր կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը ներառում է`

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ.

բ. շահույթի կամ վնասի եւ այլ համապարփակ ֆինանսական արդյունքի մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար.

գ. սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար.

դ. դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար.

ե. ծանոթագրություններ, որոնք բաղկացած են հաշվապահական հաշվառման քաղաքականության նշանակալի մասերի վերաբերյալ համառոտագրից եւ այլ բացատրական տեղեկատվությունից:

2. Փոքր եւ միջին կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանված է ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ով:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասում սահմանված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների կազմը սահմանվում է հաշվապահական հաշվառման պարզեցված կարգով:

4. Եթե ֆինանuական հաշվետվություններն oրենքով սահմանված դեպքերում ենթակա են աուդիտի (պարտադիր աուդիտ), ապա ներկայացվող ֆինանuական հաշվետվություններին կից պետք է ներկայացվի աուդիտորական եզրակացություն:

Հոդված 19. Ֆինանսական հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջները

1. Բոլոր կազմակերպություններն անալիտիկ եւ uինթետիկ հաշվառման տվյալների հիման վրա պարտավոր են կազմել ֆինանuական հաշվետվություններ:

2. Ֆինանuական հաշվետվություններում տեղեկատվության ներկայացման վերաբերյալ պահանջները uահմանվում են`

1) խոշոր կազմակերպությունների համար` ամբողջական ՖՀՄՍ-ներում.

2)  փոքր եւ միջին կազմակերպությունների համար` ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ում.

3) սույն օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասում սահմանված կազմակերպությունների համար` հաշվապահական հաշվառման պարզեցված կարգում:

3. Ֆինանuական հաշվետվություններն uտորագրում են կազմակերպության ղեկավարը եւ գլխավոր հաշվապահը: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքում ֆինանuական հաշվետվությունները կարող է uտորագրել միայն կազմակերպության ղեկավարը:

4. Կազմակերպության վերակազմակերպման դեպքում կազմվող բաժանիչ հաշվեկշիռը կամ փոխանցման ակտը կազմվում են ֆինանսական հաշվետվությունների կազմման համար սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով լիազոր մարմնի սահմանած առանձնահատկությունները:

5. Լուծարման գործընթացում գտնվող կազմակերպության հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների կազմման առանձնահատկությունները սահմանում է լիազոր մարմինը` ելնելով կազմակերպության գործունեության անընդհատության սկզբունքի բացակայությունից:

Հոդված 20. Հաշվետու ժամանակաշրջանը

1. Հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարին եւ միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը:

2. Հաշվետու տարին տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանն է: Նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի է համարվում դրանց պետական գրանցման օրվանից մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Հաշվետու տարվա համար պարտադիր կազմվում են տարեկան ֆինանսական հաշվետվություններ: Օրացույցային տարվա ընթացքում գործունեությունը առանց իրավահաջորդության դադարեցրած կազմակերպության համար վերջին հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչեւ գործունեության դադարեցման նպատակով համապատասխան դիմումը ռեգիստր մուտք լինելու օրը ընկած ժամանակահատվածը:

3. Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանը հաշվետու տարուց փոքր ժամանակաշրջան է: Միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի համար միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ կազմվում են օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում կամ կազմակերպությունների հայեցողությամբ:

Հոդված 21. Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը

1. Կազմակերպությունները ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են`

1) մասնակիցներին (բաժնետերերին, փայատերերին)` օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ ներքին կանոնակարգերի համաձայն.

2) պետական ու տեղական ինքնակառավարման  մարմիններին եւ օրենքով սահմանված դեպքերում այլ անձանց` օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում.

3) վարկատուներին, փոխատուներին, կազմակերպության մասնակցությամբ տնտեսական գործունեության մյուս կողմերին` կամավորության հիմունքներով մինչեւ գործարքի կնքումը կամ կնքված գործարքի շրջանակներում.

4) հանրությանը` օրենքով սահմանված դեպքերում հրապարակելու տեսքով:

2. Հաշվետվությունները փոuտի միջոցով ներկայացնելու oր է համարվում փոuտային բաժանմունքի ընդունման oրվա oրացուցային կնիքի արտատիպը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` հաշվետվության ստացումը եւ գրանցումը հավաստող համապատասխան ծանուցման հիման վրա հաշվետվության ներկայացման օրը:

Հոդված 22. Ֆինանսական հաշվետվությունների հրապարակայնությունը

1. Խոշոր կազմակերպությունները, ինչպես նաեւ ստորեւ նշված ցուցանիշներից առնվազն մեկին բավարարող փոքր եւ միջին կազմակերպությունները պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել, եթե`

1) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանuական  հաշվետվությունները) գործունեությունից հասույթը գերազանցում է մեկ միլիարդ  դրամը.

2) հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանuական հաշվետվությունները) վերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը  գերազանցում է մեկ միլիարդ դրամը.

3) այլ օրենքով սահմանված է ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պահանջ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները չեն տարածվում հասարարակական կազմակերպությունների ու հիմնադրամների վրա:

3. Կազմակերպությունները, որոնց տարեկան ֆինանսական հաշվետվությունները ենթակա են հրապարակման, պարտավոր են դրանք հրապարակել մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 30-ը, իսկ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները հրապարակելու պահանջ սահմանված լինելու դեպքում` միջանկյալ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

4. Բանկերն իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», վարկային կազմակերպությունները` «Վարկային կազմակերպությունների մասին», գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունները` «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», վճարահաշվարկային կազմակերպությունները` «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին», ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայում հաշվետու թողարկողները, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան` «Արժեթղթերի շուկայի մասին», ապահովագրական ընկերությունները, վերաապահովագրական ընկերությունները, ապահովագրական բրոքերները` «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին», ներդրումային ֆոնդերը, ներդրումային ֆոնդերի կառավարիչները` «Ներդրումային ֆոնդերի մասին», արժեթղթավորման հիմնադրամները` «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով եւ ժամկետներում:

5. Ֆինանuական հաշվետվությունները կարող են հրապարակվել միայն աուդիտի ենթարկվելուց հետո` աուդիտորական եզրակացության հետ, բացառությամբ սնանկության վարույթում գտնվող կազմակերպությունների: Առանց աուդիտորական եզրակացության հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են չհրապարակված: Կազմակերպությունը ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Գ Լ ՈՒ Խ  5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 23. Պատասխանատվությունը հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար

Կազմակերպության ղեկավարը եւ հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի պահանջները խախտելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 24. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասը ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

3. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հաշվապահական հաշվառման մաuին» Հայաuտանի  Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքը:

4. Uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամասյա ժամկետում «Հաշվապահական հաշվառման մաuին» Հայաuտանի  Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-515-Ն oրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը պետք է համապատասխանեցվեն սույն օրենքի դրույթներին:

5. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: