Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-43218-23.01.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասում «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողին» բառերից հետո լրացնել «քննչական դեպարտամենտում պետական ծառայողին» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ գլխի վերանգրում «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,» բառերից հետո լրացնել «ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ,» բառերը:

Հոդված 3. Օրենքում լրացնել 15.1-րդ հոդված` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 15.1.Քննչական կոմիտեի ծառայողի վարձատրությունը

1. Քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի N1 հավելվածով, իսկ քննչական կոմիտեի այլ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` սույն օրենքի N 2 հավելվածով։

2. Քննչական կոմիտեի ծառայողին վճարվում է հավելավճար՝ դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով:

3. Քննչական կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։

4. Քննչական կոմիտեի  ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:

5. Սույն օրենքի 18-րդ, 19-րդ, 20-րդ հոդվածներով, 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում քննչական կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:»:

Հոդված 4. Օրենքով հաստատված «Բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական եվ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները» հավելված 1-ում`

1) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ 11,00» տողից հետո լրացնել նոր տող` հետեւյալ բովանդակությամբ.  

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ 11,00

2) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղալ 8,50» տողից հետո լրացնել նոր տող` հետեւյալ բովանդակությամբ.
 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ  8,50

Հոդված 5 . Օրենքով հաստատված հավելված 2-ի՝

1) վերնագրում  «հատուկ քննչական ծառայողների,» բառերից հետո լրացնել «քննչական կոմիտեի ծառայողների,» բառերը.

2) «ՀՀ հատուկ քննչական ծառայություն» բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

ՀՀ հատուկ քննչական ծառայություն  

ՀՔԾ վարչության պետ  8.00
ՀՔԾ պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ 7.50
ՀՔԾ վարչության պետի տեղակալ 7.50
ՀԿԳ ավագ քննիչ 7.00
ՀԿԳ քննիչ 6.00

3) «ՀՀ հատուկ քննչական ծառայություն» բաժնից հետո լրացնել նոր բաժին` հետեւյալ բովանդակությամբ.

ՀՀ քննչական կոմիտե
քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետ, զինվորական քննչական վարչության պետ, Երեւան քաղաքի քննչական վարչության պետ  8.25
քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության պետ, կենտրոնական մարմնի գլխավոր վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական վարչության պետի տեղակալ, Երեւան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ, մարզային վարչության պետ, քննչական կոմիտեի նախագահին առընթեր հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, քննչական կոմիտեի նախագահի օգնական 8.00
 քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետ, կենտրոնական մարմնի վարչության պետի տեղակալ, զինվորական քննչական վարչության բաժնի պետ, Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետ, մարզային վարչության պետի տեղակալ, գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ 7.75
քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի պետի տեղակալ, զինվորական քննչական վարչության բաժնի պետի տեղակալ, Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի պետի տեղակալ, մարզային վարչության քննչական բաժնի (բաժանմունքի) պետ, կայազորային քննչական բաժնի (բաժանմունքի) պետ, գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, կենտրոնական մարմնի վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, զինվորական քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, Երեւան քաղաքի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, մարզային վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ  7.50
քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության ավագ քննիչ  7.25
քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության ավագ քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի ավագ քննիչ, զինվորական քննչական վարչության ավագ քննիչ, Երեւան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ, մարզային վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ, մարզային վարչության բաժնի պետի տեղակալ, կայազորային քննչական բաժնի (բաժանմունքի) պետի տեղակալ  7.00
քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի վարչության քննիչ, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի բաժնի քննիչ, զինվորական քննչական վարչության քննիչ, Երեւան քաղաքի քննչական վարչության քննիչ, զինվորական քննչական վարչության բաժնի ավագ քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի ավագ քննիչ, մարզային վարչության ավագ քննիչ  6.75
զինվորական քննչական վարչության բաժնի քննիչ, Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի քննիչ, մարզային վարչության քննիչ  6.50
մարզային վարչության բաժնի ավագ քննիչ, կայազորային քննչական բաժնի (բաժանմունքի) ավագ քննիչ  6.25
մարզային վարչության բաժնի քննիչ, կայազորային քննչական բաժնի (բաժանմունքի) քննիչ  6.00

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին»,  «Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Հայաստանի  Հանրապետության  քրեական  օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացում  կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ եւ փոփոխություններ  կատարելու մասին», «Հայաստանի  Հանրապետության  քրեական  դատավարության օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանությունում ծառայության  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային  ծառայության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ  կատարելու  մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում  լրացումներ  կատարելու  մասին», «Կուսակցությունների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին», «Պետական կառավարչական հիմնարկների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու  մասին», «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու  մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: ՀՀ Նախագահի 2013թ. սեպտեմբերի 24-ի ՆԿ-159-Ա կարգադրությամբ սահմանվել է, որ այս նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա անհրաժեշտ է կազմավորել  միասնական քննչական մարմին:

Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները: Տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման եւ գործունեության միասնական սկզբունքներ եւ աշխատաոճ: Շատ դեպքերում միեւնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ, որի հետեւանքով խաթարվում է օրենքի առջեւ հավասարության սկզբունքը: Բացի այդ, գործադիր իշխանության մարմինների համակարգում քննչական մարմինների գործունեության հետեւանքով էապես սահմանափակվում է նախաքննության մարմինների դատավարական ինքնուրույնությունը, մի շարք դատավարական հարցերի լուծումն իրականացվում է վարչաիրավական հարաբերություններին հատուկ կառուցակարգերով, ինչն ինքնին հակասում է քննիչի դատավարական գործառույթների բնույթին: Գործադիր իշխանության մարմնի կազմում քննչական մարմինը գործում է տվյալ գործադիր իշխանության մարմնի նյութատեխնիկական բազայի հիման  վրա, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում քննչական մարմինների անկախության վրա:

Նախաքննության մարմնի դատավարական ինքնուրույնության սահմանափակման եւ նյութատեխնիկական անկախության բացակայության պայմաններում, էապես նվազում է գործադիր իշխանության համապատասխան մարմինների համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը:

Տարբեր քննչական մարմինների առկայության պարագայում էապես տարբերվում են նաեւ քննիչների նյութական եւ սոցիալական ապահովվածության երաշխիքները: Տարբեր գերատեսչություններում գործում են քննիչների տարբեր աշխատավարձի չափերը, սոցիալական ապահովության տարբերվող երաշխիքները: Մինչդեռ, սոցիալական արդարությունը պահանջում է միասնականացնել նույնաբնույթ աշխատանք կատարող քննիչիների աշխատավարձը եւ սոցիալական երաշխիքները:

 Կարգավորման նպատակը եւ բնույթը

 Կարգավորման նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին:

Այդ նպատակով առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի  մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքների նախագծերը եւ դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարել մի շարք այլ օրենքներում:

 Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի քննչական կոմիտե, կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը, կերաշխավորվի քննչական մարմինների անկախությունը եւ դատավարական ինքնուրույնությունը, քննիչների կարգավիճակի միասնականությունը, նախաքննության առավել արդյունավետ իրականացումը: