Armenian ARMSCII Armenian
Կ-2001-15.03.2022-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) թանկարժեք մետաղներ՝ ոսկի, արծաթ, պլատին եւ պլատինե խմբի մետաղներ (պալադիում, իրիդիում, ռոդիում, ռուտենիում եւ օսմիում), որոնք կարող են գտնվել ցանկացած վիճակում, տեսքով (այդ թվում՝ բնակտորային եւ զտարկված տեսքով), ինչպես նաեւ հումքի, ձուլվածքների, կիսաֆաբրիկատների, արդյունաբերական արտադրանքի, քիմիական միացությունների, արտադրանքի (իրերի), այդ թվում՝ ոսկերչական եւ այլ իրերի, մետաղադրամների, ջարդոնների եւ թափոնների տեսքով.

2) թանկարժեք քարեր՝ բնական ադամանդ, զմրուխտ, սուտակ, շափյուղա եւ ալեքսանդրիտ, ինչպես նաեւ բնական մարգարիտ՝ անմշակ (բնական) եւ մշակված տեսքով, բացառիկ սաթե գոյացություն: Թանկարժեք քարերի բնութագրերով (հատկություններով) արհեստական ծագման նյութերը չեն կարող դասակարգվել որպես թանկարժեք քարեր.

3) թանկարժեք մետաղներից պատրաստված իր՝ թանկարժեք մետաղներից եւ դրանց համաձուլվածքներից պատրաստված իրեր, որոնք ունեն ոսկերչական եւ այլ իրերի հարգորոշման, հետազոտման եւ հարգադրոշմման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պահանջներով սահմանված նվազագույն հարգից ոչ պակաս հարգ, այդ թվում՝ թանկարժեք քարերից, բնական կամ արհեստական ծագման կամ առանց դրանց այլ նյութերից, բացառությամբ էմիսիա անցած (այդ թվում՝ շրջանառությունից հանված) մետաղադրամների, ինչպես նաեւ պետական պարգեւների, ներդիրներով տարբեր տեսակի դեկորատիվ մշակման օգտագործմամբ պատրաստված իրերի կամ իրերի՝ պատրաստված թանկարժեք մետաղներից եւ (կամ) թանկարժեք քարերից՝ տարբեր տեսակի դեկորատիվ մշակման օգտագործմամբ բնական կամ արհեստական ծագման նյութերից ներդիրներով.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրի արտադրություն՝ թանկարժեք մետաղներից պատրաստվող իրի արտադրական գործընթաց.

5) թանկարժեք մետաղների զտարկում՝ արդյունահանված թանկարժեք մետաղների մաքրման գործընթացը խառնուրդներից եւ հարակից քիմիական տարրերից՝ թանկարժեք մետաղների պարունակությունը հասցնելով այն հատկանիշներին, որոնք համապատասխանում են միջպետական ստանդարտների պահանջներին եւ (կամ) Հայաստանի Հանրապետության պետական (ազգային) ստանդարտներին եւ (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական պայմաններին եւ (կամ) որակի միջազգային չափանիշներին՝ ընդունված Լոնդոնի Թանկարժեք մետաղների ասոցիացիայի (LBMA) եւ Լոնդոնի պլատինի եւ պալադիումի շուկայի (LPPM) մասնակիցների կողմից.

6) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք՝ վաճառողի կողմից հրապարակային պայմանագրի կանոններին համապատասխան՝ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառք.

7) բանկային ոսկի՝ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ոսկի.

8) ստանդարտացված ձուլակտոր՝ ցանկացած չափի եւ սույն օրենքով նախատեսված հարգերին համապատասխանող թանկարժեք մետաղից պատրաստված ձուլակտոր, որն արտադրվել է զտարկող կազմակերպությունում.

9) հարգ՝ քիմիապես մաքուր թանկարժեք մետաղի զանգվածային խմբաքանակների քանակական պարունակությունը թանկարժեք մետաղի համաձուլվածքի մեկ հազար կշռային միավորի մեջ.

10) հարգորոշում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մեջ թանկարժեք մետաղների ձուլվածքի հարգի որոշում կամ հաստատում.

11) հարգադրոշմ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նմուշի նշան, որը դրվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա, եւ որը հավաստում է այդ իրերի մեջ պարունակվող թանկարժեք մետաղի հարգը.

12) հարգադրոշմում՝ ոսկերչական եւ այլ իրերի վրա հարգի դրոշմում.

13) տարբերանիշ՝ դրոշմ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը հարգորոշողին եւ (կամ) հարգադրոշմողին.

14) անվանանիշ՝ արտադրողի նշան, որի դրոշմվածքը դրվում է պատրաստված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա.

15) տրոյական ունցիա՝ թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր, որը հավասար է 31.1034807 գրամի.

16) զտարկող կազմակերպություն՝ օրենքին համապատասխան՝ թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրություն իրականացնող կազմակերպություն.

17) թանկարժեք մետաղների դիլեր՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված առուվաճառք իրականացնող անհատ ձեռնարկատեր եւ իրավաբանական անձ, այդ թվում՝ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք իրականացնող անձ.

18) թանկարժեք մետաղների ջարդոն՝ արտադրանք (իրեր) թանկարժեք մետաղներից եւ դրանց ձուլվածքներից, դրա մասեր, որոնք դարձել են անպիտան կամ կորցրել են իրենց սպառողական հատկանիշները եւ (կամ) գործառնական նշանակությունը, չվերականգնվող խոտան, որն առաջացել է այդպիսի արտադրանքի (իրերի) արտադրության ընթացքում, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներ պարունակող հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների մնացորդներ, որոնք առաջացել են արտադրության եւ կամ օգտագործման ընթացքում, եւ որոնք հիմնականում օգտագործվել են թանկարժեք մետաղներ արդյունահանելու համար:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, գործունեության պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ, ինչպես նաեւ թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ իրականացվող հսկողության (տեսչական վերահսկողության) շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված տեսչական մարմինը կարող է իրականացնել նմուշառում եւ լաբորատոր փորձաքննություն, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հարգորոշումը եւ հարգադրոշմումը, ինչպես նաեւ այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները

1. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ Հայաստանի Հանրապետությունում հարգորոշումը եւ հարգադրոշմումը եւ դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաեւ պետական եւ համայնքային հիմնարկները, որոնք օրենքով սահմանված կարգով ներկայացրել են ծանուցում, եւ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով չի մերժվել:

2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի՝ Հայաստանի Հանրապետությունում հարգորոշումը եւ հարգադրոշմումը եւ դրանց հետ կապված գործողություններ կատարելն արգելվում են այն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ պետական եւ համայնքային հիմնարկներին, որոնք միաժամանակ իրականացնում են հարգորոշման եւ հարգադրոշմման ենթակա ապրանքների արտադրություն կամ ներմուծում:

3. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման հետ կապված գործողություններ են նաեւ՝

1) հակազդուկների պատրաստումը.

2) ստուգիչ տարրալուծումները.

3) քիմիական տարրալուծումները:

4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը պետք է հարգորոշվեն, հարգադրոշմվեն, ունենան տարբերանիշ եւ անվանանիշ, համապատասխանեն այն հարգերին, որոնք սահմանված են թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման պահանջներով:

5. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման եւ հարգադրոշմման պահանջները հաստատում է կառավարությունը:

6. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնց հարգադրոշմը ցածր է համապատասխան թանկարժեք մետաղի համար սահմանված նվազագույն հարգադրոշմից, ինչպես նաեւ այն իրերը, որոնք պատրաստված են ոչ թանկարժեք մետաղների կիրառմամբ, ենթակա չեն հարգադրոշմման եւ իրացման որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր: Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն կառավարության հաստատած պահանջներով՝ թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման եւ չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:

7. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման հանդեպ պահանջներով կարող են նախատեսված լինել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի պատրաստման ժամանակ ոչ թանկարժեք մետաղների կիրառման դեպքեր:

8. Արգելվում է հարգադրոշմել ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված եւ թանկարժեք մետաղներով պատված իրերը:

9. Թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի հարգով:

10. Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ եւ անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը:

11. Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն՝

1) պետական մրցանակները, մետաղադրամները, թանկարժեք մետաղներից պատրաստված կենցաղային արտադրանքի մնացորդները, որոնք ներկայացված են տարբեր ձեւերով.

2) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գրիչների թանկարժեք մետաղներից փետուրները.

3) մակագրի համար նախատեսված թանկարժեք մետաղներից թիթեղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված գրքերի, ալբոմների, թղթապանակների եւ նմանատիպ իրերի կազմերը.

4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ունեն պատմական կամ հնագիտական նշանակություն, հայրենական եւ օտարերկրյա արտադրության թանկարժեք մետաղներից զտարկված ձուլակտորները (այդ թվում՝ բանկային ոսկին եւ ստանդարտացված ձուլակտորը), թանկարժեք մետաղների բնակտորները, թերթավոր ոսկին, թերթավոր արծաթը, մանր նախշերը եւ մանր զարդերը, որոնք պատրաստված են իրերի վրա պլատինից, ոսկուց, պալադիումից եւ (կամ) արծաթից դրվագազարդման միջոցով, սարքերը, լաբորատոր տարաները եւ թանկարժեք մետաղից պատրաստված, գիտական, արտադրական ու բժշկական նպատակների համար նախատեսված այլ իրեր.

5) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանական դրոշմի դրոշմվածք եւ հարգորոշիչ դրոշմ.

6) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, որոնց հանդեպ գործում են միջազգային պայմանագրեր, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետության հարգադրոշմի փոխադարձ ճանաչում, եւ ունեն այդ պետության անվանական դրոշմի դրոշմվածք եւ հարգորոշիչ դրոշմ:

12. Հարգադրոշմների, տարբերանիշերի եւ անվանանիշերի ձեւերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաեւ դրանց պատրաստման, հաշվառման եւ տնօրինման կարգը հաստատում է կառավարությունը:

13. Հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են՝

1) պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները եւ գործունեության պայմանները.

2) ունենալ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնում գրանցված տարբերանիշ:

14. Հարգորոշմամբ եւ հարգադրոշմմամբ զբաղվող անձինք, ինչպես նաեւ պետական եւ համայնքային հիմնարկների աշխատակիցները պետք է ունենան համապատասխան որակավորում:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքը իրականացվում է միայն դրանց վրա օրենքով սահմանված կարգով հարգադրոշմի եւ տարբերանիշի առկայության դեպքում, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված իրերի, իսկ երեսակված թանկարժեք քարերի վաճառքը (իրացումը) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ֆիզիկական անձանց իրականացվում է յուրաքանչյուր թանկարժեք քարի կամ միասնական փաթեթում ներառված 2 եւ ավելի երեսակված թանկարժեք քարերի խմբաքանակի սերտիֆիկատի (վկայականի) առկայության դեպքում: Սերտիֆիկատի (վկայականի) տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը «ժամանակ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման,» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 11-րդ մասի 6-րդ կետով նախատեսված իրերը, որոնք ներմուծվել են Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, վաճառքի նպատակով Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածք տեղափոխելիս ենթակա են դրոշմավորման Հայաստանի Հանրապետության հարգադրոշմով:»:

Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 3

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑԵԼԸ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԸ»:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.

«Հոդված 11.1. Թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող անձանց ռեեստրը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառություն իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման նպատակով վարվում է ռեեստր:

2. Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի շրջանառություն, պետք է հաշվառվեն ռեեստրում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ռեեստրի վարումն իրականացնում է կառավարության լիազոր մարմինը՝ իր հաստատած ռեեստրի վարման եւ հաշվառման կարգին համապատասխան:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: