Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-431-22.01.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 200-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «աուդիտորին» բառից հետո լրացնել «, փորձագետին, բժիշկին» բառերով,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,

2) ապահովագրական պատահարի հանգամանքների կամ վնասի չափի վերաբերյալ ակնհայտ սխալ եզրակացություն կամ հաշվետվություն տրամադրելու նպատակով,

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»,

3) 3-րդ մասը «աուդիտորի» բառից հետո լրացնել «, փորձագետի, բժիշկի» բառերով:

4) լրացնել 7-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«7. Սույն հոդվածի, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 204.1-րդ, 204.4-րդ եւ 204.5-րդ հոդվածների իմաստով՝ ապահովագրական պատահար է համարվում նաեւ այն դեպքը, որի տեղի ունենալու ուժով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Բյուրոն (այսուհետ` Բյուրո) պարտավորվում է տուժողին վճարել հատուցում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 203-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Կեղծ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր իրացնելը կամ օգտագործելը կամ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր հափշտակելը»,

2) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Իրացնելու կամ օգտագործման նպատակով կեղծ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր պատրաստելը` ներառյալ հետին թվով ապահովագրության պայմանագիր կնքելը, ակնհայտ կեղծ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր իրացնելը կամ օգտագործելը կամ վճարային փաստաթղթեր կամ ապահովագրական վկայագրեր հափշտակելը՝»,

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Սույն հոդվածի, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 204.2-204.5-րդ հոդվածների իմաստով` խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով գումարը կամ արժեքը, ինչպես նաեւ հարյուրից հինգ հարյուր վճարային փաստաթուղթը, ապահովագրական վկայագիրը:»,

4) լրացնել 5-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«5. Սույն հոդվածի, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 204.2-204.5-րդ եւ 325-րդ հոդվածների իմաստով` առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը կամ արժեքը, ինչպես նաեւ ավելի քան հինգ հարյուր վճարային փաստաթուղթը կամ ապահովագրական վկայագիրը:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել 204.1-րդ, 204.2-րդ, 204.3-րդ, 204.4-րդ եւ 204.5-րդ հոդվածներով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 204.1. Ապահովագրության բնագավառում ակնհայտ սխալ եզրակացություն կամ հաշվետվություն տրամադրելը

1. Փորձագետի, վերանորոգող կազմակերպության ղեկավարի կամ աշխատակցի, բժիշկի կամ այլ մասնագետի, ինչպես նաեւ ապահովագրական կազմակերպության՝ ապահովագրական հատուցման գործընթացին ներգրավված աշխատակցի կողմից ապահովագրական ռիսկի վրա ազդող հանգամանքների, ապահովագրական պատահարի հանգամանքների կամ վնասի չափի վերաբերյալ ակնհայտ սխալ եզրակացություն կամ հաշվետվություն տրամադրելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝

1) զուգորդվել է արհեuտական ապացույցներ uտեղծելով,

2) կատարվել է շահադիտական դրդումներով,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:

3. Uույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մաuով նախատեսված արարքների համար անձը ենթակա չէ քրեական պատաuխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ ապահովագրական հատուցման մասին որոշման վրա, կամ նախքան ապահովագրական հատուցման մասին որոշման կայացումը նա կամովին հայտնել է իր տված սխալ եզրակացության կամ հաշվետվության մաuին, եւ եթե նրա արարքը այլ հանցակազմ չի պարունակում:

4. Սույն հոդվածի, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 204.2-րդ, 204.4-րդ, 204.5-րդ եւ 325-րդ հոդվածների իմաստով՝ ապահովագրական հատուցում է համարվում նաեւ Բյուրոյի կողմից վճարվող (վճարման ենթակա) հատուցումը:

Հոդված 204.2. Առանց համապատասխան որակավորման փորձագիտական եզրակացություն կամ հաշվետվություն տրամադրելը կամ այդպիսի եզրակացությունը կամ հաշվետվությունը որպես հիմք ընդունելը

1. Օրենքով կամ իրավական այլ ակտով պահանջվող որակավորում, լիցենզիա, թույլտվություն, արտոնագիր, գրանցում եւ (կամ) հաշվառում չունեցող անձի կողմից ապահովագրական հատուցման մասին որոշում կայացնելու համար փորձագիտական եզրակացություն կամ հաշվետվություն տրամադրելը կամ այդպիսի եզրակացությունը կամ հաշվետվությունը ապահովագրական հատուցման գործընթացում որպես հիմք ընդունելը այնպիսի անձի կողմից, ով գիտեր կամ պարտավոր էր ու կարող էր իմանալ, որ փորձագիտական եզրակացությունը կամ հաշվետվությունը տվել է այդպիսի իրավունք չունեցող անձը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաu պատճառելով,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապեu խոշոր չափի վնաu պատճառելով,

2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հոդված 204.3. Ապահովագրական գործակալ չհանդիսացող անձի կողմից ապահովագրավճարներ ներգրավելը

1. Օրենքով կամ իրավական այլ ակտով պահանջվող որակավորում, լիցենզիա, արտոնագիր, գրանցում եւ (կամ) հաշվառում չունեցող կամ համապատասխան ապահովագրական ընկերության հետ կնքված եւ գործող գործակալության պայմանագիր չունեցող անձի կողմից որպես ապահովագրական գործակալ ապահովագրավճարներ ներգրավելը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաu պատճառելով,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`

1) զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապեu խոշոր չափի վնաu պատճառելով,

2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Հոդված 204.4. Ապահովագրության բնագավառում տեղեկատվության կեղծումը

1. Ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի կողմից կամ նրանց համար երրորդ անձանց կողմից ապահովագրավճարի չափի նվազեցման կամ ապահովագրական հատուցում ստանալու կամ վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը մեծացնելու կամ պարտադիր ապահովագրության բացակայության ժամանակահատվածի համար նախատեսված վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով ապահովագրական ընկերությանը կամ Բյուրոյին կամ նրանց ներկայացուցչին ակնհայտ կեղծ տեղեկատվություն ներկայացնելը` ներառյալ այդ նպատակով ապահովագրական պատահարի մասնակից կամ դրան չմասնակցած երրորդ անձանց հետ ապահովագրական պատահարի հանգամանքների կամ հետեւանքների ներկայացման վերաբերյալ չարամիտ համաձայնության գալը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով ապահովագրավճարի չափը նվազեցնելու կամ ապահովագրական հատուցում ստանալու կամ վճարման ենթակա հատուցման չափը խոշոր չափերով մեծացնելու նպատակով,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով ապահովագրավճարի չափը նվազեցնելու կամ ապահովագրական հատուցում ստանալու կամ վճարման ենթակա հատուցման չափը առանձնապես խոշոր չափերով մեծացնելու նպատակով,

3) կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ նման բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով նման համաձայնությունը ձեռք է բերելով`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 204.5. Կեղծ ապահովագրական պատահար կազմակերպելը, ապահովագրական պատահարի առաջացմանը նպաստելը կամ Ապահովագրական պատահարի արդյունքում առաջացած վնասի կանխմանն ուղղված միջոցներ չձեռնարկելը կամ վնասի մեծացմանն ուղղված գործողություններ իրականացնելը

1. Կեղծ ապահովագրական պատահար կազմակերպելը` այդ թվում տեղի չունեցած պատահար ձեւացնելը կամ ապահովագրական պատահարի առաջացմանը նպաստելը, ինչպես նաեւ ապահովագրական պատահարի արդյունքում առաջացած վնասի կանխմանն ուղղված միջոցներ չձեռնարկելը այն անձի կողմից, ով պարտավոր էր ձեռնարկել այդպիսի միջոցներ, կամ վնասի մեծացմանն ուղղված գործողություններ իրականացնելը` նախքան պատահարը առաջացած վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու կամ վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը մեծացնելու նպատակով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) խոշոր չափերով ապահովագրական հատուցում ստանալու նպատակով,

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով ապահովագրական հատուցում ստանալու նպատակով,

3) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 4. Օրենսգրքի 325-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) ապահովագրավճարի չափի նվազեցման, ապահովագրական հատուցում ստանալու կամ վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը մեծացնելու կամ պարտադիր ապահովագրության բացակայության ժամանակահատվածի համար նախատեսված վարչական պատասխանատվությունից խուսափելու նպատակով,

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:»,

2) լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ`

«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով ապահովագրավճարի չափի նվազեցման կամ ապահովագրական հատուցում ստանալու կամ վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը առանձնապես խոշոր չափերով մեծացնելու նպատակով,

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման


Նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ քրեական օրենսգրքում ապահովագրական կեղծիքների առանձնացված կարգավորմամբ:

Անհրաժեշտությունը

Նշված նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների (այլ մասնագետների), իսկ որոշ դեպքերում` նաեւ ապահովադիրների եւ շահառուների կողմից ապահովագրության պայմանագրերի կնքման բնագավառում, ինչպես նաեւ ապահովագրական հատուցման գործընթացում ապահովագրական կեղծիքներ հանդիսացող արարքների դուրսգրման, դասակարգման եւ դրանց համար պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է խարդախությունը` որպես ընդհանուր հանցակազմ, որով միեւնույն կերպ որակվում են ցանկացած ոլորտում խաբեության միջոցով կատարվող հափշտակության բոլոր դեպքերը: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ խարդախություն է համարվում ուրիշի գույքի միայն զգալի չափերով հափշտակությունը:

Հիշյալ կարգավորումն ունի մի շարք խնդրահարույց կողմեր, որոնք թույլ չեն տալիս արդյունավետ կերպով պայքարել ապահովագրական կեղծիքների դեմ: Մասնավորապես.

- Ապահովագրական խարդախություններն օժտված են առավել մեծ հանրային վտանգավորությամբ, քան սովորական խարդախությունները։ Խնդիրն այն է, որ եթե սովորական խարդախության հետեւանքով նյութական վնաս, որպես կանոն, կրում է միայն անմիջական տուժողը, ապա ապահովագրական կեղծիքի հետեւանքով ապահովագրական ընկերության գույքի հափշտակությունը (որն արտահայտվում է ընկերությունից խաբեության միջոցով ապահովագրական հատուցման կորզման ձեւով) փոխհատուցվում է ապահովագրական սակագների բարձրացմամբ։ Այլ կերպ ասած` ապահովագրական հատուցումների ծավալների մեծացումն ուղիղ համեմատականի մեջ է գտնվում ապահովագրական սակագների հետ, եւ ապահովագրական ընկերությունների դեմ կատարվող խարդախությունների ողջ ծանրությունը վերջին հաշվով ընկնում է հասարակության ուսերին:

- Եթե խարդախության այլ տեսակների դեպքում տարբեր անձանց կողմից իրականացված փոքր ծավալի հանցագործություններն այդքան էլ վտանգավոր չեն համարվում, ապա ապահովագրության ոլորտում գործում է մասշտաբի էֆեկտը: Մասնավորապես՝ ապահովագրության ոլորտում գերակշռում են հենց մանր խարդախությունները, երբ յուրաքանչյուր դեպքով ապահովագրական ընկերությունից կորզվող ոչ մեծ չափի հատուցումները իրենց քանակի հետեւանքով համակարգի վրա էական բացասական ազդեցություն են ունենում: Բացի այդ, կոնկրետ դեպքում, հափշտակվող գույքն իրենից կարող է ընդհանրապես չնչին նյութական արժեք ներկայացնել, սակայն դրա հափշտակությունը կունենա շատ ծանր հետեւանքներ:

- Ապահովադիրների դեմ ուղղված ապահովագրական խարդախությունների (օրինակ կեղծ ապահովագրական վկայագրերի պատրաստում, իրացում կամ օգտագործում) հանրային վտանգավորությունը կայանում է նրանում, որ նման հանցագործությունները, բացի անմիջական տուժողին վնաս հասցնելուց, կարող են անվստահություն առաջացնել ապահովագրական համակարգի նկատմամբ՝ վտանգելով ապահովագրական համակարգի կայունությունը:

- Հաշվի առնելով այս հանցագործության վտանգավորությունը ապահովագրական համակարգի անկայունություն եւ սոցիալական մեծ ցնցումներ առաջացնելու տեսանկյունից՝ շատ երկրներում (ԱՄՆ, Գերմանիա, Էստոնիա եւ այլն) ապահովագրական խարդախությունները դիտվում են որպես առանձին հանցատեսակ:

- 2010թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգը, իսկ ապա նաեւ՝ մասամբ առողջության պարտադիր ապահովագրությունը, ինչի հետեւանքով մեծացել են ապահովագրական շուկայի ծավալները: Ինչպես վկայում է պարտադիր ապահովագրության համակարգին առավել վաղ ինտեգրված երկրների (այդ թվում՝ հետխորհրդային այնպիսի երկրների, ինչպիսիք են Ղազախստանը եւ Ռուսաստանի Դաշնությունը) փորձը, սա իր հետեւից բերում է զեղծարարությունների մեծ ալիք, որի դեմ ոչ արդյունավետ պայքարը իր մեջ պարունակում է ինչպես ապահովագրական համակարգի կայունության, այնպես էլ սոցիալական մեծ ցնցումների հետ կապված վտանգներ:

- Հաշվի առնելով ապահովագրական խարդախությունների առավել քողարկված բնույթը, ինչպես նաեւ դրսեւորումների բազմաձեւությունը, որոնք հաճախ արտաքնապես օրինական գործողություններ են, եւ հնարավոր չէ որակել խարդախության ավանդական հանցակազմի ներքո, խարդախության ընդհանուր հանցակազմից այս հանցագործության առանձնացման եւ առավել դետալացված ներկայացման արդյունքում տվյալ ոլորտում չմասնագիտացված քրեական հետապնդում իրականացնող մարմիններին առավել հասկանալի կլինեն այս հանցագործության հնարավոր դրսեւորումները, ինչը կնպաստի հանցագործության բացահայտման արդյունավետության բարձրացմանը:

- Գործող ՀՀ քրեական օրենսգրքում արդեն իսկ առանձնացված են հատուկ հանցակազմեր ֆինանսական ոլորտի առանձին հանցագործությունների համար, մասնավորապես՝ չարաշահումը արժեթղթեր թողարկելիս, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, առանց բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առեւտրային կազմակերպություն ստեղծելը եւ այլն:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը ֆինանսական համակարգի, տվյալ դեպքում` ապահովագրական համակարգի կայունության եւ սպառողների շահերի պաշտպանվածության ապահովումն է:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթի կարգավորման նպատակը ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների (այլ մասնագետների), իսկ որոշ դեպքերում` նաեւ ապահովադիրների եւ շահառուների կողմից ապահովագրության պայմանագրերի կնքման բնագավառում, ինչպես նաեւ ապահովագրական հատուցման գործընթացում ապահովագրական կեղծիքներ հանդիսացող արարքների դուրսգրումն է, դրանց դասակարգումը եւ պատասխանատվության միջոցների խստացումը:

Նախագծերի փաթեթով`

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավորինս կկանխվեն ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների (այլ մասնագետների) կողմից ապահովագրության բնագավառում կիրառվող խաբեությունները, որոնք ոտնահարում են ապահովադիրների, ապահովագրված անձանց եւ շահառուների շահերը, ինչպես նաեւ վերջինների կողմից ապահովագրական կեղծիքների կանխման միջոցով կպաշտպանվեն ինչպես ապահովագրական ընկերությունների, այնպես էլ մյուս ապահովադիրների եւ ապահովագրված անձանց շահերը: