Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-194-09.03.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 127.1 հոդվածով.

«Հոդված 127.1. Պետության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ զեկույցները

1. Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 20 օրվա ընթացքում՝ արտաքին գործերի նախարարը, իսկ վարչապետը՝ յուրաքանչյուր տարի երկու անգամ՝ մինչեւ դեկտեմբեր 1-ը եւ հունիսի 1-ը Ազգային ժողով զեկույց են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմվող հիմնարար դրույթների վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ներկայացված զեկույցը քննարկվում է արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում իրավասու մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում՝ առանց որեւէ փաստաթղթի ընդունման:

3.  Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զեկույցում առկա տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու եւ դրանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքով: Պատգամավորներն այդ տեղեկություններին կարող են ծանոթանալ օրենքով սահմանված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զեկույցը Ազգային ժողովի պատգամավորների մեկ քառորդի պահանջով մեկամսյա ժամկետում՝ Խորհրդի սահմանած օրը, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստերում՝ Կանոնակարգի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածով նախատեսված խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ իրավասու մշտական հանձնաժողովի կամ Ազգային ժողովի որոշմամբ կարող են հրավիրվել իրավասու պաշտոնատար անձինք, որոնք պարտավոր են ներկայանալ հանձնաժողովի կամ Ազգային ժողովի նիստին եւ պատասխանել հարցերին:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Առկա խնդիրները

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքում Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ եւ լարված իրավիճակ: Վերջինիս կայունացման նպատակով Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար բախվում է դժվարին որոշումներ կայացնելու խնդրին, ինչը կարող է լրջորեն ազդել ինչպես Հայաստանի Հանրապետության եւ իր քաղաքացիների կենսական շահերի, այնպես էլ երկրի հետագա անվտանգության ապահովման վրա: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ հիմք ընդունելով այն փաստը, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարել խորհրդարանական կառավարման ձեւին, առավել քան երբեւէ կարեւորվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության երաշխավորման մեխանիզմների ամրապնդման եւ վերջիններս ամբողջ ծավալով կիրառումը վերահսկելու հարցում:

Միեւնույն ժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության շահերը՝ այլ երկրների, միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավունքի այլ սուբյեկտների հետ հարաբերություններում հաճախ ի պաշտոնե ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, կարիք է առաջանում, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորները տեղեկացված լինեն վերոնշյալ պաշտոնյաների կողմից Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող բանակցություններից, արդեն իսկ ձեռք բերված կամ քննարկվող պայմանավորվածություններից եւ Հայաստանի Հանրապետության ու վերջինիս քաղաքացիների իրավունքներին ու շահերին վերաբերող կարեւորագույն այլ հարցերից:

Գործող իրավական նորմերի վերլուծությունը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ժողովրդավարական հասարակությունում Կառավարության անդամների հաշվետվողականությունը խորհրդարանի առջեւ պառլամենտարիզմի կարեւոր հենասյուներից է: «Ազգային ժողովի Կանոնակարգ» սահմանադրական օրենքի 26-րդ գլուխն անդրադառնում է պետական մարմինների զեկույցներին, հաղորդումներին եւ հաշվետվություններին: Կառավարության ղեկավարի եւ կառավարության անդամների հաշվետվողականությանն անդրադարձ է կատարվում տվյալ գլխի 127-րդ հոդվածում, որը, սակայն, վերաբերում է բացառապես Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի ներկայացմանն ու քննարկմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս բանակցային գործընթացները կրում են շատ ինտենսիվ բնույթ, եւ պետության համար չափազանց զգայուն հարցերով տարաբնույթ միջազգային հարթակներում եւ ձեւաչափերով տարվա մեջ առնվազն մի քանի անգամ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, Կանոնակարգ օրենքի 127-րդ հոդվածը չի կարող բավարար չափով համապատասխանել առկա իրավիճակին: Այսպիսով` անհրաժեշտություն է առաջանում Կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու, ինչը հնարավորություն կտա Ազգային ժողովի պատգամավորներին տեղեկացված լինել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված կամ քննարկման փուլում գտնվող փաստաթղթերի եւ ոլորտային այլ կարեւորագույն հարցերի վերաբերյալ:

Որպես ժողովրդից առաջնային մանդատ ստացած եւ լեգիտիմացիոն շղթայում առաջնային տեղում գտնվող մարմին՝ Ազգային ժողովն իրավունք ունի տեղյակ լինելու եւ քննարկելու ցանկացած սկզբունքային հարց, որը կարող է ազդեցություն ունենալ երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային հարցերի վրա:  Սահմանադրության 88-րդ հոդվածը  վերապահում է գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու սահմանադրական կարեւորագույն գործառույթ, որի արդյունավետ իրականացումը ուղղակիորեն կախված է Ազգային ժողովի տեղեկացվածության աստիճանից: Ըստ այդմ, Նախագիծը ներդնում է այնպիսի կառուցակարգ, որը մի կողմից թույլ է տալիս Ազգային ժողովին լինել տեղեկացված, մյուս կողմից՝ չի միջամտում կառավարության ընթացիկ գործունեությանը եւ չի ծանրաբեռնում կառավարության անդամներին պատգամավորական հարցումների ինստիտուտի միջոցով:

Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով նախատեսվում է, որ արտաքին գործերի նախարարը տարեկան չորս անգամ, իսկ հանրապետության վարչապետը՝ երկու անգամ Ազգային ժողով են ներկայացնում զեկույց՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում ընթացող գործընթացների, դրանց շրջանակներում վարվող բանակցությունների եւ ձեռք բերված կամ հնարավոր պայմանավորվածությունների առանցքը կազմող հիմնարար դրույթների վերաբերյալ: Ընդ որում, հաշվի առնելով ներկայումս ընթացող տարածաշրջանային գործընթացները, խնդիրը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի գործոններով, այլ կարեւորվում են այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության հարաբերությունները, որոնք կարող են ունենալ տարածաշրջանային բնույթ կամ հանգեցնել գործընկերության նոր ձեւաչափերի ձեւավորմանը:

Նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կստեղծեն խորհրդարանական բոլոր ուժերին, այդ թվում՝ փոքրամասնություն կազմող խմբակցություններին հավասարապես իրացնել Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով իրենց վերապահված լիազորությունները, մասնավորապես՝

Միաժամանակ, հաշվի առնելով փոխանցվող տեղեկատվության բնույթը (տեղեկատվությունը կարող է ներառել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ) նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսում են նման տեղեկատվության փոխանցում միայն պետական եւ ծառայողական գաղտնիքի պահպանությունն երաշխավորող օրենսդրությամբ սահմանված կառուցակարգերով, իսկ նշված հարցերի քննարկումը Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի փակ նիստի շրջանակներում:

Ավելին, նախագծով սահմանված կարգավորումները հնարավորություն կընձեռեն պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով ներկայացված զեկույցի վերաբերյալ քննարկում կազմակերպել Ազգային ժողովի հերթական նիստում՝ դրանով իսկ երաշխավորելով, որ երկրի համար կարեւորագույն արտաքին քաղաքական մարտահրավերները դառնան պառլամենտական քննարկումների առարկա եւ չսահմանափակվեն միայն քաղաքական մեծամասնության ձեւավորած կառավարության հայեցողությամբ:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա Ազգային ժողովի պատգամավորների եւ, մասնավորապես, ընդդիմության կողմից խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ամբողջական իրացման տեսանկյունից: Վերոնշյալ նախագծի ընդունման պարագայում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին ձեռքից եւ արդյունավետ պարբերականությամբ տեղեկացված կլինեն Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի ու դրանից բխող խնդիրների հայամետ հանգուցալուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ
ՊԱՐՈՆ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ

Պարոն Արշակյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Հայկ Մամիջանյան):

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝

1) Օրենքի նախագիծը

2) Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3) Գործող օրենքի լրացվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը

Խնդրում եմ սահմանադրական օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ                  ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ