Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1731-23.02.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1)-րդ կետով.

3.1) Հանում է քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով՝ թեկնածուներից, ընտրություններին մասնակցած կուսակցություններից/ կուսակցությունների դաշինքներից պահանջելով իր կատարած ծախսերի փոխհատուցում:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,  «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի օգտագործման, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի հանման կարգը: Սակայն Օրենքում որեւէ կերպ կարգավորված չէ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ փակցված նյութերի հանման կարգը:

Համապատասխան իրավակարգավորման բացակայության պայմաններում առկա է այնպիսի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշումն ուժի մեջ մտնելուց  հետո ամիսներ շարունակ քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը ՀՀ մի շարք համայնքներում շարունակում են փակցված մնալ: Օրինակ, 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից անցել է մոտ ութ ամիս, սակայն քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերը դեռեւս փակցված են մի շարք համայնքներում:

Այս պայմաններում հասարակությունը շարունակաբար գտնվում է նախընտրական մթնոլորտում, որը բացասաբար է անդրադառնում մարդկանց առօրյա կենսագործունեության վրա. քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի առկայությունը նպաստում է ընտրությունների ժամանակ առկա լարված մթնոլորտի եւ հետընտրական սթրեսի պահպանմանը:

Խնդրի վերաբերյալ իրենց բողոքն են արտահայտում ՀՀ տարբեր համայնքների մի շարք քաղաքացիներ՝ ընտրություններից հետո քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի առկայությունը ներկայացնելով որպես իրենց բնականոն կյանքի ընթացքը հոգեբանորեն խաթարող գործոն:

Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտություն է առաջանում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ՝ ներկայացված խնդիրներին լուծում տալու նպատակով:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում ներկայացված իրավակարգավորումներով առաջարկվում է սահմանել դրույթ՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո (բացառությամբ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացնելու, ինչպես նաեւ վերաքվեարկություն նշանակելու դեպքերի) քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի հանման վերաբերյալ:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծում ներկայացված լրացմամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում ներկայացված իրավակարգավորումներին համահունչ՝ լրացնել համայնքի ղեկավարի կողմից իրականացվող՝ պետության պատվիրակած լիազորությունների շրջանակը:

Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից:

Նախագծի մշակմանը մասնագիտական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, առաջարկներ են ներկայացրել ՀՀ Սյունիքի եւ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանները, որոնք հիմնականում ընդունվել են, իսկ մյուս մարզպետարանները առաջարկություններ, առարկություններ, դիտողություններ չունեն: Նախագիծը արժանացել է մարզպետարանների հավանությանը:

Նախագծի ընդունման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելուց, իսկ դատական կարգով բողոքարկման դեպքում՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի հանմամբ նպաստել քաղաքացիների բնականոն կյանքի վերականգնմանը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն