Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-170-22.02.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 6-րդ կետում «գումարից» բառից հետո լրացնել «Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը չի կարող լինել պակաս 20 միլիոն դրամից:» նախադասությունը:

2) Լրացնել նոր՝ 9-րդ կետ.

9) միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի, իսկ ամուսնության մեջ գտնվող պարտապանի դեպքում՝ ամուսինների համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ վերջինիս խնամքի տակ են գտնվում երկուսից ավելի երեխաներ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Նախագծի նպատակը.

Նախագծի  նպատակն է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածում լրացնումներ կատարելու միջոցով արգելել երկուսից ավելի զավակ ունեցող կամ երկուսից ավելի երեխա՝ իրենց խնամքի տակ ունեցող անձանց  միակ բնակարանի բռնագանձումը,  ինչպես նաեւ սահմանել միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի չափ՝ 20 միլիոն դրամ:

Նախագծով առաջարկվող կարգավորումները.

Նախագծով հատուկ կարգավորում է սահմանվել այն անձանց համար, ովքեր իրենց խնամքի տակ ունեն երկուսից ավելի երեխաներ: Այս դեպքերում, երբ բնակարանը կհանդիսանա պարտապանի միակ մշտական բնակության վայրը, ապա այն ենթակա չի լինի բռնագանձման:

Այս կարգավորման նպատակը, inter alia, բազմավակ ընտանիքների համար սոցիալական կայությության յուրահատուկ երաշխիքի ապահովումն է, որի պարագայում կբացառվի նրանց անօթեւան մնալը:

Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են:»

Սահմանադրության  86-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ Տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներն են՝ ծնելիության եւ բազմազավակության խթանումը:

Այս կարգավորումը փաստացի անուղղակիորեն նպաստելու է սահմանադրական այս սկզբունքների իրագործմանը:

Բացի վերոգրյալը, նախագծով առաջարկվել է սահմանել միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի չափ՝ 20 միլիոն դրամ, քանի որ ներկայիս կարգավորման համաձայն միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի չափը սահմանվում է կառավարության կողմից, որն էլ կառավարության 13 հուլիսի 2017 թվականի N 808-Ն որոշմամբ սահմանվել է 4 900 000 դրամ, ինչը մեր գնահատմամբ, չափազանց նվազ է անհրաժեշտ չափից:

Բացի այդ, չունենալով օրենսդրական ամրապնդում, այլ դրսեւորված լինելով ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ-իրավական ակտով՝ կառավարության որոշմամբ, այն ենթակա է ավելի հեշտացված տարբերակով փոփոխության, հետեւաբար առկա է հավանականություն, որ ներկայումս գործող միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի չափը՝ 4 900 000 դրամ, կարող է նվազել, ինչը անթույլատրելի եւ անընդունելի կլինի՝ պայմանավորված դրա կամայական դրսեւորմամբ:

Ի գիտություն հայտնում ենք, որ ի պատասխան ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ուղարկված հարցման՝ Մեզ հայտնել են, որ ծառայությունը չի վարում սույն նախագծի կարգավորման առարկային առչնվող վիճակագրություն, հետեւաբար նման տվյալների արտացոլումը նախագծի հիմնավորման մեջ անհնարին է:

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է բացառել բազմազավակ ընտանիքների անօթեւան մնալը, ինչպես նաեւ բարձրացնել եւ օրենսդրական մակարդակում ամրապնդել միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի չափը՝ 20 միլիոն դրամի չաով:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն