Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-168-16.02.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդվածը 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգիրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 314-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը կամ պաշտոնատար անձի կողմից կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը.

1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականություններից բխող, ազգային անվտանգությանն առնչվող կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը.

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

3. Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն ՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաեւ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:»

Պետության ճիշտ կառավարման բաղադրիչը ոչ միայն ժողովրդին պետության կառավարմանը մասնակից դարձնելն է, այլ նաեւ կառավարող ժողովրդի՝ ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովումը: Ժողովրդավար պետության հիմքը ոչ միայն խաղաղ պայմաններում տեղեկատվության ազատության ընձեռումն է յուրաքանչյուրին, այլ նաեւ պատերազմական իրավիճակում այդ իրավունքի ավելի պատասխանատու իրացումը:

ՀՀ քրեական օրենսգիրքը արգելում է տեղեկությունների թաքցման կամ կեղծման հետ կապված այնպիսի իրավահարաբերություններ, ինչպիսիք են մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը, շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը կամ դրանք դիտավորյալ աղավաղելը եւ այլն. ընդ որում՝ առանձնահատուկ է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի կարգավորումը, որով քրեականացնում է պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը. պարզ ասած՝ սա թերեւ արգելում է բացառապես գրավոր ձեւաչափով կեղծ տեղեկություններ տրամադրելը, մինչդեռ բանավոր՝ հայտարարությունների, ելույթների ու լրագրողական հարցերին հրապարակային պատասխանների դեպքում, որոնք արտահայտված չեն գրավոր ձեւով, պաշտոնատար անձանց կողմից հաճախ է լինում տեղեկատվության կեղծում կամ սուտ տեղեկության հայտնում, ինչը ունի հանրային բարձր վտանգավորություն:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ բազմաթիվ պետական պաշտոնյաներ իրենց պաշտոնեական պարտականություններից բխող հարցերի առնչությամբ բազմիցս հրապարակել ու հայտնել են այնպիսի կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող այնպիսի տեղեկություններ, որոնք իրենց բնույթով եւ էական վնաս են հասցրել անձանց, նրանց առողջությանը, պետության եւ հասարակության շահերին: Օրինակ՝ 2020թ փետրվարի 27-ին ՀՀ առողջապահության նախարարը հայտնում էր, որ «կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ», իսկ 2020 ապրիլի 14 –ին կրկին պնդել էր՝ «Ես նորից եմ կրկնում, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ», իսկ 2020թ մարտի 1-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնողն անձն էր հայտարարում, որ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի», ապա մարտի 12-ին ավելացրել, որ «Կորոնավիրուսը գրիպի նման վիրուս ա, խուճապ պետք չի», մինչդեռ 07.12.2021թ դրությամբ արդեն ՀՀ-ում միայն COVID-19-ից ըստ ՀՀ առողջապահության նախարարության մահացել է 7718 մարդ:

Պետական պաշտոնատար անձանց կողմից հնչած կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելու դեպքերը խիստ տարածված են եղել նաեւ 2020թ սեպտեմբերի 27-ին ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման օրվանից առ այսօր, երբ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ամենօրյա ռեժիմով հայտարարում էր հաղթելու մասին, օրինակ՝ 09.10.2020թ Արծրուն Հովհաննիսյանը նշում էր, որ «Ես հենց հիմա Հադրութում եմ եւ չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում:», մինչդեռ Հադրութ քաղաքի մի մասը արդեն իսկ գտնվում էր թշնամու ակնհայտ ապօրինի վերահսկողության ներքո:

Նիկոլ Փաշինյանը 16.11.2020թ հայտարարում էր, որ «վերջին 2.5 տարում իմ ունեցած շփումները ինձ մոտ ոչ մի կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանաշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից ու տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից», մինչդեռ վերջին միտքը հերքվել էր թե' ՀՀ ԱԳՆ-ի կողմից, թե' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության ղեկավարի կողմից:

Սույն հայտարարությունները սպառիչ չեն եւ դրանք ոչ միայն իրականությանը չեն համապատասխանել եւ եղել են կեղծ, այլեւ էական վնաս են հասցրել թե' անձանց առոողջությանը, թե' հասարակության, թե' ՀՀ պետական օրինական շահերին, ինչը հետագայում կանխելուն էլ ուղղված է սույն օրենքի նախագիծը: Նախագծի կարեւորությունը կայանում է նրանում, որ արգելում է պաշտոնատար անձանց կեղծ տեղեկատվություն հրապարակելը, ինչը առաջին հերթին պետական իշխանության վստահելիության կարեւորագույն երաշխիքն է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն