Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-160-10.02.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 67-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետային պարտադիր» բառերը հանել, «նախկին զինծառայողների,» բառերից հետո լրացնել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների,» բառերը եւ կետադրական նշանը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 67-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների մինչեւ 27 տարեկան զավակների, ծնողների, ամուսնու (կնոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելությունը եւ ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սակայն զինվորական ծառայության ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինվորական ծառայողները, այդ թվում՝ սպաները, զրկված են անվճար կրթություն ստանալու իրավունքից:

Օրենքում համապատասխան իրավակարգավորման բացակայության պայմաններում առկա է այնպիսի իրավիճակ, որ պայմանագրային զինծառայողը, այդ թվում՝ սպան, որը ներգրավված է մեր երկրի պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովման գործում, ստանալով 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կարգ, եւ շատ դեպքերում հաշմանդամության պատճառով շարքից դուրս գալով եւ արձակվելով զինվորական ծառայությունից, զրկված է պետական բյուջեի հաշվին կրթություն ստանալու հնարավորությունից:

Այս իրավիճակում ծառայությունից արձակված պայմանագրային զինծառայողը կանգնում է լրջագույն խնդրի առջեւ. համապատասխան մասնագիտության բացակայությունը կամ միայն ռազմական կրթության առկայությունը խոչընդոտում է այլ աշխատանքի տեղավորմանը, եւ արդյունքում զինծառայողը, բախվելով ծանր սոցիալական խնդիրների հետ եւ չտեսնելով իրավիճակից դուրս գալու գոնե տեսական հնարավորություն, սկսում է լրջորեն մտածել երկրից հեռանալու մասին:

Հավելենք, որ պետական բյուջեի հաշվին համապատասխան կարգավորման բացակայության եւ ներկա սոցիալական իրականության պայմաններում պայմանագրային զինծառայողները դժվարանում են առօրյա ծախսերի հետ մեկտեղ իրենց հաշվին ստանալ կրթություն եւ քաղաքացիական մասնագիտություն:

Պայմանագրային զինծառայողների հետ տեւական հանդիպումների ժամանակ խնդրի քննարկման շրջանակներում զինծառայողները հատկապես ընդգծում են լրացուցիչ հնարավորության բացակայության խնդիրը այն առումով, որ հաշմանդամության ձեռքբերման արդյունքում ծառայությունից դուրս գալու պայմաններում զրկված են պետական բյուջեի հաշվին կրթական իրավունքի իրացումից եւ քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու հնարավորությունից, որն այլ աշխատանք գտնելու տեսանկյունից կարեւոր նշանակություն կունենար:

Կրթություն ստանալու երաշխիքը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար սահմանելը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում զինծառայողները երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում 37-38 տարեկանում: Այսինքն, այդ պահից սկսած վերջիններս կարող են այլեւս չերկարաձգել իրենց պայմանագրերը եւ հաշվառվել պահեստազորում: Նման անձանց համար անվճար կրթություն ստանալու իրավունքի երաշխավորումը հնարավորություն կստեղծի, որ վերջիններս ավելի դյուրին հարմարվեն քաղաքացիական կյանքին, ձեռք բերեն քաղաքացիական մասնագիտություն եւ ներգրավվեն հանրային կյանքի տարբեր բնագավառներում:

Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունից դուրս եկած՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած զինծառայողները երբեմն նույնիսկ մի քանի տեղ են ստիպված աշխատել, որպեսզի կարողանան հոգալ իրենց եւ իրենց ընտանիքի կարիքները եւ չընտրեն արտագաղթի ճանապարհը, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին պետական բյուջեի հաշվին ուսումնառության հնարավորության ընձեռումը ձեռք է բերում արդիական հնչեղություն:

Առաջարկվող փոփոխությունը նաեւ բխում է ՀՀ կառավարության ծրագրի՝ պաշտպանությանը վերաբերող գլխի դրույթներից, որտեղ խնդիր է դրված բարձրացնել զինվորական մասնագիտության գրավչությունը:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում Օրենքում կատարել համապատասխան փոփոխություն եւ լրացում՝ պայմանագրային զինծառայողների, այդ թվում նաեւ սպաների, ինչպես նաեւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների համար ընձեռելով ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության եւ ուսումնառության հնարավորություն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, որի համաձայն ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության եւ ուսումնառության իրավունք կտրվի`

1. զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին,

2. երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կողմից:

3. Նախագծի ընդունման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ նպատակ է հետապնդվում նպաստել զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողների, ինչպես նաեւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների՝ պահեստազոր տեղափոխված զինծառայողների նոր մասնագիտացման ձեռքբերմանը եւ քաղաքացիական կյանքին ավելի հեշտ հարմարվելուն, սոցիալական խնդիրների առաջացման կանխարգելմանը՝ արդյունքում հասնելով նշված զինծառայողների արտագաղթի հավանականության նվազեցմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն