Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-410-02.12.2013--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

Փաստելով, որ

- միջազգային փորձի համաձայն կենսաթոշակային համակարգի բարեփոխումը բարդ եւ դժվար գործընթաց է,

- կենսաթոշակային համակարգի փոփոխությունների հաջողությունը պայմանավորված է ինչպես դրանցից բխող ռիսկերի կանխարգելման եւ չեզոքացման համակարգի առկայությունից, այնպես էլ հանրային վստահության բարձր աստիճանից,

- Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի հիմնարար փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական փաթեթն ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2010 թվականի դեկտմեբերին, իսկ համակարգի ներդրմանը նպատակաուղղված շուրջ 50 օրենքների ընդունումից հետո մինչեւ օրս դրանք (հանրագումարային) մի քանի տասնյակ անգամ փոփոխությունների են ենթարկվել,

- բազմաստիճան կենսաթոշակային համակարգի Հայաստանում ընդունված մոդելը՝ իր մանրամասնություններով միջազգային պրակտիկայում աննախադեպ է՝ դրանից բխող ֆինանսական եւ աշխատանքային շուկաներից, ժողովրդագրական վիճակից, մասնագիտական կարողություններից, վարձատրության համակարգից, կորպորատիվ կառավարման համակարգից, առկա կենսամակարդակից, տնտեսության մրցակցային վիճակից բխող ռիսկերով,

Նկատի առնելով, որ

- համակարգի առանցքային կետերից մեկը համարվում է պարտադիր կուտակային բաղադրիչը, որի գործարկումը նախատեսված է 2014 թվականի հունվարի 1-ից,

- Կառավարության կողմից հաստատված կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով եւ ժամանակացույցով նախատեսված մի շարք գործողություններ չեն ձեռնարկվել ժամանակին, իսկ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի ընտրությունը,

Արձանագրելով, որ

- հանրության մի ստվար հատվածի մոտ առկա է պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ անվստահություն՝ հիմնված նշված ռիսկերի չեզոքացման անհնարինության եւ նոր համակարգի՝ Սահմանադրությանը չհամապատասխանող հիմնավոր փաստարկների վրա,

- պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկամանը պետք է նախորդեր աշխատավարձերի անընդհատ աճը, մինչդեռ տնտեսությունում աշխատավարձերի բարձրացումը, որպես համակարգային մոտեցում, տեղի է ունենալու միայն 2014 թվականի երկրորդ կեսին,

Գտնելով, որ

- ի թիվս բավարար հանրային վստահության եւ ենթակառուցվածքների առկայության, պարտադիր կուտակային բաղադրիչի ներմուծման կարեւոր նախապայման պետք է հադիսանա նաեւ մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ի որոշակի մակարդակի (օրինակ 8000 ԱՄՆ դոլ. համարժեք դրամ), ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձը կենսաապահովման նվազագույն բյուջեից բարձր լինելու եւ միջին աշխատավարձի 40%-ից ոչ ցածր լինլու պայմանների առկայությունը.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ.

1. Առաջարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների հետ

ա. քննարկել պարտադիր կուտակային բաղադրիչի մուտքը մինչ վերը նշված պայմանների բավարարումը կամ առնվազը մինչեւ 2015 թվականը հետաձգելու, կամավոր կուտակային համակարգը նոր գործիքներով խրախուսելու հարցերը եւ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների առաջարկություներ,

բ. Շահագրգիռ հասարակական, փորձագիտական միավորումների ներգրավմամբ իրականացնել կենսաթոշակային բարեփոխումների նոր սցենարների (այդ թվում՝ պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու դեպքում նոր համակարգի) մշակման, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից բխող ռիսկերի նվազեցման կամ չեզոքացման, ինպես նաեւ նոր համակարգի վերաբերյալ օրենսդրության՝ Սահմանադրության հետ համապատասխանեցնելու աշխատանքներ:

2. Առաջարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով նախաձեռնել կենսաթոշակային բարեփոխումների նոր համակարգի՝ պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտմանն ուղղված հանրաքվե:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՂԱԴՐԻՉԸ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՈՐՈՇՄԱՆ) ՆԱԽԱԳԾԻ


Կարեւորելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների խնդիրը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 62-րդ հոդվածը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ եւ 104.1 հոդվածներով, հրատապ է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիրքորոշման ներկայացումը 2014 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ դրվող պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ:

Առ այդ,

1. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական ամբողջական փաթեթն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2010 թվականի դեկտմեբերին: Համակարգի ներդրմանը նպատակաուղղված շուրջ 50 օրենքների ընդունումից հետո մինչեւ օրս դրանք (հանրագումարային) մի քանի տասնյակ անգամ փոփոխությունների են ենթարկվել:

2. Բարեփոխումների առանցքային կետերից մեկը համարվում է պարտադիր կուտակային բաղադրիչը, որի գործարկումը նախատեսված է 2014 թվականի հունվարի 1-ից:

3. Միջազգային փորձը վկայում է, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումը բարդ եւ դժվար գործընթաց է եւ միշտ չէ, որ միանշանակ է ընդունվել: Սակայն բոլոր դեպքերում բարեփոխումնեիր կարեւորագույն նախապայմաններից մեկը եղել է հանրային վստահությունը:

4. Բազմաաստիճան կենսաթոշակային համակարգի Հայաստանում ընդունված մոդելը՝ իր մանրամասնություններով միջազգային պրակտիկայում աննախադեպ է՝ դրանից բխող յուրահատուկ ռիսկերով:

5. Առհասարակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին բնորոշ են ֆինանսական եւ աշխատանքային շուկաներից, ժողովրդագրական վիճակից, մասնագիտական կարողություններից, վարձատրության համակարգից, կորպորատիվ կառավարման համակարգից, տնտեսության ոչ բավարար մրցակցային վիճակից բխող ռիսկեր, որոնց բացասական դրսեւորումները հայտնի են նաեւ միջազգային փորձից:

6. Հայաստանի պարագայում նոր համակարգի բացասական դրսեւորումներն առավել ակնհայտ են դառնում ֆինանսական շուկաների անհամաչափ կայացման եւ այդ շուկայում առկա բարձր ռիսկի, կորպորատիվ կառավարման համակարգի անկատար եւ ժողովրդագրական վատթարացող վիճակի, գործազրկության խիստ բարձր աստիճանի, գյուղատնտեսության ոլորտում չափազանց մեծ զբաղվածների, աշխատանքի ցածր արտադրողականության եւ վարձատրության անարդար համակարգի, աղքատության բարձր մակարդակի եւ տնտեսության խիստ անբավարար մրցակցային եւ այլ պայմանների առկայության դեպքում:

7. Նոր համակարգի գործարկման հաջողությունը ուղղակիորեն կապված է նշված ռիսկերը չեզոքացնող կամ նվազեցնող ենթակառուցվածքների եւ հանրային վստահության բավարար միջավայրի առկայության հետ: Մինչդեռ Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատվածի մոտ առկա են ոչ միայն պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ անվստահություն, այլ նաեւ վերը նշված ռիսկերի վերացման կամ նվազեցման անհնարինության մասին հիմնավոր փաստարկներ:

8. Կենսաթոշակայն բարեփոխումների ընդունված սցենարի վերաբերյալ հանրության մոտ առկա են նոր համակարգի՝ Սահմանադրությանը չհամապասխանող հիմնավոր փաստարկներ, որոնք վերաբերում են Սահմանադրությամբ պաշտպաված սեփականության իրավունքի խախտման անթույլատրելիությանը, սերունդերի համերաշխության սկզբունքի անշեղ կիրառմանը, տարիքային խտրականության բացառմանը, ձեռք բերված սոցիալական պաշտպանության համակարգի նվազեցման անթույլատրելիությանը: Բարեփոխումների ընդունված սցենարը նվազագույնի է հասցնում, իսկ առանձին դեպքերում վերացնում է երկրում, թեկուզ եւ թույլ, սակայն նախընթաց ժամանակահատվածներում ձեւավորված սոցիալական համերաշխությունը, հանգեցնում է սերունդների միջեւ բեռի անհամաչափ, իսկ հաճախ նաեւ անարդար բաշխման:

9. Չնայած մեկ տասնամյակ է կենսաթոշակային համակարգի բարեփոխումները օրակարգային հարց է, սակայն նախընթաց ժամանակահատվածում դրանք չեն քննարկվել բոլոր մանրամասնություններով, իսկ նոր համակարգի ներդրման հիմնական պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարությանը չի հաջողվել ձեռնարկել համապատասխան միջոցները՝ նշված մտահոգությունները փարատելու, բարձրացված հարցերին լուծումներ տալու եւ հանրային վստահության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Բացի այն, որ պարտադիր կուտակային բաղադրիչի մուտքով նվազեցվում է աշխատողի կողմից սպառման նպատակով տնօրինվող եկամտի չափը, այլ նաեւ հաշվի առնված չէ աշխատողի եւ նրա խնամքին գտնվող անձանց նվազագույն սպառողական բյուջեից ոչ ցածր եկամուտ ունենալու սահմանադրական իրավունքի իրացման հարցը: Այսպիսի պարտադրանքը մեծացնում է նաեւ մեկ աշխատատեղի ինքնարժեքը, տեղի կունենա գների աճ, սա իր հերթին կհանգեցնի իրական կենսամակարդակի նվազման, պահանջարկի կրճատման, ապրանքների եւ ծառայությունների ինքնարժեքի նոր բարձրացման, թողարկման ծավալների նվազման: Հնարավոր է իրական գործազրկության աճ, գործադուլների եւ սոցիալական այլ բողոքների դրսեւորում:

10. Կառավարության կողմից 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1487-Ն որոշմամբ հաստատված կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը եւ ժամանակացույցը հաստատելու մասին որոշմամբ նախատեսված մի շարք գործողություններ չեն ձեռնարկվել ժամանակին, որի արդյունքում ժամանակացույցով նախատեսված ժամկետում՝ մինչեւ 2013 թվականի հուլիսի 1-ը լիացենզավորված չեն եղել պարտադիր կուտակային վճարների կառավարիչները, գրանցված չեն եղել կենսաթոշակային հիմնադրամները, ինչպես նաեւ հանրությունը բավարար չափով իրազեկված չէ, չի տիրապետում ընդհանուր եւ մասնագիտական գիտելիքների, այն դեպքում, երբ ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը պետք է կատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչի ընտրությունը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության պատվերով «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլագոիական հետազոտությունների խորհրդատվական ինստիտուտի միջոցով իրականացված եւ 2013 թվականի հուլիսի 12-ին հրապարակված հարցումները փաստում են, որ 2013 թվականի հունիսի դրությամբ հարցվածների 72.3%-ը չի հավատում կամ բացարձակ չի հավատում, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են բարեփոխումների նպատակով, 58.7%-ը գնահատել է, որ կառավարությունը ոչ մի արդյունավետ քայլ չի իրկանացնում, իսկ նոր կենսաթոշակային համակարգը որպես ձեռք բերում գնահատել է հարցվածների ընդամենը 1.6%-ը:

12. Ինչպես բազմիցս նշվել է պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկամանը պետք է նախորդեր աշխատավարձերի անընդհատ աճը, մինչդեռ տնտեսությունում աշխատավարձերի բարձրացումը, որպես համակարգային մոտեցում, տեղի է ունենալու միայն 2014 թվականի երկրորդ կեսին: Մինչ այդ, ստացվում է այնպես, որ գործող օրենքի շրջանակներում անձի կողմից, իր հայեցողությամբ սպառման նպատակով տնօրինվող եկամուտները փաստացի նվազելու են: Այս առումով պարտադիր կուտակային բաղադրիչի ներմուծման կարեւոր նախապայման պետք է համարել նաեւ մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ի որոշակի մակարդակի (օրինակ 8000 ԱՄՆ դոլ. համարժեք դրամ), ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձը կենսաապահովման նվազագույն բյուջեից բարձր լինելու եւ միջին աշխատավարձի 40%-ից ոչ ցածր լինլու պայմանների առկայությունը:

Ելնելով վերը նշված իրողություններից առաջարկվում է ընդունել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում, որով ներկայացվող մի շարք գործողությունները հնարավորություն կտան կենսաթոշակային համակարգի բարեփոխումները դարձնել նպատակային, սոցիալական պաշտպանության համակարգը կատարելագործող՝ մասնակից դարձելով հանրության լայն շրջանակների: