Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-132-13.01.2022-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքը շարադրել նոր խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող՝ Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները, Փրկարար ծառայությունում ծառայությունը, պաշտոնները եւ կոչումները, ծառայության անցնելու կարգն ու պայմանները, պաշտոնի նշանակման եւ կոչումներ շնորհելու կարգը, ծառայության հետ կապված՝ ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական եւ սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններն ու հիմնական հարաբերությունները:

Հոդված 2. Փրկարար ծառայության գործունեության իրավական կարգավորումը

1. Փրկարար ծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:

2. Փրկարարական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

4. Փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգի եւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են փրկարարական ծառայողների համար, կարգավորվում են սույն օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ԳԼՈՒԽ 2

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՆՐԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 3. Փրկարար ծառայությունը

Փրկարար ծառայությունն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ, արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության եւ տնտեսության օբյեկտների (տարածքների) պաշտպանության, ինչպես նաեւ փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման եւ այլ աշխատանքներ:

Հոդված 4. Փրկարար ծառայության լիազորությունները

1. Փրկարար ծառայության լիազորություններն են՝

1) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաեւ դրանց կատարման համար մշտական պատրաստականության ապահովումը.

2) փրկարար ուժերի ու փրկարարական կազմավորումների գործունեության համակարգումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում միջազգային մարդասիրական արձագանքման համակարգի ներգրավման դեպքում փրկարար ուժերի ներդաշնակ աշխատանքի ապահովումը.

3) արտակարգ իրավիճակներ առաջացնող երեւույթների ուսումնասիրությունը, արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը.

4) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ուսումնավարժությունների, վարժանքների, մարզումների՝ այդ թվում նաեւ միջազգային, կազմակերպումը, իրականացումը եւ մասնակցություն դրանց անցկացմանը.

5) աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներին արձագանքման ռազմավարությունների, ծրագրերի, պլանների, մեթոդական փաստաթղթերի մշակումը եւ դրանց կատարման ապահովմանը մասնակցությունը.

6) արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, ինչպես նաեւ մասնակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը.

7) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

8) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

9) Հայաստանի Հանրապետությունում առկա փրկարարական եւ հրշեջ գույքի ու տեխնիկայի հաշվառումը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավումը.

10) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարումը.

11) փրկարարների եւ փրկարարական կազմավորումների որակավորման նախապատրաստումն ու կազմակերպումը.

12) արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը եւ վերլուծումը.

13) անհատական պաշտպանության միջոցների եւ քիմիական հետախուզության սարքերի պիտանելիության որոշումն ու եզրակացության տրամադրումը.

14) մասնակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում գիտատեխնիկական, նախագծային ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին.

15) մասնակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում միջազգային համագործակցության իրականացմանը, ինչպես նաեւ մարդասիրական (հումանիտար) արձագանքման կազմակերպմանը.

16) արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության ժամանակ բնակչությանը (տուժածներին) օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծման, կուտակման եւ դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

17) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծման եւ նպատակային օգտագործման վերաբերյալ առաջարկույունների ներկայացումը.

18) մասնակցությունը կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը եւ հաստատմանը.

19) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման եւ ընդունման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

20) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության եւ ռազմական գործողությունների պայմաններում քաղաքացիական պաշտպանության ու փրկարարական ստորաբաժանումների փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի եւ կառուցվածքի.

21) Հայաստանի Հանրապետությունում հասարակական կամավորական փրկարարական շարժման ձեւավորումը եւ զարգացումը.

22) պետական, պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթացի կազմակերպումը եւ իրականացման ապահովումը.

23) քաղաքացիական պաշտպանության ու բնակչության պաշտպանության ոլորտներում պետական մարմիններում, պետական կառավարման համակարգի մարմիններում, տարածքային կառավարման մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտներում եւ կազմակերպություններում ուսումնասիրության իրականացումը, առկա խնդիրների, թերությունների վերացման, քաղաքացիական պաշտպանության ու աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման եւ արձագանքման պատրաստվածության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը՝ Կառավարության կողմից սահմանված կարգով.

24) պետական մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների եւ կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների (որը պետք է ներառի աղետների ռիսկի նվազեցման, պատրաստվածության բարձրացման, օպերատիվ արձագանքման եւ հետաղետային վերականգման միջոցառումներ) բովանդակության, նրանց մշակման, հաստատման, համաձայնեցման եւ կիրարկման կարգի մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացում.

25) պետական մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտների եւ կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման օրինակելի պլանների մշակումը եւ համապատասխան նախարարի հաստատման ներկայացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված աղետների ռիսկի կառավարման պլանների բովանդակության.

26) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում իրականացվող միջոցառումներին պետական մարմինների, պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներգրավման նպատակով փոխգործողությունների պլանների մշակումը եւ հաստատումը.

27) իր իրավասությունների շրջանակներում մասնակցությունը սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի եւ այլ ուժերի հակազդմանը, զինված հարձակման դիմակայմանը, մարտական գործողությունների եւ զենքի կիրառման հետեւանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների ու այլ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.

28) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների հաշվառումը, դրանց պահպանման վիճակի պարբերաբար ճշգրտումը, ակնադիտական ուսումնասիրությունների անցկացումը եւ պահպանման ու շահագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

29) քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության նպատակով կառավարելի փլուզման եւ պայթեցման աշխատանքների իրականացումը.

30) իր լիազորությունների շրջանակներում սակրավորային աշխատանքների կազմակերպումը եւ իրականացնումը.

31) մասնակցությունը պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը՝ քաղաքացիական պաշտպանության մասով.

32) վտանգավոր տարածքներից բնակչության եւ նյութական արժեքների տարահանման պլանների եւ ծրագրերի մշակման եւ դրանց ճշգրտման կազմակերպումը.

33) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջացառումների, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների՝ ըստ փոխհամագործակցության պլանների ներգրավման համակարգումը.

34) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը եւ այդ հարցերով իրազեկմանը.

35) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման եւ արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հետեւանքների նվազեցման ու վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

36) մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի եւ պլանների մշակմանը.

37) համապատասխան պատրաստականության աստիճանի անցման դեպքում Փրկարար ծառայության ստորաբաժանումների մարտական ներդաշնակման, կցագրված անձնակազմի զորահավաքային պատրաստության, ինչպես նաեւ դրանց մարտական պատրաստության ապահովումը.

38) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպումը.

39) պետական մարմինների, բնակչության ազդարարման եւ իրազեկման կազմակերպումը՝ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս.

40) արտակարգ իրավիճակներում ճառագայթային, քիմիական եւ մանրէաբանական հսկողության համակարգի աշխատանքների համակարգումն ու մասնակցությունը շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացմանը, ճառագայթային, քիմիական, կենսաբանական միջադեպերի արձագանքման կազմակերպումը, վարակված տարածքներում փրկարարական աշխատանքների իրականացման անվտագության ապահովումը.

41) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում իրականացվող միջոցառումներին պետական մարմինների ներգրավման նպատակով համապատասխան փոխհամագործակցության պլանների մշակումը.

42) մասնակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների, փրկարար ուժերի եւ փրկարարական կազմավորումների պատրաստման ու բնակչության ուսուցման կազմակերպմանը.

43) արտակարգ իրավիճակների կանխման եւ կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) հավաստի տեղեկատվության ստացումը, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրումը, հավաքագրված տվյալների եւ տեղեկատվության հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

44) փրկարարական ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքների եւ իրավական պաշտպանության իրականացումը.

45) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն կողմից սահմանված կանոններով փրկարարական աշխատանքների կազմակերպման նպատակով դեպքի վայրի պահպանության իրականացմանը.

46) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ ճգնաժամային կառավարման ապահովումը.

47) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 5. Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները

1. Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքներն են՝

1) մարդկանց կյանքի եւ առողջության ապահովման գերակայությունը.

2) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերի հրապարակայնությունը.

3) արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցմանը, ինչպես նաեւ այդ հետեւանքների վերացման ժամանակ բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործունեության ապահովման միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը.

4) արտակարգ իրավիճակների առաջացումը բացառելու նպատակով միայն ստուգված եւ տեխնիկական անվտանգությունն ապահովող փորձարկված միջոցառումների իրականացումը.

5) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման ու քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.

6) արտակարգ իրավիճակներում եւ ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով.

7) գործունեությունն արդարացված ռիսկի շրջանակներում.

8) փրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման, հաղորդակցության ուղիների, կենսաապահովման ու ռազմավարական նշանակության օբյեկտների վերականգնման համար փրկարարական ուժերի մշտական պատրաստականության ապահովումը:

Հոդված 6. Փրկարար ծառայության համակարգը, կառուցվածքը եւ ղեկավարումը

1. Փրկարար ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Փրկարար ծառայության տնօրենը՝ կենտրոնացված եւ միանձնյա ղեկավարման սկզբունքով:

2. Փրկարար ծառայության համակարգում գործում են կառուցվածքային ստորաբաժանումներ:

4. Փրկարար ծառայության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, պետական հիմնարկներ՝ առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման:

Հոդված 7. Փրկարար ծառայության պարտականությունները

1. Փրկարար ծառայությունը պարտավոր է՝

1) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելիս ու իրականացնելիս պաշտպանել եւ փրկել անձի կյանքն ու առողջությունը.

2) պատրաստ լինել փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական եւ հրդեհաշիջման աշխատանքների կատարմանը.

3) ապահովել սույն օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված լիազորությունների կատարումը:

2. Փրկարար ծառայության վրա այլ պարտականություններ կարող են դրվել օրենքով:

Հոդված 8. Փրկարար ծառայության իրավունքները

1. Փրկարար ծառայությունն իր խնդիրների կատարումն ապահովելու նպատակով իրավունք ունի՝

1) օրենքով սահմանված կարգով անարգել օգտագործելու կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցները եւ այլ գույքը (բացի հատուկ նշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցներից եւ այլ գույքից)՝ հետագա համարժեք փոխհատուցմամբ.

2) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման եւ այլ աշխատանքներում ներգրավելու բնակչությանը՝ կամավորության սկզբունքով.

3) արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման եւ իրականացման նպատակով հանձնարարություններ տալու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին.

4) արգելելու մուտքը արտակարգ իրավիճակի, փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման եւ այլ աշխատանքների կատարման վայր ու պահանջելու բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները:

Հոդված 9. Աջակցությունը Փրկարար ծառայության գործունեությանը

1. Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, քաղաքացիները պարտավոր են աջակցել Փրկարար ծառայությանը արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կազմակերպման եւ իրականացման ժամանակ:

2. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել արտակարգ իրավիճակների հետեւանքներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ու կատարել այդ ուղղությամբ Փրկարար ծառայության ծառայողների բոլոր ցուցումները:

3. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպություններն արտակարգ իրավիճակի վայր մեկնող, արտակարգ իրավիճակի վայրից մշտական տեղակայման վայր վերադարձող՝ Փրկարար ծառայության ստորաբաժանումներին պարտավոր են ցուցաբերել աջակցություն՝ տրամադրելով տրանսպորտի եւ կապի միջոցներից անվճար օգտվելու հնարավորություն հետագա համարժեք փոխհատուցման երաշխիքով՝ Կառավարության սահմանած կարգով:

4. Փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման եւ այլ աշխատանքների կատարման վայր մեկնելիս Փրկարար ծառայության տրանսպորտային միջոցներն օգտվում են առաջնահերթ երթեւեկության առավելությունից, անցման, վառելիքաքսուքային նյութերով, պահեստամասերով ապահովման եւ տեխնիկական սպասարկման առաջնահերթության իրավունքից:

ԳԼՈՒԽ 3

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 10. Ծառայությունը Փրկարար ծառայությունում

1. Փրկարար ծառայությունում ծառայությունը (այսուհետ՝ փրկարարական ծառայություն) պետական ծառայության առանձին տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

2. Փրկարար ծառայության խաղաղ եւ պատերազմական ժամանակաշրջանի հաստիքների առավելագույն թվաքանակը սահմանում է վարչապետը:

3. Համապատասխան նախարարության համակարգում գործող ուսումնական հաստատությունում, այլ ստորաբաժանումներում, Փրկարար ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առեւտրային կազմակերպություններում, պետական հիմնարկներում, ինչպես նաեւ այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում փրկարարական ծառայության գործուղված հաստիքների քանակը սահմանում է համապատասխան նախարարը՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խաղաղ ժամանակաշրջանի հաստիքների թվաքանակի շրջանակներում:

4. Փրկարար ծառայությունում, առանձին ստորաբաժանումների առանձնահատկություններից ելնելով, առանձին պաշտոններում կարող են նշանակվել (աշխատանքի ընդունվել) քաղաքացիական ծառայողներ՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

5. Փրկարարական ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա եւ կենտրոնացված ղեկավարման միջոցով:

Հոդված 11. Փրկարար ծառայության պատերազմական ժամանակաշրջանի հաստիքացուցակը

1. Փրկարար ծառայության պատերազմական ժամանակաշրջանի հաստիքացուցակը սահմանում է համապատասխան նախարարը:

2. Փրկարար ծառայության պատերազմական ժամանակաշրջանի հաստիքներին կցագրումը եւ հաստիքների համալրումը կատարվում է «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով՝ զորահավաքային զորակոչի միջոցով Փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրման եղանակով, այդ թվում՝ փրկարարական ծառայությունից ազատված ու պահեստազորում հաշվառված (ինչպես զինված ուժերի պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված, այնպես էլ՝ չկցագրված) քաղաքացիներից:

Հոդված 12. Փրկարարական ծառայության ծառայողը

1. Փրկարարական ծառայության ծառայող է համարվում փրկարարական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կոչում ու տվել է երդում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի ռեզերվում:

2. Փրկարարական ծառայության ծառայողը պետական ծառայող է:

3. Պարտադիր զինվորական ծառայության, առողջական վիճակի, ինչպես նաեւ ֆիզիկական պատրաստվածության հետ անմիջականորեն չկապված առանձին գործառույթների իրականացման համար փրկարարական ծառայությունում կարող են ընդգրկվել նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր լրիվ կամ մասնակի կորցրել են ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը կամ հնարավորությունը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասից բխող հարաբերություններին վերաբերող հարցերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:

5. Փրկարարական ծառայությունում երաշխավորվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային զբաղվածության ապահովումը:

Հոդված 13. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերը եւ փրկարարական ծառայության պաշտոնների անվանացանկը

1. Փրկարարական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Փրկարարական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) փրկարարական ծառայության ավագ պաշտոններ.

4) փրկարարական ծառայության միջին պաշտոններ.

5) փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է փրկարարական ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է համապատասխան նախարարը:

4. Փրկարար ծառայության ղեկավարը եւ տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում փրկարարական ծառայության պաշտոնների անվանացանկում:

5. Սույն օրենքով փրկարարական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են Փրկարար ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը Փրկարար ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

6. Փրկարար ծառայության տնօրենի եւ տնօրենի տեղակալի ծառայության ստաժը հաշվարկվում է փրկարարական ծառայության ստաժում:

7. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարարական ծառայությունների պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 14. Փրկարարական ծառայության կոչումները

1. Փրկարարական ծառայության կոչումները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) փրկարարական ծառայության բարձրագույն կոչումներ՝

ա. փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտ,

բ. փրկարարական ծառայության գեներալ-մայոր.

2) փրկարարական ծառայության գլխավոր կոչում՝ փրկարարական ծառայության գնդապետ.

3) փրկարարական ծառայության ավագ կոչումներ՝

ա. փրկարարական ծառայության փոխգնդապետ,

բ. փրկարարական ծառայության մայոր.

4) փրկարարական ծառայության միջին կոչումներ՝

ա. փրկարարական ծառայության կապիտան,

բ. փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ,

գ. փրկարարական ծառայության լեյտենանտ.

5) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ՝

ա. փրկարարական ծառայության ավագ ենթասպա,

բ. փրկարարական ծառայության ենթասպա,

գ. փրկարարական ծառայության ավագ,

դ. փրկարարական ծառայության ավագ սերժանտ,

ե. փրկարարական ծառայության սերժանտ,

զ. փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ,

է. փրկարարական ծառայության շարքային:

2. Փրկարար ծառայության տնօրենին եւ նրա տեղակալներին կարող են շնորհվել փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի եւ փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչումներ:

3. Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ եւ գեներալ-մայոր կոչումները շնորհում է Հանրապետության Նախագահը՝ Վարչապետի առաջարկությամբ:

4. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին կոչումներ շնորհում է համապատասխան նախարարը:

5. Փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ շնորհում է Փրկարար ծառայության տնօրենը:

6. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, տվյալ կոչումով ծառայելու ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողի զբաղեցրած պաշտոնին համապատասխան, բացառությամբ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի:

7. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունների սովորողներին, ասպիրանտներին կոչումներ շնորհվում են ուսումնառության անցնելուց առաջ զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

8. Փրկարարական ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

9. Փրկարարական ծառայությունը սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 11-րդ եւ 13-րդ կետերի հիմքով դադարեցրած փրկարարական ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:

Հոդված 15. Փրկարարական ծառայության պաշտոնների խմբերին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումները

1. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գեներալ-լեյտենանտի կոչումն է:

2. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության գնդապետի կոչումն է:

3. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության փոխգնդապետ կոչումն է:

4. Փրկարարական ծառայության միջին պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության կապիտան կոչումն է:

5. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններին համապատասխանող փրկարարական ծառայության կոչումների վերին սահմանը փրկարարական ծառայության ավագ ենթասպա կոչումն է:

Հոդված 16. Փրկարարական ծառայության կոչումների շնորհման ժամկետները եւ ժամկետների հաշվարկման կարգը

1. Փրկարարական ծառայության կոչումների համար սահմանվում են փրկարարական ծառայության կոչումներով ծառայության հետեւյալ ժամկետները.

1) փրկարարական ծառայության կրտսեր կոչումներ՝

ա. փրկարարական ծառայության շարքային՝ 6 ամիս,

բ. փրկարարական ծառայության կրտսեր սերժանտ՝ 6 ամիս,

գ. փրկարարական ծառայության սերժանտ՝ 6 ամիս,

դ. փրկարարական ծառայության ավագ սերժանտ՝ 1 տարի,

ե. փրկարարության ծառայության ավագ՝ 1 տարի,

զ. փրկարարական ծառայության ենթասպա՝ 2 տարի,

է. փրկարարական ծառայության ավագ ենթասպա՝ ժամկետ չի սահմանվում.

2) փրկարարական ծառայության միջին կոչումներ՝

ա. փրկարարական ծառայության լեյտենանտ՝ 2 տարի,

բ. փրկարարական ծառայության ավագ լեյտենանտ՝ 2 տարի,

գ. փրկարարական ծառայության կապիտան՝ 3 տարի.

3) փրկարարական ծառայության ավագ կոչումներ՝

ա. փրկարարական ծառայության մայոր՝ 3 տարի,

բ. փրկարարական ծառայության փոխգնդապետ՝ 4 տարի.

4) փրկարարական ծառայության գնդապետի եւ բարձրագույն կոչումով ծառայության ժամկետներ չեն սահմանվում:

2. Փրկարար ծառայությունում կամ այլ պետական մարմիններում ծառայություն անցնող (անցած) եւ զինվորական կամ այլ հատուկ կոչում (դասային աստիճան) ունեցող քաղաքացիների կոչումների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

3. Սույն օրենքով սահմանված կարգով կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ գտնվող ծառայողների հերթական կոչման շնորհումը հետաձգվում է մինչեւ նշված խոչընդոտների վերանալը:

4. Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

Հոդված 17. Փրկարարական ծառայողի իջեցված կոչումը վերականգնելը

1. Փրկարարական ծառայողի իջեցված կոչումը վերականգնվում է տույժի վերացման հետ միաժամանակ:

Հոդված 18. Փրկարարական ծառայողի կոչում ստանալուն խոչընդոտելը

1. Փրկարարական ծառայողի՝ սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կոչում ստանալուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 4

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ

Հոդված 19. Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու եւ դրանից զրկելու կարգը

1. Փրկարարական ծառայողներին փրկարարական կոչում շնորհվում է՝ հաշվի առնելով նրանց զբաղեցրած պաշտոնը եւ սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ:

2. Փրկարարական ծառայողին փրկարարական կոչում շնորհվում է անհատական կարգով: Դա լինում է սկզբնական, հերթական եւ արտահերթ:

3. Փրկարարական կոչում շնորհելու ներկայացումների եւ հրամանների ձեւն ու բովանդակությունը, ինչպես նաեւ ձեւակերպելու եւ ներկայացնելու կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

4. Փրկարարական ծառայողների փրկարարական կոչումն իջեցվում է մեկ աստիճանով՝ տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ՝ որպես կարգապահական տույժ:

5. Փրկարարական ծառայողները փրկարարական կոչումից զրկվում են դատարանի դատավճռով:

6. Փրկարարական ծառայողների փրկարարական կոչումն իջեցնելը, դրանից զրկելը եւ հետագայում վերականգնելն իրականացվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 20. Սկզբնական փրկարարական կոչումը

1. Սկզբնական փրկարարական կոչում են՝

1) բարձրագույն, գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոնների համար՝ «լեյտենանտը».

2) կրտսեր խմբի պաշտոնների համար՝ «շարքայինը»:

Հոդված 21. «Շարքային» փրկարարական կոչում շնորհելը

1. «Շարքային» փրկարարական կոչում շնորհվում է՝

1) փրկարարական ծառայության ընդունված քաղաքացիներին՝ որակավորում անցնելուց հետո.

2) համապատասխան նախարարության ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին՝ որպես կուրսանտ գրանցելիս:

Հոդված 22. «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհելը

1. «Լեյտենանտ» փրկարարական կոչում շնորհվում է՝

1) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողներին՝ բարձրագույն կրթության առկայության դեպքում՝ միջին կամ ավագ խմբերի (բայց ոչ ավելի, քան «մայոր» հաստիքային) պաշտոնի նշանակվելիս.

2) փրկարարական ծառայության ընդունված եւ «լեյտենանտ» ու ավելի բարձր (բայց ոչ ավելի, քան «մայոր») հաստիքային պաշտոնի նշանակված այն քաղաքացիներին, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

Հոդված 23. Հերթական փրկարարական կոչում շնորհելը

1. Հերթական փրկարարական կոչում շնորհվում է հաջորդական կարգով, եթե փրկարարական ծառայողի զբաղեցրած հաստիքային պաշտոնը համապատասխանում է շնորհվող փրկարարական կոչմանը:

2. Հերթական փրկարարական կոչում շնորհվում է նախորդ փրկարարական կոչումը կրելու ժամկետն ավարտվելու օրը:

3. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ունկնդիր, ադյունկտ (ասպիրանտ), օրդինատոր եւ դոկտորանտ փրկարարական ծառայողներին հերթական փրկարարական կոչում, մինչեւ «գնդապետը» ներառյալ, շնորհվում է նախկին կոչումով ծառայության ժամկետը լրանալու օրը, եթե հերթական փրկարարական կոչումը համապատասխանում է մինչեւ ուսման ընդունվելն զբաղեցրած հաստիքային պաշտոնով նախատեսված փրկարարական կոչմանը:

4. Հերթական փրկարարական կոչումը կարող է շնորհվել վաղաժամկետ՝ խրախուսման կարգով՝ փրկարարական ծառայության կազմակերպման գործում նշանակալի անձնական վաստակ ունեցող եւ (կամ) պաշտոնեական պարտականությունները բարեխիղճ կատարող փրկարարական ծառայողներին, բայց տվյալ կոչումի համար սույն օրենքով սահմանված ժամկետի առնվազն կեսը լրանալուց հետո եւ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված փրկարարական կոչումից ոչ բարձր:

5. Կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում փրկարարական ծառայողին չի շնորհվում փրկարարական կոչում, ինչպես նաեւ վերը նշված ժամանակահատվածը չի հաշվարկվում փրկարարական կոչումով ծառայության ժամկետում:

6. Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակելու ժամանակ հերթական կոչում շնորհելիս հաշվի է առնվում նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը: Այս դեպքում հերթական՝ կրտսեր եւ միջին կոչումները շնորհվում են փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնում վեց ամիս, իսկ ավագ եւ գլխավոր կոչումները՝ մեկ տարի ծառայելուց հետո:

Հոդված 24. Հերթական փրկարարական կոչում շնորհելու կարգը

1. Տվյալ փրկարարական կոչումով ծառայության ժամկետը հաշվարկվում է կոչում շնորհելու օրվանից: Դա ներառվում է փրկարարական ծառայության ժամկետում եւ դրանում հաշվի են առնվում՝

1) անհիմն քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ ծառայությունից անօրինական ազատելու եւ հետագայում վերականգնելու հետեւանքով ընդհատված ժամանակահատվածը.

2) կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը:

Հոդված 25. Փրկարարական կոչումը վերականգնելը

1. Նախկին փրկարարական կոչումը վերականգնում է փրկարարական կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ կոչումից զրկված անձանց դատվածության հանման կամ մարման դեպքերում:

2. Փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ դիմումները ընթացք են տրվում կոչում շնորհելու ներկայացման համար սահմանված կարգով:

3. Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին փրկարարական կոչումը վերականգնվում է փրկարարական կոչումից զրկվելու օրվանից՝ արդարացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:


ԳԼՈՒԽ 5

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

Հոդված 26. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

1. Փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ՝ իգական սեռի կամ այն քաղաքացիների, որոնք օրենքով սահմանված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից) եւ դիմելու պահին չի լրացել վերջինիս 35 տարին (բացառությամբ՝ սույն հոդվածի 5-րդ մասով եւ սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, հոգեբանական եւ հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններով, կրթությամբ, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

2. Փրկարարական ծառայողին, ինչպես նաեւ փրկարարական ծառայությունում ծառայության անցնող քաղաքացիներին ներկայացվող մասնագիտական եւ ֆիզիկական պատրաստվածության հետ կապված պահանջները սահմանում է համապատասխան նախարարը:

3. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաեւ փրկարարական ծառայողները համապատասխան նախարարի սահմանած կարգով անցնում են հոգեբանական եւ հոգեֆիզիոլոգիական հետազոտություն:

4. Առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար կարող են սահմանվել այլ (այդ թվում՝ տարիքային) պահանջներ: Այդ մասնագիտությունների ցանկը եւ դրանց համար նախատեսված պահանջները սահմանում է համապատասխան նախարարը:

5. Փրկարարական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում՝ փրկարարական ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված ծառայողներ, ինչպես նաեւ վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված փրկարարական ծառայության, զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների նախկին ծառայողներ, եթե բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

6. Փրկարարական ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն եւ (կամ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը եւ (կամ) չի բավարարում սույն օրենքի 29-րդ եւ 64-րդ հոդվածների պահանջները:

7. Փրկարարական ծառայողների առաջխաղացումը կարող է իրականացվել սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով երեք տարին մեկ անգամ ատեստավորման արդյունքում ձեւավորված փրկարարական ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակներից:

8. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու եւ պաշտոնի նշանակվելու կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

9. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը սահմանում է համապատասխան նախարարը:

10. Փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 27. Ծառայողի երդումը

1. Առաջին անգամ փրկարարական ծառայությունում ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջեւ տալիս են հետեւյալ տեքստով երդում.

«Ես, անցնելով փրկարարական ծառայության Փրկարար ծառայությունում, հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, կատարել Սահմանադրության եւ օրենքների պահանջները, բարեխղճորեն կատարել իմ պաշտոնեական պարտականությունները: Երդվում եմ:

Հոդված 28. Ծառայողին պաշտոնի նշանակելը

1. Փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) եւ պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:

2. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Փրկարար ծառայության տնօրենը՝ անմիջական ղեկավարի առաջարկությամբ:

3. Փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարվում է ծառայողի զինվորական գործի հիման վրա, որը կադրային մարմնի հարցման դեպքում տրամադրում է զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանումը: Փրկարարական ծառայությունից ազատվելու դեպքում անձնական գործն ուղարկվում է զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ հետագա հաշվառման համար:

Հոդված 29. Փրկարար ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, փրկարարական ծառայության պաշտոնի անձնագրի, կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները

1. Փրկարար ծառայության ղեկավար նշանակվում է այն ծառայողը կամ քաղաքացին, որը ունի առնվազն «գնդապետ» կոչում:

2. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը կամ քաղաքացին, որը ունի առնվազն «գնդապետ» կոչում:

3. Փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնում կարող է նշանակվել այն ծառայողը, որն առնվազն չորս տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

4. Փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը վերջին երկու տարում զբաղեցրել են գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի՝ ավագ խմբի պաշտոն եւ ունեն փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

5. Փրկարարական ծառայության ավագ խմբի «փոխգնդապետ» հաստիքային պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն ավագ լեյտենանտից ոչ ցածր կոչում:

6. Փրկարարական ծառայության միջին եւ ավելի բարձր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում:

7. Փրկարարական ծառայության ավագ եւ միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ տվյալ պաշտոնում առնվազն երկու տարի ծառայելուց հետո, իսկ փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

Սույն մասում նշված ծառայողների ժամկետից շուտ առաջխաղացումը կարող է կատարվել նրանց պաշտունում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ՝ ծառայողական պարտականությունները եւ (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար:

8. Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են ուսումնական փորձաշրջանի արդյունքներով, բացառությամբ փրկարարական ծառայությունից նախկինում ազատված եւ փրկարարական ծառայության ընդունվող քաղաքացիների, ինչպես նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմիններից տեղափոխվող ծառայողների:

9. Փրկարարական ծառայության կրտսեր խմբի՝

1) ենթասպայական պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն միջնակարգ կրթության առկայության դեպքում.

2) շարքային եւ սերժանտական պաշտոններում նշանակումը կատարվում է առնվազն հիմնական կրթության առկայության դեպքում:

10. Փրկարարական ծառայության պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը հաստատում է համապատասխան նախարարը:

Փրկարարական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) փրկարարական ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող փրկարարական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող փաստաթուղթ է:

11. Ուսման գործուղված եւ ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողները նշանակվում են իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում՝ ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:

12. Փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնների նշանակվելու համար դիմած եւ ծառայության պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող քաղաքացիները մինչեւ պաշտոնի նշանակվելը (մրցույթային կարգով պաշտոնի նշանակվելու դեպքում՝ մրցույթը հաղթահարելուց հետո) լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջոցով ներգրավվում են եռամսյա ուսումնական դասընթացների նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում, եւ նրանց հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր, եւ վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները եւ դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

13. Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

Հոդված 30. Փրկարարական ծառայություն անցնելու պայմանագիրը

1. Փրկարարական ծառայություն անցնելու պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) փրկարարական ծառայության անցնող քաղաքացու եւ համապատասխան նախարարության միջեւ կնքվող գրավոր համաձայնություն է՝ սույն օրենքի պահանջների հիման վրա պայմանագրով սահմանված պայմաններով եւ ժամկետում փրկարարական ծառայություն անցնելու մասին:

2. Պայմանագիրը կնքվում է 3 ամսից մինչեւ 5 տարի ժամկետով, որը ստորագրում է՝

1) բարձրագույն, գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար համապատասխան նախարարը կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը.

2) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության տնօրենը կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը:

3. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից:

4. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու դեպքում՝ սույն օրենքով սահմանված փրկարարական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Պայմանագրի ժամկետը հաշվարկվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրա առաջին օրինակը կարվում է փրկարարական ծառայողի անձնական գործում, երկրորդը հանձնվում է փրկարարական ծառայողին:

6. Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում փրկարարական ծառայողի հետ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կողմերի համաձայնությամբ՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներով:

7. Պայմանագրի օրինակելի ձեւը, կնքելու կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

8. Պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարում է ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում պաշտոնից ազատելու օրը:

Հոդված 31. Փրկարարական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Փրկարարական ծառայության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում պաշտոնի նշանակումը կատարվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

2. Մինչեւ սույն հոդվածի 1-ին մասում նշված փրկարարական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը՝ 40-օրյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով նշանակելու տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջները բավարարող ծառայողին (քաղաքացուն):

3. Թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտամրցութային կարգով նշանակում չկատարվելու դեպքում փրկարարական ծառայության ավագ եւ գլխավոր խմբերի թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով:

4. Մրցույթի անցկացման կարգը եւ պայմանները սահմանում է Կառավարությունը:

5. Փրկարարական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաեւ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները, ինչպես նաեւ վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված նախկին ծառայողները, եթե բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:

6. Եթե փրկարարական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

7. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

8. Փրկարարական ծառայության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում փրկարարական ծառայողների առաջխաղացումը կատարվում է սույն հոդվածով սահմանված արտամրցութային կարգով կամ մրցույթով:

Հոդված 32. Փրկարարական ծառայողների ատեստավորման կարգը եւ պայմանները, ծառայողական առաջխաղացման ցուցակները

1. Յուրաքանչյուր տարի փրկարարական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Փրկարարական ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Փրկարարական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Փրկարարական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված միջնորդության հիման վրա կամ փրկարարական ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է փրկարարական ծառայողի անմիջական մասնակցությամբ: Փրկարարական ծառայության բարձրագույն եւ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացվում է հարցազրույցի միջոցով: Փրկարարական ծառայության ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորումն անցկացվում է թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող փրկարարական ծառայողները.

2) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարական ծառայողները:

7. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող փրկարարական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո:

8. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ փրկարարական ծառայողները ատեստավորվում են վերադառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

9. Փրկարարական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

10. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը հանձնաժողովին է ներկայացնում փրկարարական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ փրկարարական ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված գրավոր հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

11. Փրկարարական ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ ստորագրությամբ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

12. Փրկարարական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը եւ պայմանները սահմանում է համապատասխան նախարարը:

13. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում եւ հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է համապատասխան նախարարը: Ելնելով ծառայության առանձնահատկություններից՝ համապատասխան նախարարը կարող է ձեւավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

14. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովը ընդունում է հետեւյալ որոշումներից միայն մեկը՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն՝ առաջարկելով փրկարարական ծառայողին ներառել ծառայողական առաջխաղացման ցուցակում.

3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին՝ առաջարկելով ատեստավորումը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով եւ փրկարարական ծառայողին գործուղել վերապատրաստման:

15. Փրկարարական ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին եւ բողոքարկելու դրանք ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում՝ վերադասության կարգով:

16. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ «կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն» որոշման դեպքում փրկարարական ծառայողը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընդգրկվում է փրկարարական ծառայողների ծառայողական առաջխաղացման ցուցակում:

17. Փրկարարական ծառայողը ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվում է երեք տարի ժամկետով:

18. Պաշտոնի նշանակվելու դեպքում փրկարարական ծառայողը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հանվում է ծառայողական առաջխաղացման ցուցակից:

19. Ատեստավորման արդյունքներն ու կայացված որոշումները հանձնաժողովը, ատեստավորման օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումը:

20. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերին համապատասխան ընդունված որոշումը ենթակա է պարտադիր կատարման ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:

21. Սույն հոդվածի 19-րդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:

22. Ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա՝ աշխատանքի ներկայանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:

23. Ատեստավորման արդյունքները պահվում են ծառայողի անձնական գործում:

Հոդված 33. Փրկարարական ծառայողի վերապատրաստումը եւ որակավորումը

1. Փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողները նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ կամ փրկարարական ծառայողի ցանկությամբ կարող են անցնել վերապատրաստում համապատասխան նախարարության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:

2. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

3. Վերապատրաստում անցնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

4. Փրկարարական ծառայողների որակավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ԳԼՈՒԽ 6

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 34. Փրկարարական ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը

1. Փրկարարական ծառայողի ցանկությամբ (այդ թվում՝ ընտանեկան պայմաններից ելնելով՝ իր զեկուցագրի համաձայն) եւ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնության դեպքում փրկարարական ծառայողը կարող է փոխադրվել կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր պաշտոնին կամ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում՝ ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի եւ (կամ) ծառայության այլ վայր՝ անկախ տվյալ պաշտոնում ծառայելու ժամանակահատվածից:

Հոդված 35. Փրկարարական ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը

1. Փրկարարական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել՝

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի եւ (կամ) ծառայության այլ վայր՝ Փրկարար ծառայության այլ ստորաբաժանումում (այդ թվում՝ ծառայության մեջ նրա կարողություններն առավել նպատակային օգտագործելու անհրաժեշտությունից ելնելով)՝ տվյալ պաշտոնում առնվազն վեց ամիս ծառայելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում՝ ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխությունների եւ/կամ հաստիքների կրճատման հետ.

3) այլ պաշտոնի, առողջական վիճակից ելնելով՝ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

4) սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում:

Հոդված 36. Փրկարարական ծառայողին այլ պետական մարմիններ տեղափոխելը

1. Փրկարարական ծառայողը հետագա ծառայությունը շարունակելու համար այլ պետական մարմիններ տեղափոխվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 37. Փրկարարական ծառայողին այլ մարմիններ գործուղման կարգը եւ ծառայության անցման առանձնահատկությունները

1. Փրկարարական ծառայողները կարող են գործուղվել պետական մարմիններ, ուսումնական հաստատություններ (այսուհետ՝ այլ մարմիններ)՝ հետագա ծառայությունը շարունակելու: Գործուղումն իրականացվում է փրկարարական ծառայողի համաձայնությամբ՝ այլ մարմնի հարցման հիման վրա:

2. Գործուղված փրկարարական ծառայողի փրկարարական կոչման շնորհումը, փրկարարական ծառայությունից ազատումը, խրախուսումը, այդ թվում՝ պետական պարգեւներով պարգեւատրումը, կարգապահական տույժի ենթարկելը եւ ծառայության հետ կապված այլ հարցերը կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան նախարարին ներկայացված այն մարմնի ղեկավարի միջնորդությամբ, որտեղ գործուղվել է փրկարարական ծառայողը:

3. Գործուղման անհրաժեշտությունը վերանալուց հետո փրկարարական ծառայողներն ուղարկվում են գործուղող մարմին՝ նրանց հետագա ծառայության վերաբերյալ որոշում ընդունելու համար: Փրկարարական ծառայությունը շարունակելու ցանկություն չհայտնած փրկարարական ծառայողն ազատվում է փրկարարական ծառայությունից՝ առանց փրկարարական ծառայության պաշտոնի նշանակվելու:

Հոդված 38. Փրկարարական ծառայողին պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու կարգը

1. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ փրկարարական ծառայողը կարող է նշանակվել այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող՝

1) թափուր պաշտոնի՝ մինչեւ վեց ամիս ժամկետով.

2) տվյալ պաշտոնը զբաղեցնող փրկարարական ծառայողի ժամանակավոր բացակայության դեպքում՝ մինչեւ չորս ամիս ժամկետով (արձակուրդի (բացառությամբ՝ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու), ժամանակավոր անաշխատունակության, մեկ ամսից ավելի ժամկետով գործուղման, լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում): Երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող փրկարարական ծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակվում են պաշտոնը զբաղեցնողի՝ երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամկետի ընթացքում:

2. Փրկարարական ծառայողին պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակում եւ ազատում է տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Առանձնահատուկ դեպքերում փրկարարական ծառայության թափուր (բայց ոչ ավելի, քան «մայոր» հաստիքային պաշտոնի) պաշտոնի կարող է նշանակվել նաեւ փրկարարական ծառայության մեջ չգտնվող անձը՝ համապատասխան նախարարի հրամանով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 39. Փրկարարական ծառայողի իրավունքները

1., «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի փրկարարական ծառայողների հիմնական իրավունքներն են՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը՝ իր նկատմամբ անհիմն մեղադրանքների եւ կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

2) առողջության պահպանումը.

3) փրկարարական ծառայության պաշտոնի եւ կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.

4) նշանակման արդյունքները բողոքարկելը.

5) արտակարգ իրավիճակի վայրում բնակելի եւ արտադրական տարածքներ ու կազմակերպություններ մուտք գործելը.

6) մարդկանց փրկության եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կապի, տրանսպորտի եւ այլ նյութական միջոցներ օգտագործելը:

Հոդված 40. Փրկարարական ծառայողի պարտականությունները

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, փրկարարական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

2) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

3) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

4) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ եւ հավաստի տեղեկատվություն ստանալը.

5) պահանջել արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից՝ պահպանել անվտանգության կանոնները:

Հոդված 41. Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ փրկարարական ծառայողն իրավունք չունի՝

1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի.

2) լինելու որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ.

3) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:

ԳԼՈՒԽ 8

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

Հոդված 42. Փրկարարական ծառայողի վարձատրությունը

1. Փրկարարական ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Փրկարարական ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 43. Աշխատաժամանակի տեւողությունը

1. Փրկարարական ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ 40 ժամ տեւողությամբ:

2. Առողջության համար վնասակար պայմաններում ծառայողական պարտականություններ կատարող փրկարարական ծառայողների համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տեւողություն:

3. Աշխատաժամանակի կրճատ տեւողություն ունեցող ծառայությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաեւ այդ աշխատաժամանակի տեւողությունը եւ վարձատրության պայմանները սահմանում է Կառավարությունը:

Հոդված 44. Արտաժամյա ծառայությունը

1. Փրկարարական ծառայողն արտաժամյա ծառայության ներգրավվում է՝

1) արտակարգ իրավիճակների ժամանակ.

2) ռազմական դրության ժամանակ.

3) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ.

4) ուսումնական հավաքների եւ վարժանքների ժամանակ.

5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Փրկարարական ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տեւողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Ծառայողի արտաժամյա ծառայության տեւողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը:

3. Արտակարգ իրավիճակների եւ ռազմական դրության ժամանակ փրկարարական ծառայողին թույլատրվում է ներգրավել այլ տեւողությամբ արտաժամյա ծառայության, բայց օրական 12 ժամից ոչ ավել: Այս դեպքում օրվա ընթացքում ծառայության տեւողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 20 ժամը:

Հոդված 45. Հանգստյան եւ տոն օրերին ծառայողին ծառայության ներգրավելը

1. Փրկարարական ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան եւ տոն օրերին:

Հոդված 46. Հերթափոխային աշխատանքը

1. Ծառայության առանձնահատկություններից ելնելով՝ ծառայությունը կարող է տարվել մեկ լրիվ օր տեւողությամբ, որից հետո ծառայողին տրվում է 3 օր հանգիստ:

Հոդված 47. Հերթապահության ժամանակը

1. Հերթապահության ժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում փրկարարական ծառայողն իր հանգստի ժամանակ պետք է լինի հասանելի հերթապահ ծառայության համար՝ որոշակի վայրում ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված պարտականություններ կատարելու համար:

2. Հերթապահության ժամանակի տեւողությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր ամսվա համար 150 ժամը:

Հոդված 48. Փրկարարական ծառայողի արձակուրդը

1. Փրկարարական ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետեւյալ արձակուրդները.

1) հերթական (ամենամյա).

2) ուսումնական.

3) լրացուցիչ.

4) հիվանդության պատճառով.

5) հղիության եւ ծննդաբերության, երեխայի խնամքի, ընդ որում՝ վարձատրությունը պահպանվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակ:

Հոդված 49. Հերթական (ամենամյա) արձակուրդը

1. Փրկարարական ծառայողներին յուրաքանչյուր տարի տրվում է հերթական (ամենամյա) արձակուրդ, որի տեւողությունը սահմանվում է՝

1) մինչեւ 15 օրացուցային տարի ծառայության համար՝ 30 օր.

2) 15-25 օրացուցային տարի ծառայության համար՝ 40 օր.

3) 25 եւ ավելի օրացուցային տարի ծառայության համար՝ 45 օր:

2. Փրկարարական ծառայողի ցանկությամբ հերթական արձակուրդը կարող է տրվել մաս-մաս՝ 15 օրից ոչ պակաս տեւողությամբ:

3. Փրկարարական ծառայող ամուսինների ցանկությամբ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:

Հոդված 50. Ուսումնական արձակուրդը

1. Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին տրվում է՝

1) ձմեռային արձակուրդ՝ 15 օր տեւողությամբ.

2) ամառային արձակուրդ՝ 30 օր տեւողությամբ:

2. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձեւով սովորող փրկարարական ծառայողներին ուսումնական արձակուրդ տրամադրվում է ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:

3. Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման եւ/կամ վերապատրաստման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական վճարների չափը եւ վճարման կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 51. Լրացուցիչ արձակուրդը

1. Փրկարարական ծառայության ծառայողներին լրացուցիչ արձակուրդը տրվում է՝

1) ծառայության հատուկ պայմանների եւ վնասակար աշխատանք կատարելու համար՝ 10 օր տեւողությամբ.

2) ընտանեկան հանգամանքների բերմամբ եւ այլ հարգելի պատճառներով՝ 10 օր տեւողությամբ, որը կարող է տրվել մաս-մաս՝ 5 օրից ոչ պակաս տեւողությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լրացուցիչ արձակուրդը տրվում է հերթական արձակուրդից հետո կամ փրկարարական ծառայողի ցանկությամբ միացվում է հերթականին:

3. Լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող վնասակար աշխատանքների, ծառայության հատուկ եւ այլ պայմանների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 52. Հիվանդության արձակուրդը

1. Հիվանդության պատճառով փրկարարական ծառայողին արձակուրդ տրվում է համապատասխան նախարարի ստեղծած բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

2. Հիվանդության պատճառով փրկարարական ծառայողին տրվում է արձակուրդ մինչեւ 60 օր տեւողությամբ, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում նախատեսված դեպքերի:

3. Բուժման եւ հիվանդության պատճառով տրված արձակուրդում գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատեւ ժամկետներ՝ վեց ամսից ոչ ավելի:

Սույն մասում նշված չորս ամսյա ժամկետը կարող է երկարաձգվել համապատասխան նախարարի որոշմամբ՝ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

4. Բուժման եւ հիվանդության պատճառով տրված արձակուրդի ժամկետն ավարտվելուց հետո փրկարարական ծառայողները ենթակա են բժշկական հանձնաժողովի հետազոտման՝ փրկարարական ծառայությանը պիտանելիությունը որոշելու համար:

5. Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում:

6. Փրկարարական ծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում:

Հոդված 53. Հղիության, ծննդաբերության եւ երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը

1. Կին փրկարարական ծառայողին հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ընթացքում դրամական ու նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից առաջ կամ անմիջապես հետո կին փրկարարական ծառայողին, իր զեկուցագրի համաձայն, տրվում է տվյալ տարվա համար չօգտագործված հերթական (ամենամյա) արձակուրդը:

3. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ երեխայի խնամքի համար արձակուրդի ժամկետը հաշվարկվում է կին փրկարարական ծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, միանվագ դրամական պարգեւատրման, կենսաթոշակ հաշվարկելու եւ փրկարարական ծառայության կոչում շնորհելու համար:

4. Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին փրկարարական ծառայողի պաշտոնը պահպանվում է:

5. Հղիության եւ ծննդաբերության տարում կին փրկարարական ծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տեւողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար՝ մինչեւ օրացուցային տարվա ավարտը, ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց՝ սույն օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տեւողությունը 12-ի բաժանելու եւ ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով, բայց 15 օրից ոչ պակաս: Ընդ որում՝ ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են՝ ավելացման միտումով: 15 օրից պակաս տեւողությամբ արձակուրդի օրերը միացվում են հաջորդ տարվա հերթական (ամենամյա) արձակուրդի օրերին:

Հոդված 54. Արձակուրդ տալու կարգը եւ առանձնահատկությունները

1. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ համաձայն հաստատված պլան-ժամանակացույցի: Արձակուրդ տալու կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

2. Հերթական արձակուրդից փրկարարական ծառայողին հետ կանչել թույլատրվում է միայն ծառայողական ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ արձակուրդ տրամադրած պաշտոնատար անձի հրամանով: Նման դեպքում չօգտագործված արձակուրդի մասը տրամադրվում է նույն տարում, եթե կազմում է 15 օր եւ ավելի: Եթե չօգտագործած արձակուրդի օրերը կազմում են 15 օրից պակաս, փրկարարական ծառայողի ցանկությամբ տրվում են հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում կամ միացվում են հաջորդ տարվա հերթական (ամենամյա) արձակուրդի օրերին:

3. Ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում փրկարարական ծառայողի արձակուրդն ընդհատվում է մինչեւ ռազմական դրությունը դադարեցվելը կամ արտակարգ իրավիճակի գործողության դադարումը, բացառությամբ հիվանդության, կին փրկարարական ծառայողի հղիության, ծննդաբերության եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ինչպես նաեւ բացառությամբ այն փրկարարական ծառայողների, որոնք համապատասխան նախարարի սահմանած կարգով բացակայում են Հայաստանի Հանրապետության տարածքից:

4. Հերթական արձակուրդի օգտագործման ժամանակը որոշելու իրավունք վերապահվում է՝

1) մարտական գործողությունների մասնակիցներին.

2) մինչեւ 16 տարեկան 3 եւ ավել երեխա ունեցող փրկարարական ծառայողներին.

3) հաշմանդամ ամուսին կամ երեխա ունեցող փրկարարական ծառայողներին:

5. Եթե հիվանդության կամ այլ հարգելի պատճառով փրկարարական ծառայողը չի օգտվել հերթական արձակուրդից, ապա արձակուրդը տրվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում:

6. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած փրկարարական ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործած օրերի թվով՝ հիմք ընդունելով բուժող բժշկի եւ/կամ բժշկական հիմնարկի համապատասխան տեղեկանքը:

7. Ծառայության ընդունվելու եւ ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տեւողությունը 12-ի բաժանելու եւ ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում՝ ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են՝ ավելացման միտումով:

8. Ծառայությունից ազատվելու դեպքում փրկարարական ծառայողին չօգտագործած հերթական արձակուրդի օրերի դիմաց վճարվում է դրամական փոխհատուցում, որի հաշվարկման եւ վճարման կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 55. Փրկարարական ծառայության համազգեստը

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փրկարարական ծառայողին տրվում է փրկարարական ծառայության համազգեստ:

2. Փրկարարական ծառայության համազգեստի ձեւը, տրման կարգը, օգտագործման ժամկետները սահմանում է Կառավարությունը:


ԳԼՈՒԽ 9

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ, ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

Հոդված 56. Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, արտակարգ իրավիճակների դեպքում անձնուրաց ծառայության, ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն ու պատշաճ կատարելու համար փրկարարական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) մեդալի կամ կրծքանշանի շնորհում.

5) պարգեւատրում պատվոգրով.

6) նախկինում նշանակված կարգապահական տույժի՝ ժամկետից շուտ հանում.

7) վաղաժամկետ կոչումի շնորհում:

2. Փրկարարական կոչումը կրելու ժամկետը լրացած փրկարարական ծառայողներին փրկարարական ծառայության ընթացքում խրախուսման կարգով կարող է շնորհվել զբաղեցրած պաշտոնով նախատեսված փրկարարական կոչումից մեկ աստիճան բարձր փրկարարական կոչում (արտահերթ կոչում)՝ մինչեւ «փոխգնդապետ» փրկարարական կոչումը ներառյալ:

3. Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձեւակերպվում են գրավոր:

4. Փրկարարական ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Համապատասխան նախարարի հրամանով որոշ խրախուսանքի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել Փրկարար ծառայության տնօրենին:

5. Փրկարարական ծառայողն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

6. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

7. Փրկարար ծառայության ղեկավարի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է համապատասխան նախարարը: Փրկարար ծառայության ղեկավարի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

8. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալների նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառում է համապատասխան նախարարը:

9. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով եւ 2-րդ մասով սահմանված խրախուսանքները փրկարարական ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելու դեպքերի:

10. Համապատասխան նախարության ուսումնական հաստատությունում կուրսանտների նկատմամբ, բացի սույն հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված խրախուսանքներից, համապատասխան նախարարը կիրառում է խրախուսման հետեւյալ միջոցները՝

1) հատուկ կրթաթոշակի նշանակում.

2) կրթաթոշակի բարձրացում:

11. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 32-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում փրկարարական ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:

Հոդված 57. Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Կարգապահական զանցանքի՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու եւ/կամ ոչ պատշաճ կատարելու եւ/կամ ծառայողական լիազորությունները վերազանցելու եւ/կամ ծառայողական (աշխատանքային) կարգապահության ներքին կանոնները խախտելու եւ/կամ փրկարարական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու եւ/կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ /կամ շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու դեպքերում, եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը, որոնք դասակարգվում են երկու տեսակի՝ թեթեւ եւ խիստ.

1) թեթեւ կարգապահական տույժեր՝

ա. նախազգուշացում.

բ. նկատողություն.

2) խիստ կարգապահական տույժեր՝

ա. խիստ նկատողություն.

բ. կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

գ. պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

դ. փրկարարական ծառայությունից ազատում:

2. Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձեւակերպվում են գրավոր:

3. Համապատասխան նախարության ուսումնական հաստատությունում կուրսանտների նկատմամբ, բացի սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերից, կարող են կիրառվել նաեւ հետեւյալ տույժերը՝

1) հերթական արձակման իրավունքից զրկում.

2) հատուկ կրթաթոշակից զրկում.

3) ուսումնական հաստատությունից ազատում:

Հոդված 58. Կարգապահական տույժը կիրառելու կամ հանելու կարգը

1. Կարգապահական տույժը կիրառվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն՝ ծառայողական քննություն նշանակելու օրվանից՝ չհաշված նախնական քննության կամ դատական քննության, ինչպես նաեւ վարչական վարույթի ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, կիրառվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին:

2. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:

3. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է կիրառվել մեկ կարգապահական տույժ:

4. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

5. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:

6. Եթե թեթեւ կարգապահական տույժ կիրառելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ խիստ կարգապահական տույժ կիրառել օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

7. Սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված կարգով կարգապահական տույժը կարող է հանվել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետներից շուտ, եթե փրկարարական ծառայողը կարգապահական տույժի ենթարկվելուց հետո կարգապահական նոր խախտում թույլ չի տվել, անցել է տվյալ կարգապահական տույժի օրենքով սահմանված ժամկետի առնվազն կեսը եւ փրկարարական ծառայողը չունի գործող այլ կարգապահական տույժ:

8. Փրկարար ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների նկատմամբ սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված կարգապահական տույժի, որը նրանց նկատմամբ կարող է կիրառել տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

9. Փրկարարական ծառայողների նկատմամբ սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

10. Ծառայողական քննության ժամանակահատվածում փրկարարական ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես կասեցվել՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:

11. Փրկարարական ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու (քրեական հետապնդում իրականացնելու) դեպքում փրկարարական ծառայողի լիազորությունների ժամանակավորապես կասեցումը, որպես դատավարական հարկադրանքի միջոց, կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

12. Փրկարարական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչեւ քրեական գործի ավարտը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում ծառայողին շարունակում է վճարվել աշխատավարձ եւ պայմանագրի գործողությունը շարունակվում է մինչեւ սույն մասով սահմանված ժամկետը:

Հոդված 59. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

1. Փրկարարական ծառայողների բարեվարքության պահանջների պահպանմանը հետեւելու համար սույն օրենքով սահմանված կարգով ստեղծվում է էթիկայի հանձնաժողով, որի գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով:

Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով:

2. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովը նույն կազմով գործում է երեք տարի ժամկետով, որից հետո ձեւավորվում է էթիկայի հանձնաժողովի նոր կազմ՝ սույն մասով սահմանված ժամկետով:

3. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է առնվազն հինգ անդամից, որոնք նշանակվում են Փրկարար ծառայության համակարգում գործող կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներից:

Նույն ծառայողը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ լինել էթիկայի հանձնաժողովի անդամ:

4. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամ կարող են լինել նաեւ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով սահմանված կարգով ստեղծված եւ իրենց կանոնադրական նպատակներից բխող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ իրենց համաձայնությամբ, որոնց թիվը չի կարող գերազանցել երեքը:

5. Յուրաքանչյուր դեպքում հանձնաժողովի անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատվում, ինչպես նաեւ hանձնաժողովի քարտուղարը նշանակվում է համապատասխան նախարարի կողմից ընդունված անհատական իրավական ակտով: Նույն իրավական ակտով հանձնաժողովի կազմից պաշտոնով ավելի բարձր փրկարարական ծառայողը նշանակվում է հանձնաժողովի նախագահ, որը կազմակերպում եւ ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքը:

6. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին, անկախ են իրեն առաջադրած պաշտոնատար անձից:

7. Փրկարարական ծառայողը, որպես հանձնաժողովի անդամ եւ դրանից հետո, չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել իր՝ որպես հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող գործողությունների համար, բացառությամբ անհարգելի պատճառով հանձնաժողովի աշխատանքից բացակայելու եւ աշխատակարգը խախտելու այլ դեպքերի:

Հոդված 60. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի լիազորությունները եւ գործունեությունը

1. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովը՝

1) քննում եւ լուծում է «Հանրային ծառայության մասին» օրենքով եւ սույն օրենքով սահմանված փրկարարական ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումները.

2) փրկարարական ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում իրավասու պաշտոնատար անձին.

3) վարում է փրկարարական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների եւ շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրություն:

2. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որը կազմակերպում եւ ղեկավարում է հանձնաժողովի նախագահը:

3. Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջեւ:

4. Հանձնաժողովը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացման արդյունքում եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

5. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ վարքագծի ուղենիշային սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

6. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացման արդյունքով ընդունած եզրակացությունն անմիջապես ուղարկում է փրկարարական ծառայողին, որին առնչվում է եզրակացությունը եւ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

7. Փրկարարական ծառայողն անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետում բողոք ներկայացնելը հիմնավորող փաստաթղթի բացակայության դեպքում, իսկ վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) շահերի բախման կանոնները եւ (կամ) նվերներ ընդունելու արգելքը խախտելու վերաբերյալ փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո, իսկ բողոքարկման դեպքում համապատասխան եզրակացությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն եզրակացությունը հրապարակում է համապատասխան նախարարության պաշտոնական կայքէջում:

9. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացության հրապարակումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը, եզրակացության հիման վրա նշանակում է ծառայողական քննություն՝ փրկարարական ծառայողի կարգապահական պատասխանատվության հարցի լուծման նպատակով կամ սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով փրկարարական ծառայողին ազատում է փրկարարական ծառայությունից եւ արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակում համապատասխան նախարարության պաշտոնական կայքէջում:

Հոդված 61. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը

1. Փրկարար ծառայության կադրային մարմնում նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի փրկարարական ծառայության պաշտոն:

2. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը՝

1) փրկարարական ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

2) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում եւ վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաեւ բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.

3) իրավասու պաշտոնատար անձի, էթիկայի հանձնաժողովի պահանջով կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջարկով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.

4) մշակում է փրկարարական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերը, դրանք ներկայացնում իրավասու պաշտոնատար անձի հաստատմանը:

ԳԼՈՒԽ 10

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 62. Փրկարարական ծառայությունից ազատելը

1. Փրկարարական ծառայողները փրկարարական ծառայությունից ազատվում են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու, պետական այլ ծառայություն տեղափոխվելու, հանրային ծառայության այլ պաշտոններում նշանակվելու կապակցությամբ.

3) մինչեւ պայմանագրի գործողության ժամկետը լրանալը փրկարարական ծառայությունից ազատվելու զեկուցագիր ներկայացնելիս.

4) ծառայության սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

5) հիվանդության պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

8) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.

9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում՝ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

10) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում (բացառությամբ՝ սույն օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի) չհաշված հղիության, ծննդաբերության եւ երեխային խնամելու արձակուրդը.

11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում.

12) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.

13) պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ.

14) որակավորման դասից զրկվելու դեպքում.

15) համապատասխան նախարարության ուսումնական հաստատության կուրսանտին ուսումնական հաստատությունից ազատելու կապակցությամբ:

2. Ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ:

3. Ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ հրամանում նշելով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ազատման հիմքը:

Հոդված 63. Փրկարարական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

1. Փրկարարական ծառայողները զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝

1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում՝ այլ պաշտոնի նշանակվելիս.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայությանը սահմանափակ պիտանիության կապակցությամբ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում՝ մեկ աստիճանով ցածր պաշտոնի նշանակվելիս.

5) սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում, եթե ծառայողին մեկ աստիճանով ցածր պաշտոնի նշանակելը հնարավոր չէ:

2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հոդված 64. Փրկարարական ծառայությունում ծառայության տարիքային սահմանափակումները

1. Փրկարարական ծառայողների համար, ըստ պաշտոնների խմբերի, կիրառվում են հետեւյալ տարիքային սահմանափակումները՝

1) բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչեւ 65 տարին լրանալը.

2) գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչեւ 60 տարին լրանալը.

3) ավագ եւ միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչեւ 55 տարին լրանալը.

4) կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչեւ 50 տարին լրանալը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանային տարիքի հասած բարձրագույն եւ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 3 տարի ժամկետով, իսկ ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողներինը՝ մինչեւ 5 տարի ժամկետով:

3. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանային տարիքի հասած փրկարարական ծառայության բարձրագույն, գլխավոր եւ ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 10 տարի ժամկետով:

4. Փրկարարական ծառայողի ծառայության ժամկետն երկարաձգվում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ համապատասխան նախարարի հրամանով սահմանված կարգով:

5. Բարձրագույն փրկարարական կոչում ունեցող եւ երկարամյա ծառայության հիմքով կամ հաշմանդամության կապակցությամբ ծառայությունից ազատված քաղաքացիներն ստանում են փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք: Առանձին դեպքերում՝ ստորաբաժանման ղեկավարի միջնորդությամբ, համապատասխան նախարարի հրամանով փրկարարական ծառայության համազգեստ կրելու իրավունք կարող է վերապահվել այլ անձանց:

Հոդված 65. Փրկարարական ծառայողների կադրերի ռեզերվը

1. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են՝

1) սույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված փրկարարական ծառայողները.

2) սույն օրենքի 29-րդ հոդվածի 11-րդ մասին համապատասխան ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայողներին իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում՝ ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի նշանակման անհնարինության դեպքում.

3) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմնից տեղափոխված, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրվող փրկարարական ծառայողը՝ մինչեւ սահմանված կարգով փրկարարական ծառայության պաշտոնի նշանակվելը.

4) սույն օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով այլ մարմիններ գործուղված փրկարարական ծառայողները.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, գերի ընկած ծառայողները.

6) օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողները:

2. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:

3. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը (բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով սահմանված դեպքերի): Այն դեպքում, երբ փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում փրկարարական ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է փրկարարական ծառայությունից, ապա փրկարարական ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

4. Օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, գործուղման ամբողջ ժամանակահատվածում գրանցվում է փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում եւ կադրերի ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, գերի ընկած փրկարարական ծառայողները գրանցվում են փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում մինչեւ 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների վարձատրությունն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:

6. Այլ մարմիններ գործուղված փրկարարական ծառայողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, գործուղման ամբողջ ժամանակահատվածում գրանցվում է փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում եւ կադրերի ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է այն մարմնում զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը (դրամական ապահովությունը), որտեղ գործուղվել է փրկարարական ծառայողը:

7. Փրկարարական ծառայողը կադրերի ռեզերվում գրանցվում կամ ռեզերվից հանվում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով, որտեղ նշվում են փրկարարական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու կամ ռեզերվից հանելու հիմքերը:

8. Սույն օրենքի հիման վրա փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու եւ ռեզերվից հանելու կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

ԳԼՈՒԽ 11

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 66. Փրկարարական ծառայությունում ծառայության վերականգնումը կամ պաշտոնում վերականգնումը

1. Այն փրկարարական ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված (տեղափոխված), լիազորությունները ժամանակավորապես կասեցված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաեւ ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:

Հոդված 67. Վեճերի լուծման համար դիմելու կարգը եւ ժամկետները

1. Ծառայությունում փոխադրելու, լիազորությունները ժամանակավորապես կասեցնելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, փրկարարական ծառայությունից ազատման հետ չհամաձայնվելու դեպքերում փրկարարական ծառայողը կարող է այդ որոշումը բողոքարկել վերադասության կարգով, համապատասխան հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

Հոդված 68. Կոչման շնորհումը եւ ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո

1. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված եւ հետագայում վերականգնված փրկարարական ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում եւ կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաեւ անհիմն կամ անօրինական ազատումից մինչեւ վերականգնումն ընկած ժամանակահատվածը:

2. Փրկարարական ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, պաշտոնն իջեցված փրկարարական ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում՝ նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

3. Այն փրկարարական ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչեւ վերականգնումն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, հատուցումը կատարվում է նրանց զբաղեցրած փրկարարական ծառայության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի եւ փրկարարական ծառայությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջեւ եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

ԳԼՈՒԽ 12

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱն ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 69. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունը

1. Համապատասխան նախարարությունն իր եւ փրկարարական ծառայության խնդիրների, գործառույթների կատարումը եւ իր համակարգը բարձր որակավորման մասնագետներով ապահովելու, ծառայողներին վերապատրաստելու եւ որակավորելու, բնակչության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ուսուցումն ապահովելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթներն իրականացնելու նպատակով ունի ուսումնական հաստատություն:

Հոդված 70. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունը

1. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունը համապատասխան նախարարության համակարգում գործող պետական ոչ առեւտրային կազմակերպություն է (ակադեմիա), որն իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստում, վերաորակավորում, հետբուհական եւ լրացուցիչ կրթական ու գիտական ծրագրեր:

2. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ունենալ հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, որոնք իրականացնում են միջին մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ լրացուցիչ կրթական ծրագրեր սույն հոդվածի առաջին մասում նշված բնագավառներում:

3. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության պետի պաշտոնը փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն է:

4. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության պետի մասնագիտացված տեղակալների, մասնագիտական ֆակուլտետների, ամբիոնների ղեկավարների, նրանց տեղակալների, մասնագիտական առարկաներ դասավանդող պրոֆեսորների, դոցենտների, բարձրագույն ուսումնական հաստատության ասիստենտի պաշտոնները փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ են, իսկ նշված ամբիոնների բաժնի պետերի եւ դասախոսների պաշտոնները՝ ավագ խմբի պաշտոններ:

5. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության հիմնարկների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնները համապատասխանում են փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոններին, իսկ դրանց մասնագիտական ստորաբաժանումների ծառայողներինը՝ միջին խմբի պաշտոններին:

6. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության պետին (ռեկտորին) նշանակում է համապատասխան նախարարը:

7. Սույն հոդվածի չորրորդ եւ հինգերորդ մասերում նշված փրկարարական ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում եւ պաշտոններից ազատում է համապատասխան նախարարը:

8. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատության ոչ մասնագիտական առարկաների գծով պրոֆեսորադասախոսական եւ այլ անձնակազմին, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում է ուսումնական հաստատության ղեկավարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:

10. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 71. Ուսուցումը համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում

1. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում ուսուցումն իրականացվում է առկա եւ հեռակա ուսուցման կարգով:

2. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ որպես կուրսանտ կարող են ընդունվել մինչեւ 23 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

3. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները համապատասխան նախարարության ուսումնական հաստատություն որպես կուրսանտ ընդունվելու համար կարող են դիմել՝

1) պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո.

2) ընդունվելու պահին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար տարիքը լրացած չլինելու դեպքում.

3) ընդունվելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու դեպքում:

4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում համապատասխան նախարարության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք:

5. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություն: Այդ ուսումնական հաստատություններում ուսուցումն ավարտելուց հետո՝ երկամսյա ժամկետում, փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:

6. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատության ընդունելության քննությունների առարկայական ցանկը եւ ուսումնական ծրագրերը հաստատվում են օրենքով սահմանված կարգով:

7. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության կուրսանտների, ադյունկտների, ասպիրանտների ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում:

8. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում առկա ուսուցումը դադարեցրած կամ ուսումնական հաստատությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով:

9. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում իրականացվում է նաեւ հեռակա ուսուցում փրկարարական ծառայության կրտսեր, միջին եւ ավագ խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչեւ 30 տարեկանը լրանալը՝ համապատասխան նախարարության տրամադրած ուղեգրերի առկայության դեպքում: Նման ուղեգիր տրվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո՝ ատեստավորման արդյունքների հիման վրա:

10. Համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում կուրսանտների, ադյունկտների ուսուցման կարգը եւ պայմանները սահմանվում են համապատասխան նախարարության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքով, որը հաստատում է Կառավարությունը:

11. Համապատասխան նախարարության բարձրագույն ուսումնական հաստատության կուրսանտ շրջանավարտներին համապատասխան նախարարը շնորհում է փրկարարական ծառայության լեյտենանտի կոչում:

Հոդված 72. Ուսման ծախսերի փոխհատուցումը

1. Փրկարարական ծառայողը եւ համապատասխան նախարարության կողմից ուսուցման գործուղված ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր է փոխհատուցել իր՝ ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցման եւ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա՝

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում փրկարարական ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա՝

1) բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի կամ վերապատրաստումը անցնելուց հետո ոչ պակաս, քան երեք տարի.

2) ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքերում, եթե փրկարարական ծառայողին համապատասխան համարժեք պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, ինչպես նաեւ հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ՝ պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով.

3) բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո Փրկարար ծառայությունում ծառայել է առնվազն երեք տարի եւ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգեր՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն հետագա ծառայությունը շարունակելու ու նոր պաշտոնում անընդմեջ ծառայել է առնվազն երկու տարի: Նոր պաշտոնում ծառայելու համար սույն կետում սահմանված ժամկետից շուտ ծառայողի ազատվելու դեպքում, այդ մասին տեղեկացվում է Փրկարար ծառայությանը:

3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Կառավարությունը:

ԳԼՈՒԽ 13

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 73. Փրկարարական ծառայողներին տրվող հավելումները

1. Փրկարարական ծառայողներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ՝ Կառավարության կողմից սահմանված դեպքերում, չափերով եւ կարգով:

Հոդված 74. Փրկարարական ծառայողներին վճարվող պարգեւատրումները

1. Փրկարարական ծառայողներին պարգեւատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Փրկարարական ծառայողը կարող է պարգեւատրվել հուշանվերով, որի արժեքը չպետք է գերազանցի պաշտոնային դրույքաչափի տասնապատիկի չափը:

Հոդված 75. Փրկարարական ծառայողներին տրվող դրամական օգնությունները

1. Փրկարարական ծառայողներին դրամական օգնություններ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Հոդված 76. Փրկարարական ծառայողների պարենային եւ իրային ապահովությունը

1. Փրկարարական ծառայողների պարենային եւ իրային ապահովության տրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Փրկարարական ծառայողների սննդի ու իրային միջոցների հատկացման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

Հոդված 77. Փրկարարական ծառայողների բուժսպասարկումը

1. Փրկարարական ծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները (այդ թվում՝ կենսաթոշակառուները ու նրանց ընտանիքների անդամները) օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից ու սպասարկումից, ինչպես նաեւ ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բուժհիմնարկներում՝ համապատասխան մարմինների միջոցների հաշվին՝ բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով եւ պայմաններով:

2. Մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած փրկարարական ծառայողները, փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում (բացառությամբ, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետեւանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետեւանք է) օգտվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածով սահմանված՝ օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի եւ կեցության գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հոգալու իրավունքից:

Այն դեպքերում, երբ ծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, ապա հատուցվում են նաեւ ուղեկցող անձի ճանապարհածախսը եւ կեցությունն օտարերկրյա պետությունում:

3. Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ազատված, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է սույն օրենքով եւ կառավարության սահմանած կարգով:

4. Փրկարար ծառայության համակարգում գործում է բժշկական ստորաբաժանում՝ փրկարարական ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների (այդ թվում՝ կենսաթոշակառուների ու նրանց ընտանիքների անդամների) բուժսպասարկումը եւ բուժումն իրականացնելու նպատակով:

5. Փրկարար ծառայության բժշկական ստորաբաժանումը արտակարգ իրավիճակների եւ ռազմական դրության (պատերազմի) ժամանակ գործում է աղետների բժշկության համակարգում ու իրականացնում է տուժած բնակչության բուժսպասարկում:

6. Փրկարարական ծառայողի առողջության մասին եզրակացություն տալու համար համապատասխան նախարարի հրամանով ձեւավորվում է նախարարության բժշկական հանձնաժողով եւ սահմանվում են այդ հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանները, լիազորությունները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված փրկարարական ծառայության ծառայողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկի կիրարկման կարգը:

Հոդված 78. Փրկարարական ծառայողների տրանսպորտային սպասարկումը

1. Փրկարարական ծառայողների ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

Հոդված 79. Փրկարարական ծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

1. Փրկարարական ծառայողներն ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապահովագրությունը տարածվում է նաեւ հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողների վրա՝ աշխատունակության կորստի չափին համապատասխան, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ՝ զոհվելու (մահանալու) դեպքերից ապահովագրվելու համապատասխան՝ ընդհանուր գումարների նկատմամբ:

3. Ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանում է Կառավարությունը:

4. Պարտադիր պետական ապահովագրության եւ այլ գումարների հաշվարկումն ու վճարումը կատարում է համապատասխան նախարարության սոցիալական ապահովության ստորաբաժանումը՝ oրենքով սահմանված կարգով:

Հոդված 80. Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը

1. Ծառայության ժամանակ զոհված (մահացած) փրկարարական ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով եւ չափերով:

Հոդված 81. Փրկարարական ծառայողի վարձատրության եւ այլ ֆինանսավորման աղբյուրները

1. Փրկարարական ծառայողների վարձատրության եւ այլ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից Փրկարար ծառայության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների ծառայողները՝ մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից:

2. Ռազմական դրության, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու, արտակարգ դրության դեպքում լրացուցիչ ֆինանսական հատկացումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Հոդված 82. Փրկարարական ծառայողին պատճառված վնասի հատուցման կարգը

1. Փրկարարական ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը, որը պայմանավորված է փրկարարական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ լրիվ չափով:

Հոդված 83. Փրկարարական ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը

1. Փրկարարական ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները, նրանց վճարվող պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու եւ վճարելու պայմաններն ու կարգը կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 84. Փրկարարական ծառայողների սոցիալական այլ երաշխիքները

1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի 13-րդ մասով եւ 35-րդ հոդվածով սահմանված կարգով փրկարարական ծառայողին ռոտացիայի կամ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված հիմնական բնակության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայրում այլ պաշտոնի փոխադրելու, ինչպես նաեւ սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով (բացառությամբ՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի) փրկարարական ծառայողին հիմնական բնակության վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայրում այլ պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու դեպքում փրկարարական ծառայողն ապահովվում է ծառայողական (ժամանակավոր) բնակարանով կամ բնակարանի վարձակալության համար համապատասխան դրամական փոխհատուցմամբ, ինչպես նաեւ ընտանիքի անդամների եւ անձնական օգտագործման գույքի տեղափոխման համար անհրաժեշտ ծախսերով՝ Կառավարության սահմանած կարգով եւ չափերով:

2. Փրկարարական ծառայողներին ծառայողական (ժամանակավոր) բնակելի տարածությամբ ապահովելիս կամ բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում վճարելիս հաշվի են առնվում նաեւ նրա ընտանիքի հետեւյալ անդամները՝

1) ամուսինը (կինը) եւ 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող՝ անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաեւ համատեղ բնակվող՝ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով փրկարարական ծառայողների բնակարանային ապահովությունը կամ բնակարանի վարձակալության համար համապատասխան դրամական փոխհատուցումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ 14

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 85. Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը

1. Փրկարար ծառայությունում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմը եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը փրկարարական ծառայող չեն համարվում եւ աշխատանքի են ընդունվում Փրկարար ծառայության ղեկավարի կողմից՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմի եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության չափերը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում փոփոխությունները եւ լրացումները, ինչպես նաեւ այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ութ ամսվա ընթացքում:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

12 հունվարի 2022 թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սիմոնյան,


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

1. Օրենքի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ Վիլեն Գաբրիելյան:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ
ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ