Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4055-27.11.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ գլուխը, 38-րդ հոդվածի 2-րդ մասը, 41-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «, ինչպես նաեւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի փոխարեն հաշմանդամության խումբ ձեռք բերելու» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1?ին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ եւ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆՔԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 26-ի N 952-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագիրը, իսկ որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ ՀՀ կառավարություն պետք է ներկայացվի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակների, պետական նպաստների, դրամական օգնությունների եւ այլ վճարումների նշանակման եւ վճարման գործառույթները մեկ պետական մարմնի վերապահելն ապահովող իրավական ակտերի նախագծերը: Սույն օրենքի նախագիծը նշված դրույթի կատարումն ապահովող հիմնական իրավական ակտերից մեկն է:

ՀՀ Կառավարության 15.04.2010թ «ՀՀ ազգային անվտարգության ռազմավարության դրույթներից բխող աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրը եւ միջոցառումների հաստատելու մասին» N 452-Ն որոշման N2 հավելվածի 3.4 կետով նախատեսվում է ընտանեկան նպաստի համակարգը համապատասխանեցնել սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի «ընտանեկան նպաստ» բաժնի դրույթներին:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005թ.ին, որից հետո այն փոփոխվել եւ լրացվել է 5 անգամ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է պետական նպաստների 4 տեսակ, որի նշանակման եւ վճարման կազմակերպման գործառույթները վերապահված են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին:

Պետական նպաստներից ընտանեկան նպաստը տրամադրվում է աղքատ ընտանիքներին, մինչդեռ սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի «ընտանեկան նպաստ» բաժնի դրույթների համապատասխան այն տրամադրվում է միայն երեխա ունեցող ընտանիքներին:

Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաստն առավելապես պատվովճար է եւ համահունչ չէ սոցիալական աջակցության տրամադրման նպատակներին:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքն ընդունել նոր խմբագրությամբ, քանի որ գործող օրենքում նախատեսվում են ծավալուն փոփոխություններ եւ լրացումներ: Օրենքի նախագծով սահմանվում են պետական նպաստների նոր տեսակներ, դրանք համապատասխանեցնելով սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի պահանջներին, պետական նպաստների նշանակման եւ վճարման կազմակերպման գործառույթները վերապահվում են մեկ միասնական պետական մարմնին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաստի տրամադրման հետ կապված հարաբերություններւի կարգավորումը տեղափոխվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք:

Միաժամանակ նախատեսվում է այս օրենքի նախագծով կարգավորել նաեւ ծերության, հաշմադամության,կերակրողին կորցնելու դեպքում եւ թաղման նպաստների հետ կապված հարաբերությունները

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծով կարգավորվում են պետական նպաստների նշանակման եւ վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են նպաստի այն տեսակները, որոնք համապատասխանում են սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքին, դրանց իրավունքի հիմքերը, ապահովվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող վճարումների նշանակման եւ վճարման գործառույթներն իրականացնող մեկ պետական մարմնի կողմից պետական նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման իրականացման կարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի «ընտանեկան նպաստ» բաժնի դրույթներին համապատասխանող նպաստի տեսակի առկայություն, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների համալիր (լրակազմով) տրամադրման համակարգի ներդրման իրավական հիմքի առկայություն, մեկ պատուհանի սկզբունքի կիրառում: