Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-113-08.12.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի.

1. 1-ին մասի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

8) «ընթացք է տալիս, հանձնաժողովի անդամներին է ներկայացնում եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված գրություններին.».

2. 1-ին մասի 9-րդ կետում «մասնագետներ» բառից հետո լրացնել «այդ մասին նախապես իրազեկելով հանձնաժողովի անդամներին» բառերը.

3. 1-ին մասը լրացնել նոր՝ 12-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ

12) «Յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո հանձնաժողովի նախագահը ներկայացնում է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն, որը ներառում է՝

1.1. անցկացված հերթական եւ արտահերթ նիստերի, խորհրդարանական լսումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

1.2. հանձաժողովին հասցեագրված դիմումների եւ դրանց պատասխանների ու արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

1.3. հանձնաժողով մուտքագրված, դրական կամ բացասական եզրակացություն ստացած օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

1.4. հանձնաժողովի անդամ պատգամավորների հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն.

1.5. խորհրդարանական վերահսկողության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում «ղեկավարները» բառից հետո ավելացնել «կամ աշխատակիցները» բառերը:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «առնվազն մեկ քառորդը» բառերը փոխարինել «առնվազն կեսից ավելին բառերով»:

Հոդված 4. Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով

1.1 գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած՝ հանձնաժողովի անդամների ներկայացուցիչ չի կարող նշանակվել օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունում նշված պատգամավորը՝ երկու կամ ավելի թվով պատգամավորի նախաձեռնության դեպքում, ինչպես նաեւ տվյալ խմբակցության ներկայացուցիչը՝ խմբակցության նախաձեռնության դեպքում:

Հոդված 5. Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, պատգամավորը, խմբակցությունը եւ Կառավարությունը»:

Հոդված 6. Օրենքի 121-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին մասով.

«1.1. Կանոնակարգի 122-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա գլխադասային հանձնաժողովի նախագահը կարող է առաջարկել խմբակցությանը գրավոր հարցապնդումներով դիմելու կառավարության անդամին: Առաջարկը ներկայացվում է Ազգային ժողովում գործող բոլոր խմբակցություններին միաժամանակ:»:

Հոդված 7. Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 3-րդ եւ 4-րդ կետերով.

«3) յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը ներկայացնում են եզրակացություններ կառավարության կողմից նախորդող տարվա ընթացքում կառավարության ծրագրի մշտական հանձնաժողովի իրավասությանը վերաբերող բնագավառների կատարողականի վերաբերյալ.

4) յուրաքանչյուր տարի` մինչեւ մարտի 1-ը կազմում են ամփոփաթերթ՝ գույքագրելով նախորդ տարվա ընթացքում հանձնաժողովի օրակարգերում ընդգրկված նախագծերը: Ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովն իր որոշմամբ, ըստ բնագավառների հրավիրում է կառավարության ներկայացուցիչներին ընդունված նորմատիվ իրավական ակտերի իրականացման ապահովման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով: Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել՝ ամփոփաթերթի, հաշվետվության եւ այլ փաստաթղթերի հիման վրա յուրաքանչյուր տարի հանձնաժողովի գործունեության ռազմավարություն ընդունելու վերաբերյալ:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը.

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) ընդունումը միտված է մշտական հանձնաժողովների հաշվետվողականության բարձրացմանը, խորհրդարանական վերահսկողության գործիքների հստակեցմանը, հանձնաժողովի կողմից կայացվող որոշումների դերի եւ արդյունավետության բարձրացմանը:

Սույն փոփոխությունների համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն է ներկայացնելու Ազգային ժողովին եւ հանրությանը՝ ելնելով թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներից, ինչը, իր հերթին, նպաստելու է հանձնաժողովի աշխատանքային արդյունավետության բարձրացմանը, իսկ հանձնաժողովի նիստերին ոլորտի մասնագետներ հրավիրելուց առաջ հանձնաժողովի անդամներին տեղեկացնելու գաղափարը միտված է քննարկման արդյունավետության բարձրացմանը:

Ներկա իրավակարգավորումների շրջանակներում մշտական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել ընդհուպ երկու պատգամավորի կողմ քվեարկելու արդյունքում, ինչը խնդրահարույց է: Նախագծով առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների նիստին ներկա գտնվելու դեպքում, ինչը կնպաստի առավել քննարկված եւ հիմնավոր որոշումների կայացմանը, իսկ նախագծի 4-րդ հոդվածը ուղղված է շահերի բախման բացառմանը:

Խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի հստակեցում-ամրագրումը կնպասի խորհրդարանի՝ իր առաքելության, այն է խորհրդարանական վերահսկողության առավել նպատակային, թիրախային կիրառելուն:

Սույն նախագծով առաջարկվում է պատգամավորին լիազորել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առանձին՝ առանց խմբակցությանը դիմելու, նախագծի վերաբերյալ կատարել առաջարկություն, ինչն իր հերթին բարձրացնում է երկրորդ ընթերցումից առաջ մշտական հանձնաժողովի կողմից կայացվող որոշման կարեւորությունը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


«08» դեկտեմբերի 2021թ.

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Հարգարժա՛ն պարոն Սիմոնյան,


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝

1. օրենքի նախագիծը (զեկուցող՝ Սերգեյ Բագրատյան)

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. տեղեկանքը փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 13 թերթ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ`  ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ