Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1061-30.11.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը՝ որի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերով.»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդված 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2-րդ մաս.

«2. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված պետական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է անձին սույն օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու օրվանից, իսկ այդ օրվանից հետո վճարված այլ կենսաթոշակի գումարը պահվում (հաշվանցվում) է սույն օրենքով սահմանված կենսաթոշակի գումարից:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 5-րդ մաս.

«5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2.3-րդ եւ 3-րդ կետերով սահմանված դեպքերում կենսաթոշակի իրավունք ունեցող դատավորի կենսաթոշակի հաշվարկման (վերահաշվարկման) կարգի վրա:»:

Հոդված 4. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 5.1-ին հոդված.

«Հոդված 5.1. Դատավորի կենսաթոշակը հաշվարկելու (վերահաշվարկելու) կարգը

1. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է.

1) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար հաշվարկված զուտ աշխատավարձի 70 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով.

2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար հաշվարկված զուտ աշխատավարձի 70 տոկոսի չափով, եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված զուտ աշխատավարձի չափը հաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու դրա նկատմամբ հաշվարկվող հավելավճարի հանրագումարի եւ այդ հանրագումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով: Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոն զբաղեցրած անձի զուտ աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորի համար սահմանված գործակիցը եւ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը:

3. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ սույն օրենքով սահմանված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է.

1) դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) չափը ավելանալու դեպքում.

2) դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված՝ անուիտետի կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափը փոփոխվելու կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակը դադարելու դեպքում.

3) դատավորի պաշտոն զբաղեցրած անձին անուիտետի կամ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակ նշանակելու դեպքում, եթե կուտակային կենսաթոշակը նշանակվում է դատավորի կենսաթոշակը նշանակելուց հետո:

4. Դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված հանգամանքն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի հիման վրա դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողը կենսաթոշակ նշանակող մարմնին տրամադրում է Կառավարության սահմանած կարգով:

5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի հաշվարկման (վերահաշվարկման) կարգի վրա:»:

Հոդված 5 . Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում (անձը ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք) եւ վճարվում է, կենսաթոշակը վճարելը դադարեցվում եւ վերսկսվում է, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում եւ վերականգնվում է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է, կենսաթոշակից պահումները կատարվում են, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում, հետ գանձվում եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 6-րդ մաս.

«6. Սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը զբաղեցնում է հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն:».

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում.

1) 4-րդ մասից «դատավորի» բառը հանել.

2) 6-րդ եւ 7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 12-15-րդ մասեր.

«12. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը նշանակված կենսաթոշակը համարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն նշանակված կենսաթոշակ եւ հաշվարկվում է սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով կենսաթոշակառուի՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը եւ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սույն օրենքի 5.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը: Ընդ որում, սույն մասում նշված զուտ աշխատավարձի չափը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով.

1) նախկին գերագույն դատարանի անդամ դատավորի համար՝ վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը.

2) նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրի, տնտեսական դատարանի դատավորի համար՝ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը.

3) նախկին ժողովրդական դատավորի համար՝ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը:

13. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը սույն հոդվածի 12-րդ մասի համաձայն հաշվարկելիս կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

14. Եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ կենսաթոշակը չի նշանակվել Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման կիրառման հետեւանքով, ապա սույն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է՝ հիմք ընդունելով այդ դիմումը: Այս դեպքում՝

1) կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի տեւողությունը եւ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված կարգով հաշվարկված զուտ աշխատավարձի չափը,

2) չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կունենար սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք, եթե կենսաթոշակը նշանակվեր սույն մասում նշված դիմումի հիման վրա:

15. Սույն հոդվածի 12-14-րդ մասերի դրույթները չեն տարածվում Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի հաշվարկման (վերահաշվարկման) կարգի վրա:»:

Հոդված 7. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. 2014 թվականի հուլիսի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորի պաշտոնը զբաղեցրած անձին (նրա ընտանիքի անդամին), բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորի (նրա ընտանիքի անդամի), նշանակված կենսաթոշակները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վերահաշվարկվում են Օրենքով սահմանված կարգով: Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված (հաշվարկված) կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը շարունակվում է վճարվել նախկին չափով:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ եւ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման պահանջների համաձայն դատավորների կենսաթոշակային ապահովության կապակցությամբ առկա խնդիրների, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով:

Մասնավորապես, օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է դատավորի կենսաթոշակի իրավունքը, իսկ Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է առանձնահատկություն այն դատավորների համար, ովքեր «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (01.07.2014թ.) դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում. այս դեպքում կենսաթոշակը հաշվարկվում է աշխատավարձից:

Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը, այդ պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված՝

1) նույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը՝ «մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով» դրույթի մասով,

2) նույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթները,

3) նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը (վերաբերում է մասնագիտական ստաժում մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները հաշվառելուն),

4) նույն հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորումը (վերաբերում է այդ մասում նշված աշխատավարձը հաշվարկելու կարգը Կառավարության կողմից սահմանելուն), ինչպես նաեւ նույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը (վերաբերում է հիմնական կենսաթոշակի չափը եւ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը Կառավարության կողմից սահմանելուն)՝ դատավորներին վերաբերող մասով:

Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ը:

Ընդ որում, Սահմանադրական դատարանը, որոշման հիմքում դրել է Դատավորների անկախության եւ դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարեւորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր:

Մասնավորապես (մեջբերում 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշումից), «...Միավորված ազգերի կազմակերպության՝ հանցագործությունների կանխմանը եւ իրավախախտների հետ վարվելակերպի հիմնախնդիրներին նվիրված յոթերորդ կոնգրեսի կողմից 1985 թվականին ընդունված՝ Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներում արձանագրված է, որ «հաճախակի են անհամապատասխանություններն այդ սկզբունքների մասին պատկերացման եւ փաստական դրության միջեւ», եւ որ անհրաժեշտ է հաշվի առնել, «որ յուրաքանչյուր երկրում արդարադատությունը կազմակերպելիս եւ իրականացնելիս պետք է ղեկավարվել այդ սկզբունքներով եւ ջանքեր ձեռնարկել դրանք լիովին կենսագործելու նպատակով՝ ...հաշվի առնելով, որ դատավորների պարտականություններն իրագործելու վերաբերյալ նորմերը պետք է նպատակաուղղված լինեն դատավորներին այդ սկզբունքներին համապատասխան գործելու հնարավորություն տալուն»: Միաժամանակ սահմանվում է, որ «դատավորների անկախությանը համապատասխան վարձատրությունը, ծառայության պայմանները, թոշակը եւ թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձեւով երաշխավորվեն օրենքով» (11-րդ կետ):

Նույնաբովանդակ սկզբունքներ են ամրագրված նաեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության եւ դերի մասին 1994 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ (94) 12 հանձնարարականում, Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված՝ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայում (6.4-րդ կետ), որոնց համաձայն՝ օրենքով նախատեսված տարիքին հասնելուց հետո թոշակի անցած դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը հնարավորինս մոտ է որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին: Միաժամանակ, «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի եւ դրան կից բացատրական զեկույցի 6.2-րդ կետի համաձայն՝ դատավորների վարձատրությունը միմյանց համեմատ կարող է տարբերվել՝ կախված պաշտոնավարման ժամկետից, դատավորների կողմից իրականացվող պարտականությունների բնույթից եւ նրանց առջեւ դրված խնդիրների կարեւորությունից, որոնք պետք է գնահատվեն թափանցիկ պայմաններում (Ստրասբուրգ, 1998 թ.):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, արդյունավետության եւ պատասխանատվության վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ Rec (2010)12 հանձնարարականի 54-րդ կետը սահմանում է, որ դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ:

Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված՝ «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիայի 7-րդ կետն ամրագրում է, որ կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով: Նույն խորհրդի եւ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկյան հանձնաժողով) համատեղ զեկույցի համաձայն՝ «չնայած այն հանգամանքին, որ դատարանների ֆինանսավորումը խորհրդարանի հաստատմանը ներկայացվող պետական բյուջեի մաս է, այն չպետք է ենթարկվի քաղաքական փոխհաջորդված քննարկումների: Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսավորման մակարդակը, որը երկիրը կարող է տրամադրել իր դատարաններին, քաղաքական որոշման արդյունք է, այդուհանդերձ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իշխանությունների բաժանման սկզբունքի վրա հիմնված համակարգի գործարկմանը՝ ապահովելու, որ ո՛չ գործադիր, եւ ո՛չ էլ օրենսդիր իշխանությունը որեւէ ճնշում չգործադրի դատական իշխանության վրա բյուջեի հաստատման ժամանակ», միեւնույն ժամանակ, դատարաններին այդ միջոցների հատկացման վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն դատական համակարգի անկախության նկատմամբ խստագույն հարգանքով (ԵԴԽԽ, թիվ 1 կարծիք, 62-րդ կետ, թիվ 2 կարծիք, 5-րդ կետ, Վենետիկյան հանձնաժողով, CDL-AD (2010) 004, 46-րդ կետ, Վենետիկյան հանձնաժողով, CDL-AD (2010) 004):

Վենետիկի հանձնաժողովի 82-րդ լիագումար նիստի շրջանակներում ընդունված՝ «Դատավորների (դատական իշխանության) անկախության վերաբերյալ» զեկույցում (2010 թվականի մարտի 12-13) վերահաստատվում է դատական իշխանության անկախության օբյեկտիվ չափանիշներով պայմանավորված իրավական երաշխիքներ սահմանելու կարեւորությունը, միաժամանակ արձանագրվում է. «Դատական իշխանության անկախությունն ունի ինչպես օբյեկտիվ բաղադրիչ՝ որպես Արդարադատության պարտադիր հատկանիշ, այնպես էլ սուբյեկտիվ բաղադրիչ՝ որպես անհատի՝ իր իրավունքները եւ ազատություններն անկախ դատավորի կողմից սահմանվելու իրավունք: Առանց անկախ դատավորների չի կարող լինել իրավունքների եւ ազատությունների ճիշտ եւ օրինական իրականացում: Հետեւաբար, դատական իշխանության անկախությունն ինքնանպատակ չէ: Այն դատավորների անձնական առավելությունը չէ, այլ պայմանավորված է դատավորների՝ որպես մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորի դերի իրագործման անհրաժեշտությամբ» (բաժին 1, 6-րդ կետ):»:

Հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերելի իրավակարգավորումները ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում ինքնին վերացել է 6-րդ մասի անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակասահմանադրական է ճանաչվել 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 10 տարի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի կենսաթշակի չափը հաշվարկելու կարգի որեւէ առանձնահատկություն սահմանելը:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքների նախագծերի փաթեթը:

2. Կարգավորման առարկան

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, եթե նրա լիազորությունները դադարեցվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, սահմանել երաշխավորված կենսաթոշակի չափ՝ դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի չափով:

Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի պաշտոն զբաղեցնող անձը հանդիսանում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված սոցիալական վճար կատարող, առաջարկվում է վերը նշված երաշխավորված չափում հաշվի առնել նաեւ դատավորի պաշտոն զբաղեցրած անձին կուտակային համակարգից նշանակված կենսաթոշակը:

Ըստ այդմ, առաջարկվում է Դատավորի կենսաթոշակի չափը սահմանել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով:

Իսկ եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը, ապա անկախ կուտակային բաղադրիչի մասնակից լինելու հանգամանքից, նրա կենսաթոշակի չափը հաշվարկվում է դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի չափով՝ այս անձանց համար եւս ապահովելով երաշխավորված կենսաթոշակի չափը:

Միաժամանակ, հաշվի առնելով վերը նշվածը առաջարկվում է սահմանել նաեւ Դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքերը՝ կախված պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի փոփոխությունից, դատավորի պաշտոն զբաղեցրած անձին կուտակային կենսաթոշակ նշանակելուց, դադարեցնելուց, կուտակային կենսաթոշակի չափը ավելանալուց կամ նվազելուց:

Ըստ այդմ, օրինակ, եթե 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված դատավորի կենսաթոշակը նշանակվել է մինչեւ կուտակային կենսաթոշակը նշանակելը, ապա դատավորի պաշտոն զբաղեցնող անձին կուտակային կենսաթոշակ նշանակելուց հետո դատավորի կենսաթոշակի չափը կվերահաշվարկվի՝ նվազեցվելով նշանակված կուտակային կենսաթոշակի չափով՝ պահպանելով կենսաթոշակի ընդհանուր գումարի չափը:

Իսկ եթե դադարեցվի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակը, ապա դատավորի կենսաթոշակի չափը կավելացվի՝ ապահովելով երաշխավորված կենսաթոշակի չափը:

Ընդ որում, կախված կուտակային կենսաթոշակից՝ կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը կստացվի ինքնաշխատ եղանակով՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողից՝ Կառավարության սահմանած կարգով:

Սահմանվում են նաեւ Դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու, կենսաթոշակը նշանակելու եւ վճարելու, կենսաթոշակ վճարելը դադարեցվելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու պայմաններն ու կարգը, այն է՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

Նախագծով կարգավորվում են նաեւ դատավորի պաշտոն զբաղեցրած անձին մինչեւ սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը նշանակված կնշանակված կենսաթոշակի՝ սույն նախագծով առաջարկվող կարգով հաշվարկելու կարգը, ինչպես նաեւ 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո՝ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը դիմած անձին եւ սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման կիրառման հետեւանքով չնշանակված կենսաթոշակը նշանակելու կարգը:

Միաժամանակ, հաշվի առնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը (Սույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաեւ հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա), ինչպես նաեւ այդ դրույթի հիման վրա ձեւակերպված՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ հոդվածի 4-րդ մասերը, «Դատական օրենսգրքում» սահմանադրական օրենքում հստակեցնել «հանրային ծառայության անցնելու դեպքեր» արտահայտությունը: Այս դեպքում կապահովվի նաեւ օրենքի միասնական կիրառումը բոլոր պետական պաշտոն զբաղեցրած անձանց համար:

Բացի վերը նշվածը, նախագծով առաջարկում է կարգավորել իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները:

Մասնավորապես առաջարկվում է կարգավորել աշխատանքային կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելիս այդ կենսաթոշակ ստանալու իրավունք ունելու ժամանակահատվածում վճարված աշխատանքային կենսաթոշակը հաշվանցելուն առնչվող հարաբերությունները:

Ընդ որում, լրացուցիչ ծախսերը հաշվարկելիս հարկ է նկատի ունենալ, որ դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց արդեն նշանակված կենսաթոշակները դատական ակտերի հիման վրա վերահաշվարկվել են եւ կենսաթոշակի հաշվարկման՝ առաջարկվող չափից պակաս չեն:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման պահանջների համաձայն կկարգավորվեն դատավորների կենսաթոշակային ապահովության կապակցությամբ առկա, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ԱՀՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա.ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սիմոնյան


Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Արթուր Դավթյանն է:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագծերը եւ դրանց ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝