Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-106-30.11.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դատավորի լիազորությունները սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով դադարելու, ինչպես նաեւ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով՝ դադարեցվելու դեպքերում դատավորի պաշտոն զբաղեցրած անձը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով եւ չափով կենսաթոշակ ստանալու իրավունք ունի: Դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը չի կարող դադարեցվել այլ աշխատանք կատարելու դեպքում, բացառությամբ հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ եւ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման պահանջների համաձայն դատավորների կենսաթոշակային ապահովության կապակցությամբ առկա խնդիրների, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումն է:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքով:

Մասնավորապես, օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է դատավորի կենսաթոշակի իրավունքը, իսկ Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է առանձնահատկություն այն դատավորների համար, ովքեր «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (01.07.2014թ.) դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում. այս դեպքում կենսաթոշակը հաշվարկվում է աշխատավարձից:

Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը, այդ պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված՝

1) նույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը՝ «մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով» դրույթի մասով,

2) նույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթները,

3) նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը (վերաբերում է մասնագիտական ստաժում մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները հաշվառելուն),

4) նույն հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորումը (վերաբերում է այդ մասում նշված աշխատավարձը հաշվարկելու կարգը Կառավարության կողմից սահմանելուն), ինչպես նաեւ նույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը (վերաբերում է հիմնական կենսաթոշակի չափը եւ մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը Կառավարության կողմից սահմանելուն)՝ դատավորներին վերաբերող մասով:

Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ը:

Ընդ որում, Սահմանադրական դատարանը, որոշման հիմքում դրել է Դատավորների անկախության եւ դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարեւորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր:

Մասնավորապես (մեջբերում 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշումից), «...Միավորված ազգերի կազմակերպության՝ հանցագործությունների կանխմանը եւ իրավախախտների հետ վարվելակերպի հիմնախնդիրներին նվիրված յոթերորդ կոնգրեսի կողմից 1985 թվականին ընդունված՝ Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներում արձանագրված է, որ «հաճախակի են անհամապատասխանություններն այդ սկզբունքների մասին պատկերացման եւ փաստական դրության միջեւ», եւ որ անհրաժեշտ է հաշվի առնել, «որ յուրաքանչյուր երկրում արդարադատությունը կազմակերպելիս եւ իրականացնելիս պետք է ղեկավարվել այդ սկզբունքներով եւ ջանքեր ձեռնարկել դրանք լիովին կենսագործելու նպատակով՝ ...հաշվի առնելով, որ դատավորների պարտականություններն իրագործելու վերաբերյալ նորմերը պետք է նպատակաուղղված լինեն դատավորներին այդ սկզբունքներին համապատասխան գործելու հնարավորություն տալուն»: Միաժամանակ սահմանվում է, որ «դատավորների անկախությանը համապատասխան վարձատրությունը, ծառայության պայմանները, թոշակը եւ թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձեւով երաշխավորվեն օրենքով» (11-րդ կետ):

Նույնաբովանդակ սկզբունքներ են ամրագրված նաեւ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության եւ դերի մասին 1994 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ (94) 12 հանձնարարականում, Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված՝ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայում (6.4-րդ կետ), որոնց համաձայն՝ օրենքով նախատեսված տարիքին հասնելուց հետո թոշակի անցած դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը հնարավորինս մոտ է որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին: Միաժամանակ, «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի եւ դրան կից բացատրական զեկույցի 6.2-րդ կետի համաձայն՝ դատավորների վարձատրությունը միմյանց համեմատ կարող է տարբերվել՝ կախված պաշտոնավարման ժամկետից, դատավորների կողմից իրականացվող պարտականությունների բնույթից եւ նրանց առջեւ դրված խնդիրների կարեւորությունից, որոնք պետք է գնահատվեն թափանցիկ պայմաններում (Ստրասբուրգ, 1998 թ.):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Դատավորների անկախության, արդյունավետության եւ պատասխանատվության վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ Rec (2010)12 հանձնարարականի 54-րդ կետը սահմանում է, որ դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ:

Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված՝ «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիայի 7-րդ կետն ամրագրում է, որ կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով: Նույն խորհրդի եւ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկյան հանձնաժողով) համատեղ զեկույցի համաձայն՝ «չնայած այն հանգամանքին, որ դատարանների ֆինանսավորումը խորհրդարանի հաստատմանը ներկայացվող պետական բյուջեի մաս է, այն չպետք է ենթարկվի քաղաքական փոխհաջորդված քննարկումների: Չնայած այն հանգամանքին, որ ֆինանսավորման մակարդակը, որը երկիրը կարող է տրամադրել իր դատարաններին, քաղաքական որոշման արդյունք է, այդուհանդերձ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել իշխանությունների բաժանման սկզբունքի վրա հիմնված համակարգի գործարկմանը՝ ապահովելու, որ ո՛չ գործադիր, եւ ո՛չ էլ օրենսդիր իշխանությունը որեւէ ճնշում չգործադրի դատական իշխանության վրա բյուջեի հաստատման ժամանակ», միեւնույն ժամանակ, դատարաններին այդ միջոցների հատկացման վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն դատական համակարգի անկախության նկատմամբ խստագույն հարգանքով (ԵԴԽԽ, թիվ 1 կարծիք, 62-րդ կետ, թիվ 2 կարծիք, 5-րդ կետ, Վենետիկյան հանձնաժողով, CDL-AD (2010) 004, 46-րդ կետ, Վենետիկյան հանձնաժողով, CDL-AD (2010) 004):

Վենետիկի հանձնաժողովի 82-րդ լիագումար նիստի շրջանակներում ընդունված՝ «Դատավորների (դատական իշխանության) անկախության վերաբերյալ» զեկույցում (2010 թվականի մարտի 12-13) վերահաստատվում է դատական իշխանության անկախության օբյեկտիվ չափանիշներով պայմանավորված իրավական երաշխիքներ սահմանելու կարեւորությունը, միաժամանակ արձանագրվում է. «Դատական իշխանության անկախությունն ունի ինչպես օբյեկտիվ բաղադրիչ՝ որպես Արդարադատության պարտադիր հատկանիշ, այնպես էլ սուբյեկտիվ բաղադրիչ՝ որպես անհատի՝ իր իրավունքները եւ ազատություններն անկախ դատավորի կողմից սահմանվելու իրավունք: Առանց անկախ դատավորների չի կարող լինել իրավունքների եւ ազատությունների ճիշտ եւ օրինական իրականացում: Հետեւաբար, դատական իշխանության անկախությունն ինքնանպատակ չէ: Այն դատավորների անձնական առավելությունը չէ, այլ պայմանավորված է դատավորների՝ որպես մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորի դերի իրագործման անհրաժեշտությամբ» (բաժին 1, 6-րդ կետ):»:

Հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերելի իրավակարգավորումները ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում ինքնին վերացել է 6-րդ մասի անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակասահմանադրական է ճանաչվել 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 10 տարի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի կենսաթշակի չափը հաշվարկելու կարգի որեւէ առանձնահատկություն սահմանելը:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին » օրենքների նախագծերի փաթեթը:

2. Կարգավորման առարկան

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, եթե նրա լիազորությունները դադարեցվել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով, սահմանել երաշխավորված կենսաթոշակի չափ՝ դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի չափով:

Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի պաշտոն զբաղեցնող անձը հանդիսանում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված սոցիալական վճար կատարող, առաջարկվում է վերը նշված երաշխավորված չափում հաշվի առնել նաեւ դատավորի պաշտոն զբաղեցրած անձին կուտակային համակարգից նշանակված կենսաթոշակը:

Ըստ այդմ, առաջարկվում է Դատավորի կենսաթոշակի չափը սահմանել դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի եւ դատավորին նշանակված՝ անուիտետի եւ ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով:

Իսկ եթե դատավորի պաշտոն զբաղեցրած անձը ծնվել է մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը, ապա անկախ կուտակային բաղադրիչի մասնակից լինելու հանգամանքից, նրա կենսաթոշակի չափը հաշվարկվում է դատավորի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի հարկված չափի (զուտ եկամտի) 70 տոկոսի չափով՝ այս անձանց համար եւս ապահովելով երաշխավորված կենսաթոշակի չափը:

Միաժամանակ, հաշվի առնելով վերը նշվածը առաջարկվում է սահմանել նաեւ Դատավորի կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքերը՝ կախված պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի փոփոխությունից, դատավորի պաշտոն զբաղեցրած անձին կուտակային կենսաթոշակ նշանակելուց, դադարեցնելուց, կուտակային կենսաթոշակի չափը ավելանալուց կամ նվազելուց:

Ըստ այդմ, օրինակ, եթե 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված դատավորի կենսաթոշակը նշանակվել է մինչեւ կուտակային կենսաթոշակը նշանակելը, ապա դատավորի պաշտոն զբաղեցնող անձին կուտակային կենսաթոշակ նշանակելուց հետո դատավորի կենսաթոշակի չափը կվերահաշվարկվի՝ նվազեցվելով նշանակված կուտակային կենսաթոշակի չափով՝ պահպանելով կենսաթոշակի ընդհանուր գումարի չափը:

Իսկ եթե դադարեցվի դատավորի պաշտոն զբաղեցրած անձին ծրագրային վճարների ձեւով վճարվող կուտակային կենսաթոշակը, ապա դատավորի կենսաթոշակի չափը կավելացվի՝ ապահովելով երաշխավորված կենսաթոշակի չափը:

Ընդ որում, կախված կուտակային կենսաթոշակից՝ կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը կստացվի ինքնաշխատ եղանակով՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված մասնակիցների ռեեստրը վարողից՝ Կառավարության սահմանած կարգով:

Սահմանվում են նաեւ Դատավորի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու, կենսաթոշակը նշանակելու եւ վճարելու, կենսաթոշակ վճարելը դադարեցվելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու պայմաններն ու կարգը, այն է՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով զինվորական կենսաթոշակների համար սահմանված կարգով:

Նախագծով կարգավորվում են նաեւ դատավորի պաշտոն զբաղեցրած անձին մինչեւ սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը նշանակված կնշանակված կենսաթոշակի՝ սույն նախագծով առաջարկվող կարգով հաշվարկելու կարգը, ինչպես նաեւ 2019 թվականի հոկտեմբերի 30-ից հետո՝ մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը դիմած անձին եւ սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման կիրառման հետեւանքով չնշանակված կենսաթոշակը նշանակելու կարգը:

Միաժամանակ, հաշվի առնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը (Սույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաեւ հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա), ինչպես նաեւ այդ դրույթի հիման վրա ձեւակերպված՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ հոդվածի 4-րդ մասերը, «Դատական օրենսգրքում» սահմանադրական օրենքում հստակեցնել «հանրային ծառայության անցնելու դեպքեր» արտահայտությունը: Այս դեպքում կապահովվի նաեւ օրենքի միասնական կիրառումը բոլոր պետական պաշտոն զբաղեցրած անձանց համար:

Բացի վերը նշվածը, նախագծով առաջարկում է կարգավորել իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները:

Մասնավորապես առաջարկվում է կարգավորել աշխատանքային կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելիս այդ կենսաթոշակ ստանալու իրավունք ունելու ժամանակահատվածում վճարված աշխատանքային կենսաթոշակը հաշվանցելուն առնչվող հարաբերությունները:

Ընդ որում, լրացուցիչ ծախսերը հաշվարկելիս հարկ է նկատի ունենալ, որ դատավորի պաշտոն զբաղեցրած անձանց արդեն նշանակված կենսաթոշակները դատական ակտերի հիման վրա վերահաշվարկվել են եւ կենսաթոշակի հաշվարկման՝ առաջարկվող չափից պակաս չեն:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման պահանջների համաձայն կկարգավորվեն դատավորների կենսաթոշակային ապահովության կապակցությամբ առկա, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ԱՀՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ Ա.ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սիմոնյան


Ղեկավարվելով Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական զեկուցողը պատգամավոր Արթուր Դավթյանն է:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագծերը եւ դրանց ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:

Խնդրում ենք ներկայացված նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝