Armenian ARMSCII Armenian
Կ-0901-12.11.2021-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ կետերով.

«4.1) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը.

4.2) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները.

4.3) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման եւ իրականացման կարգը.»:

Հոդված 2. Oրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բառերով՝ «եւ գործում է 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ 5-րդ հոդվածի 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ կետերի»:

Հոդված 3. Oրենքի 14-րդ հոդվածում 1-ին մասից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն անխափան իրականացնելու հանգամանքով, ինչը կապահովի նաեւ աջակցող միջոցների տրամադրման, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, սպասարկման եւ այլ ծառայությունների շարունակական մատուցումը:

2. Առկա իրավիճակը եւ խնդիրները

Աջակցող միջոցների տրամադրման գործընթացը բարելավելու եւ կատարելագործելու նպատակով կառավարությունը պարբերաբար ընդլայնում է աջակցող միջոցների ցանկը եւ տեսականին: Թերեւս, աջակցող միջոցների կարիքն ունեցող անձանց հասցեական ծառայություններ տրամադրելու հարցում կարեւոր է նաեւ համապատասխան մասնագիտական ցուցումներ տալ այդ ծառայությունները երաշխավորող մասնագետներին: Ներկայումս աջակցող միջոցների վերաբերյալ երաշխավորությունը տրամադրվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից: Սակայն միասնական մասնագիտական մոտեցում ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ են գիտական հիմք ունեցող մեթոդական ցուցումներ համապատասխան մասնագետների համար, քանի որ բազմազան են եւ հաշմանդամության պատճառով առաջացած խնդիրները, եւ աջակցող միջոցների տեսակները, արժեքները:

Մյուս կողմից, գործող կարգավորումների համաձայն հաշմանդամության սահմանման համակարգի հիմքում պետք է դրված լինի անձի ֆունկցիոնալության գնահատումը: Այս անցումը որպես արմատական բարեփոխում հաջողելու համար պետք է նոր համակարգին անցում կատարել որոշակի կազմակերպչական, տեխնիկական գործընթացներ, մասնագիտական վերապատրաստումներ իրականացնելուց հետո:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն մինչեւ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրումը հաշմանդամության գնահատման գործընթացը իրականացնել առկա մեխանիզմներով եւ չափանիշներով, զուգահեռաբար իրականացնելով համապատասխան աշխատանքներ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը արդյունավետ ներդնելու ուղղությամբ: Աջակցող միջոցների տրամադրումը դարձնել առավել հասցեական, բացառել սուբյեկտիվ որոշումները դրանց երաշխավորության հարցում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

5. Ակնկալվող արդյունքը

Հաշմանդամության սահմանման՝ բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի սահուն իրականացում, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի արդյունավետ ներդրում, աջակցող միջոցների տրամադրման հասցեականության մեծացում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» N 1363-Ա որոշման 4.6 կետի 22-րդ, 23-րդ եւ 24-րդ պարբերություններից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն