Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-084-08.11.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ 2001 թվականի հունիսի 24-ի ՀՕ-200 օրենքը լրացնել նոր՝13.3 հոդվածով.

«Հոդված 13.3  Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին:»



Հիմնավորում

Առկա իրավիճակը

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա: Մարտական գործողությունները ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում: Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի եւ ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ: Ադրբեջանական զինված ուժերն ու միջազգային վարձկանները թիրախավորել էին խաղաղ բնակչությանը, բուժհաստատությունները, դպրոցներն ու մանկապարտեզները: Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 10-ին՝ նոյեմբերի 9-ին կնքված հայտարարությամբ: Ադրբեջանի տիրապետության տակ անցան Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը: Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով մենք ունեցանք հազարավոր զոհեր: Արցախից տեղահանվեց ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 տոկոսը կանայք եւ երեխաներ են:

Միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված չէ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մանրամասներին: Հայաստանում պետական մակարդակով նշելով այդ օրը՝ մենք ուղերձ ենք հղում միջազգային հանրությանը, որ հետամուտ ենք լինելու բոլոր մանրամասների վերհանմանը եւ միջազգային ատյաններում, այդ թվում՝ միջազգային քրեական դատարանում, մարդկության դեմ գործած հանցագործությունները փաստելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Արցախի բնակչության բնաջնջումից եւ աղետալի կորուստներից հնարավոր եղավ խուսափել հայկական զինված ուժերի, կամավորների, ՄՈԲ-ի աննկարագրելի հերոսության եւ անձնազոհության շնորհիվ: Մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար հերոսացած մեր հայրենակիցներին եւ վառ պահել նրանց հիշատակը: Սեպտեմբերի 27-ը մեր օրացույցում մշտապես մնալու է որպես ողբերգության եւ աղետի օր, եւ մեզ պետք է հիշեցնի նաեւ, հայկական զինված ուժերի բացառիկ հերոսության եւ անձնազոհության մասին:

Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է ՀՀ Տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում սահմանել Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ պատերազմի զոհերի հիշատակի օր՝ պատերազմի զոհերի հիշատակը հարգելու, ազգային աղետին գնահատական տալու համար:

Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող լրացմամբ սեպտեմբերի 27-ը կսահմանվի Ադրբեջանական բանակի եւ միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ հարձակման, տեղահանման եւ 44-օրյա պատերազմի զոհերին հարգանքի տուրք մատուցելու օր:

 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

«08» նոյեմբերի 2021թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվում է ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյան:

Գրությանը կից ներկայացվում են՝

1. Օրենքի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքների լրացվող հոդվածի մասին տեղեկանքները:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 

Էլինար Վարդանյան
Արմեն Գեւորգյան