Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-377-04.11.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 39.3-րդ հոդվածի առաջին մասում «30 տոկոսը:» բառերը փոխարինել «50 տոկոսը:» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 39.3-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարության հավանությանն արժանացած` գործարար ծրագրեր իրականացնող ռեզիդենտների արտոնությունները: Համաձայն այդ հոդվածի առաջին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառությամբ առեւտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը: Նախագծով առաջարկվում է 30 տոկոսը ավելացնել մինչեւ 50 տոկոս:

Այսօրվա գործազրկության ահագնացող պայմաններում նախագծով առաջարկվող փոփոխությունը խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության Կառավարության հավանությանն արժանացած` գործարար ծրագրեր իրականացնող ռեզիդենտների համար՝ ստեղծելու նոր աշխատատեղեր՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս նվազեցնել հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարը արդեն մինչեւ 50 տոկոսի չափով: Արդյունքում որոշակիորեն կբարելավվի գործարար, ներդրումային միջավայրը, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կկրճատվի գործազրկությունը երկրում: