Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0561-30.09.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248-Ն քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասում «307» բառից հետո լրացնել «307.5» բառը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում

Նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունման նպատակը.

Նախագծով առաջարկվում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը: Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները եւ նրանց գործունեությունը երաշխավորված է թե՝ ՀՀ Սահմանադրությամբ, թե՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով: Առհասարակ, քննիչ հանձնաժողովները խորհրդարանական կառավարման համակարգի եւ խորհրդարանական վերահսկողության կարեւորագույն գործիք են: ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:» Սահմանադիրը, նշելով հանրային հետաքրքրություն տերմինը, արդեն իսկ կանխորոշել է, որ դրանք խիստ կարեւոր եւ առանցքային հարցեր պետք է լինեն, ինչով պայմանավորված էլ առաջանում է բացառապես ճշմարտությունը բացահայտելու առաքելությունը, որն էլ, սակայն անհնարին կլինի առանց ճշմարիտ փաստերի եւ դրանց օբյեկտիվ եւ համակողմանի ուսումնասիրության: Հատկանշական է, որ հենց այս նպատակով էլ ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1 եւ 1.1 մասերի համաձայն՝

1. Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար անձինք պարտավոր են, իսկ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ներկայանալու եւ բացատրություններ տալու հանձնաժողովի նիստում, ինչպես նաեւ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին:

1.1 Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու եւ բացատրություններ տալու, ինչպես նաեւ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաեւ նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու եւ բացատրություններ տալու հրավերն ստացվել է մինչեւ պաշտոնից ազատվելը:

Մինչդեռ ինքնին ներկայանալու իմպերատիվ պահանջը ինքնին բավարար չէ ճշմարտության բացահայտման եւ ներկայացման համար. Հիփոթեզի եւ դիսպոզիցիայի առկայության դեպքում բացակայում է համապատասխան սանկցիան, որը քննիչ հանձնաժողովի կողմից հրավիրված անձանց ոչ միայն կստիպի ներկայանալ հանձնաժողովին, այլեւ ներկայացնել միմիայն եւ բացառապես ճշմարտությունը: Հակառակ դեպքում քննիչ հանձնաժողովների գործունեությունը կվերածվի իրականությունից եւ հանրային հետարքրության շրջանակում գտնվող հարցերից շեղելու գործիքի:

Միաժամանակ, տարբերակում է դրվել քննիչ հանձնաժողովներին եւ Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելու միջեւ, ինչը պայմանավորված է կրկին Սահմանադրության եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի ինպերատիվ եւ տարբերակիչ մոտեցումներով: Մասնավորապես՝ պաշտպանության եւ անվտանգության հարցերին վերաբերող դեպքերում քննիչ հանձնաժողով չի ստեղծվում, այլ դրա լիազորությունները փոխանցվում են Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին: Հատկանշական է, որ այս դեպքերում չի փոխվում նաեւ հանձնաժողովի կազմը:

Տարբերակման մյուս հիմնավորումը այն հարցերի շրջանակն են, որոնք ենթակա են քննության պաշտպանության եւ անվտանգության իրավասու հանձնաժողովի կողմից՝ դրա քննիչ հանձնաժողովի լիազորություններ ստանձնելու դեպքում: Պայմանավորված այդ հարցերի ոչ միայն հանրային, այլեւ պետության, դրա անվտանգության եւ պաշտպանության տեսանկյունից կարեւորության, նպատակահարմար է սահմանել առավել խիստ սանկցիա այդ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրելու դեպքերի համար, ինչը կունենա պրեվենտիվ նշանակություն հնարավոր հանցավոր վարքագծի նկատմամբ եւ միաժամանակ կնպաստի արդարության եւ իրականության ամբողջական եւ համակողմանի ուսումնասիրությանն ու բացահայտմանը: Պատահական չէ նաեւ, որ նման նախաձեռնություն իրականացվում է այս ժամանակահատվածում եւ նախկինում նման առանցքային անհրաժեշտություն առաջացած չի եղել: Պատճառը 2020 թվականի սեպտեմեբերի 27-ից, մինչեւ 2020 նոյեմեբերի 9-ը տեղի ունեած 44-օրյա պատերազմն էր եւ դրա հանգամանքների համակողմանի ուսումնասիրման վերաբերյալ հայտարարված քննիչ հանձնաժողովի ձեւավորման հանգամանքն է: Պետք է նկատել, որ նշված պատերազմի արդյունքում Հայ ժողովրդի հազարավոր Հերոս զինվորական ծառայողներ մարտիրոսվել են, սակայն հանրության մեջ առկա է հիմանավոր կասկած առ այն, որ նշված պատերազմից հնարավոր էր խուսափել, կամ հնարավոր էր ավելի վաղ դադարեցնել որի պայմաններում զոհված, թշնամու կողմից սպանված զինվորների կյանքը հնարավոր կլիներ փրկել եւ կանխել նման իրավիճակը: Այս հանգամանքների վերաբերյալ ցանկացած ոչ հավաստի կամ ոչ լրիվ ճշմարիտ, առավելեւս սուտ կամ կեղծ տեղեկություններ հայտնելը նման պայմաններում իրենից ներկայացնում են չափազանց բարձր հանրային վտանգավորության աստիճան որով պայմանավորված է հենց քրեական քաղաքականության նման խիստ մոտեցումը: Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի հետեւանքների կամ դրանից «դասեր քաղելու» կարեւորության մասին նշվում է նույնիսկ կառավարության ծրագրի մեջ, հետեւաբար կանխատեսելի է, որ նման նախաձեռնության եւ բացառապես ճիշտ եւ իրական տեղեկության ստացումը պետք է լինի ելակետային բոլոր կողմերի համար: Գտնում ենք, որ քրեական քաղաքականության նման մոտեցումը կարող է միակ արդյունավետ մեխանիզմ եւ երաշխիքը հանդիսանալ հատկապես Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի գործունեության հանրային վստահության եւ ճշմարտության բացահայտման առաքելության իրացման տեսանկյունից:

Միաժամանակ, պայմանավորված այդ արարքների հանրային վտանգավորությամբ եւ սուբյեկտային առնչությամբ, անհրաժեշտ է տվյալ գործերի համար նախաքննության մարմին սահմանել ազգային անվտանգության մարմնի քննիչներին, քանի որ ամբողջ իրավահարաբերություններն ուղղակիորեն փոխկապակցված են ՀՀ ազգային անվտանգության հետ:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները

Նախագծով առաջարկվում է քրեականացնել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը եւ այդ արարքի կատարման համար նախատեսել հինգից յոթ տարի ժամկետով ազատազրկումը՝ որպես պատիժ, ինչպես նաեւ սահմանել 8-12 տ ազատազրկում, եթե կեղծ կամ սուտ տեղեկություններ տրամադրվել են պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում գործող քննիչ հանձնաժողովին:

Նախագծի փաթեթով՝քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված լրացմամբ առաջարկվում է սույն գործերով նախաքննության մարմին սահմանել ՀՀ ազգային անվտանգության մարմիններին:

Նախագծով նպատակը

Նախագծի ընդունման դեպքում հնարավորինս կնվազի քննիչ հանձնաժողովներին եւ դրանցից առանձնահատուկ կարգավիճակ եւ կանոնակարգումներ ունեցող պաշտպանության եւ անվտանգության ոլորտի քննիչ հանձնաժողովին կեղծ կամ սուտ տեղեկությունների տրամադրումը, ինչով էլ քննիչ հանձնաժողովների աշխատանքը եւ զեկույցը կլինի հանգամանալից եւ ճշմարտացի՝ արտահայտելով բացառապես իրական եւ փաստերի վրա հիմնված օբյեկտիվ իրականությունը, իսկ դրանից շեղվելու փորձեր կատարողները, այդ թվում միջամտության, կեղծ կամ սուտ տեղեկության տրամադրման մասով կենթարկվեն քրեական պատասխանատվության, դրանով իսկ ապահելով նման արարքների կանխարգելման քրեաիրավական նպատակը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ

29 սեպտեմբեր 2021թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի եւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արամ Վարդեւանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը,

Խնդրում ենք օրենքների նախագծերի ներկայացված փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


Հարգանքով՝  ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ