Armenian ARMSCII Armenian
Կ-054-28.09.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 390-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305, 3401 ծածկագրերին դասվող՝ մինչեւ 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները) ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:»:

Հոդված 2. Օրենսգրքի 391-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դրոշմավորման պարտավորություն կրող անձի կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների՝ մինչեւ սեփականության իրավունքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն:»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն գլխի կիրառության իմաստով Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող են համարվում նաեւ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն մասում նշված դեպքի:

Մանրածախ առեւտրի ոլորտում դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքներ օտարող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը դրոշմավորման պարտավորություն չեն կրում, եթե այդ ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը) կատարվում է օտարման պահին կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առեւտրային գործարքների ժամանակ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 393-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հայտը եւ (կամ) հաշվետվության ձեւը ներկայացվել են հարկային մարմնի սահմանած լրացման կարգերի պահանջների խախտմամբ:»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Հարկային մարմինը հայտը չեղյալ է համարում՝

1) ներկայացված հայտից հրաժարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

2) հայտի բավարարման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները հարկ վճարողի կողմից չստանալու դեպքում:»,

3) 7-րդ եւ 8-րդ մասերը «ապրանքների օտարումն» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով,

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Սույն գլխով նախատեսված էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կարգը սահմանում է հարկային մարմինը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն մասի կիրառման առումով դրոշմավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված) դրոշմավորման ենթակա ապրանքի միավորի վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նշված դեպքի:»,

2) 2-րդ եւ 3-րդ մասերը «դրոշմավորումը եւ» բառերից հետո, իսկ 7-րդ մասում «որոնց գծով» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանում են հարկային եւ (կամ) մաքսային մարմինները» բառերը փոխարինել «սահմանում է հարկային մարմինը» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 396-րդ հոդվածում.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են մինչեւ դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին օրը ներառյալ:»,

2) 2-րդ եւ 3-րդ մասերը «դրոշմապիտակները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ դրոշմավորման ընթացքում խոտանված դրոշմապիտակների)» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 422-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «(այդ թվում՝ կորած)» բառերը եւ նույն մասում «չընդունվելու» բառից հետո լրացնել «կամ կորստի» բառերը, իսկ «վնասված» բառից հետո լրացնել «(բացառությամբ խոտանված դրոշմապիտակների)» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-5-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախորդ հարկային տարին որոշվում է՝

1) չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերադարձը Օրենսգրքի 396-րդ հոդվածի՝ համապատասխանաբար 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում՝ որպես հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարին,

2) Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու դեպքում՝ որպես հարկային մարմնի կողմից՝ Օրենսգրքի 396-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վավերապայմաններին համապատասխանության (անհամապատասխանության) մասին որոշման ընդունման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարին,

3) ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների կորստի դեպքում՝ որպես ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները կորած համարվելու վերաբերյալ հարկ վճարողի դիմումի (գրության) հիման վրա հարուցված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից լիազորած ստորաբաժանման ղեկավարի կողմից ընդունված վարչական ակտի կազմման ամսաթիվը ներառող հարկային տարվան նախորդող հարկային տարին:

3. Նախորդ հարկային տարվա ընթացքում հարկ վճարողի կողմից ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ ստացված չլինելու դեպքում, ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի դեպքում՝ տուգանքը հաշվարկվում է յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի եւ (կամ) դրոշմապիտակի համար՝ 50 դրամ:

4. Անկախ սույն հոդվածի դրույթներից, մինչեւ սույն հոդվածով սահմանված դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու համար «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի վարչական ակտի ընդունումը՝ սահմանված ժամկետում չվերադարձված՝ չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները վերադարձնելու եւ հարկային մարմնի կողմից դրանց հետընդունման ակտը վարույթ իրականացնող մարմին ներկայացվելու դեպքում դրանց մասով յուրաքանչյուր ակցիզային դրոշմանիշի եւ (կամ) դրոշմապիտակի համար հաշվարկվում եւ գանձվում է տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամը:

5. Սույն գլխի իմաստով խոտանված են համարվում դրոշմավորման ընթացքում վնասված ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները, որոնց քանակը չի գերազանցում օրենսգրքի 393-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ ներկայացված վերջին հաշվետվությունում նշված՝ օգտագործված դրոշմապիտակների քանակի 0,5 տոկոսը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 423-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «վնասված» բառից հետո լրացնել «կամ խոտանված կամ դրոշմավորման ոչ ենթակա ապրանքի վրա փակցված եւ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցված» բառերով,

2) 3-րդ մասում «1-ին եւ 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 4-րդ» բառերով,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Օրենսգրքին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ապրանքների, ինչպես նաեւ անմաքս առեւտրի խանութում վաճառքի համար նախատեսված ապրանքների դրոշմավորման դեպքում, դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողից, որպես փոխհատուցում, գանձվում են այդ դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը, եթե այդ ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում՝ տարանցման մաքսային հայտարարագրում) նշված են դրոշմանիշերի (դրոշմապիտակների) թիվը, սերիաները, հերթական համարները (այդ թվում՝ միջակայքերով) եւ դրանց ստացման հաշիվ-վավերագրի համարն ու ամսաթիվը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը, իսկ «եթե» բառից հետո լրացնել «դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում նշված դրոշմավորման ենթակա ապրանքի ընդհանուր արժեքը եւ (կամ)» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի հիմնական նպատակը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման եւ հստակեցման, օրենսգրքի առանձին դրույթների վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու եւ նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունմամբ պայմանավորված նախատեսվում է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմապիտակներով ապրանքների դրոշմապիտակավորման համար օրենսգրքով սահմանված կարգավորումների գործնական կիրառման ընթացքում առաջացել են մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ դրոշմանիշերի եւ պիտակների ստացման, վերադարձման, վնասված (այդ թվում՝ արտադրական պրոցեսում) պատասխանատվության միջոցների կիրառման համաչափության, վերագրումների կատարման էլեկտրոնային համակարգերի հստակեցման, ապրանքների վերատարայավորման ու վերափաթեթավորման, ինչպես նաեւ գրավի առակա հանդիսացող ապրանքների դրոշմավորման հետ կապված:

ՀՀ հարկային օրենսգրքի 393-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետից ուշացնելու, հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու կամ դրանց կորստի համար օրենսգրքով սահմանված տուգանքը չվճարելը հիմք է հանդիսանում ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների ստացման հայտը մերժելու համար, ինչը հնարավորություն չի տալիս հարկ վճարողին ստանալ դրոշմապիտակներ իր բնականոն գործունեությունը շարունակելու համար: Միեւնույն ժամանակ, քանի որ խնդրո առարկա տուգանքը մարվելու է միասնական հաշվի միջոցների հաշվին, իսկ միասնական հաշվում առկա միջոցներից մարումները համաձայն օրենսգրքի կատարվում են ըստ պարտավորության առաջացման վաղեմության, այսինքն սկզբից մարվում են ավելի վաղ առաջացած պարտավորությունները, ապա հաճախ նույնիսկ տուգանքի չափով գումարի միասնական հաշվին մուտքագրման դեպքում այդ գումարներն ուղղվում են ավելի վաղ առաջացած այլ պարտավորությունների մարմանը, տուգանքը մնում է չմարված եւ հարկ վճարողի հայտը չի բավարարվում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատասխանատու անձի կողմից ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելու համար սահմանված է պատասխանատվություն՝

տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով: Նույն հոդվածով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ղեկավարման կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որը ենթակա է պատասխանատվության նշված հոդվածով նախատեսված արարքների կատարման համար՝ անկախ խախտման սահմանային չափից: Միաժամանակ, նույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված է տուգանքի մեծություններ համապատասխանաբար 70 հազար դրամ, 300 հազար դրամ եւ 800 հազար դրամ: Նույն խախտումները պատասխանատու անձանց կողմից կատարված լինելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ 3 մլն դրամի չափով՝ ինչը կարծում ենք համաչափ չէ: Այսինքն, օրինակ առաջին մասով նախատեսված խախտումը կատարելու դեպքում պատասխանատվության չափը պատասխանատու անձի դեպքում կկազմի 3 մլն դրամ, մինչդեռ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում այդ տուգանքի մեծությունը կազմում է 1,2 մլն դրամ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է.

1) դրոշմավորման ոչ ենթակա սահմանել ԱՏԳ ԱԱ 3303, 3304, 3305, 3401 ծածկագրերին դասվող՝ մինչեւ 2 գրամ զտաքաշ կամ 2 միլիլիտր ծավալ ունեցող ապրանքները (այդ թվում՝ փորձանմուշները),

2) սահմանել, որ դրոշմավորման պարտավորություն են կրում նաեւ արտադրող չհանդիսացողների կողմից դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները այլ կերպ տարայավորող (փաթեթավորող, շշալցնող) կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը,

3) հստակեցնել, որ դրոշմավորման ենթակա չեն մանրածախ առեւտրի ոլորտում ապրանքների նոր տարայով տարայավորումը (փաթեթավորումը, շշալցումը), որը կատարվում է օտարման պահին կամ այդ ապրանքների փաթեթավորումն իրականացվում է կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առեւտրային գործարքների ժամանակ,

4) հստակեցնել հայտի մերժման եւ չեղարկման հիմքերը, էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարման կարգը,

5) էականորեն վերանայվել է սահմանված ժամկետում չվերադարձված դրոշմապիտակների համար նախատեսված պատասխանատվության չափը այն դեպքերի համար, երբ դրանք վարչական վարույթի շրջանակներում վերադարձվել եւ հետ են ընդունվել հարկային մարմնի կողմից,

6) սահմանել, որ դրոշմավորման պարտավորություն կրող անձի կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների՝ մինչեւ սեփականության իրավունքի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելը դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավի առարկա հանդիսացող՝ դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավառուն,

7) վնասված դրոշմապիտակների առումով սահմանել բացառություն դրոշմավորման ընթացքում խոտանված այն դրոշմապիտակների համար, որոնք ենթակա չեն վերադարձման հարկային մարմին: Դրանք համար տուգանքը փոխարինվել է տպագրության համար ծախսերի փոխհատուցմամբ,

8) սահմանել «խոտանված» եւ «օգտագործված» դրոշմապիտակներ հասկացությունները:

Միաժամանակ, ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելու համար սահմանված տուգանքի մեծությունները համաչափության սկզբունքին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 170.8-րդ հոդվածի 5-րդ մասը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է առաջարկվող բովանդակային, խմբագրական փոփոխություններով ու լրացումներով հստակեցնել ու կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում բարձրացված հարցերը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն