Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-371-29.10.2013-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակական կազմակերպություն մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերին 4-ի ՀՕ-268-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Եթե միավորումը 50 եւ ավելի տարի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով գործում է որպես ստեղծագործական միություն, կարող է պետական գրանցում ստանալ պահպանելով «ստեղծագործական միություն» անվանումը եւ իրավահաջորդությունը։»։

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «միություն» բառը։

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում բառը փոխարինել «չորս» բառով.

2) 6-րդ մասը լրացնել 3.1-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3.1) կազմակերպության բարձրագույն մարմնի ղեկավարի եւ կազմակերպության գործադիր ղեկավարի ընտրության կամ նրա լիազորությունների դադարեցման հարցը՝ եթե առկա է բարձրագույն մարմնի անդամների մեկ երրորդի նախաձեռնությունը։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի վերաբերյալ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները պայմանավորված են երկրի մշակութային եւ ստեղծագործական բնագավառներում առկա կազմակերպությունների նպատակային գործունեությանը խթանելու, ավանդական ստեղծագործական կազմակերպությունների փորձն ու ներուժը մշակութային զարգացումներին ուղղելու եւ վերջիններիս դերն ու կարգավիճակը որոշակիացնելու միտումով։

«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունումով, ավանդական ստեղծական միությունները, լինելով ոչ առեւտրային կազմակերպություններ, իրենց կազմակերպա-իրավական տեսակով վերակազմակերպվեցին որպես հասարակական կազմակերպություններ՝ կորցնելով հանրային ճանաչում եւ հեղինակություն ձեռք բերած իրենց «ստեղծագործական միություն» անվանումը կրելու իրավունքից։

Օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն է տրվում 50-ից ավելի տարի գործունեություն իրականացնող կազմակերպություններին պահանելու իրենց ճանաչումը։

Հասարակական կազմակերպությունները, այդ թվում՝ ստեղծագործական միությունները, իրենց կանոնադրական եւ նպատակային բնականոն գործունեության, մշակութային քաղաքականությանը խթանող ծրագրերի եւ ոլորտային խնդիրների կարգավորման վրա ջանքերը կենտրոնացնելու փոխարեն, առավել հաճախ մտահոգ են ղեկավար կազմի ընտրության կամ վերընտրության հարցերով։

Համաձայն գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս, իսկ 6-րդ մասի 3-րդ մասում նշվում է, որ կազմակերպության բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությունն է «բացառապես կազմակերպության բարձրագույն մարմնին ենթակա եւ հաշվետու մարմինների (եթե կազմակերպությունը, բացի բարձրագույն մարմնից, ունի այլ մարմիններ), այդ թվում` կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ընտրությունը, այդ մարմինների կազմի փոփոխումը կամ լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ընդ որում, նրանց լիազորությունների ժամկետները չեն կարող սահմանվել ավելին, քան կազմակերպության հերթական ժողովի հրավիրման` կանոնադրությամբ սահմանված պարբերականությունն է.»։ Ձեւակերպումից հստակ չի, թե որքանով է կազմակերպության նախագահը կամ գործադիր տնօրենը «ենթակա բարձրագույն մարմնին», սակայն հոդվածը կարող է թույլ տալ դրույթը ընդհանրապես չկիրառել կազմակերպության նախագահի եւ գործադիր տնօրենի ընտրության կարգավորման վրա, մյուս կողմից ստացվում է, որ եթե կանոնադրությամբ որոշվի 6 ամիսը մեկ կամ յուրաքանչյուր տարի անցկացնել ժողով, ապա այդ պարբերականությամբ հարկ կլինի անցկացնել ընտրություններ։

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով, դրանով հնարավորություն տալով իրապես իրագործել նախատեսված ծրագրերը եւ ջանքերը կենտրոնացնել նպատակային գործունեության վրա։ Բացի դրանից «ոչ պակաս» հասկացությունը չի սահմանափակում կանոնադրությամբ առավել կարճ ժամկետ սահմանելու հնարվորությունը։ Մյուս կողմից օրենսդրական առաջարկով հստակեցվել է ղեկավար անձի ընտրության հարցը, այն առանձնացնելով վերստուգիչ եւ այլ մարմնինների կազմից։