Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3692-22.10.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 26-րդ հոդվածում լրացնել 1.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների մշտական կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են այն օտարերկրացիները, որոնք մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմել են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված հիմքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսվում է օտարերկրացիներին մշտական կացության կարգավիճակ տրամադրելու հիմքերը: Սակայն նախատեսված հիմքերը բավարար չեն օտարերկրացիների հոսքը Հայաստանի Հանրապետություն խրախուսելու, վերջիններիս կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար: Բացի այդ, ներկայումս օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրվում է 5 տարով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

Միաժամանակ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների մշտական կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար ներկայումս սահմանված է պետական տուրքի վճարում՝ անկախ օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրելու հիմքից:

Առաջարկվող լուծումները

Առաջարկվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված հիմքերից բացի սահմանել օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրամադրելու նոր հիմք, այն է օտարերկրացուն տրմադրել մշտական կացության կարգավիճակ, եթե օտարերկրացին էսքրոու հաշվի միջոցով եւ նոտարի կողմից վավերացված գործարքով ձեռք է բերել առնվազն 40 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով անշարժ գույք: Հաշվի առնելով, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ձեռք բերելը հեշտացնելն ու խրախուսելն է, առաջարկվում է նաեւ լրացվող նոր հիմքով մշտական կացության կարգավիճակ տրամադրել 10 տարի ժամկետով՝ գործող այլ հիմքերի համար նախատեսված 5 տարի ժամկետի փոխարեն: Բացի այդ, առաջարկվում է առնվազն 40 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերելու հիմքով մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշումը կայացնել դիմումը ներկայացնելու օրվանից 15-օրյա ժամկետում:

Հաշվի առնելով կատարվող փոփոխությունների նշված նպատակները՝ անհրաժեշտ է նաեւ որոշակի այլ արտոնություններ սահմանել օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ ձեռք բերելու համար: Այսպես առաջարկվում է առնվազն 40 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով անշարժ գույք ձեռք բերելու դեպքում օտարերկրացուն ազատել պետական տուրքի վճարումից: Դրանով պայմանավորված նախագծերի փաթեթի մեջ ներառվել է նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է դրույթներ նախատեսել օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքով ստացած մշտական կացության կարգավիճակից զրկելու հիմքերի վերաբերյալ:

Միաժամանակ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում կատարվող փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխան լրացում կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:

Ներկայացված նախագծերը մշակելիս ուսումնասիրվել է նաեւ այդ ոլորտում միջազգային փորձը: Արդյունքում պարզ դարձավ, որ մի շարք երկներում նշված համակարգը ներկայումս հաջողությամբ եւ արդյունավետորեն կիրառվում է:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել հեշտացնել Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներին մշտական կացության կարգավիճակ տրամադրելը, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների հոսքի ավելացման համար: