Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2801-29.04.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16914 -րդ հոդվածով՝

«Հոդված 16914 . Իր անվանման մեջ առանց լիցենզիայի չթույլատրված բառերն օգտագործելը

Առանց համապատասխան լիցենզիա ստանալու օրենքով սահմանված բառերը կամ դրանց ածանցյալներն իր անվանման մեջ վեց ամսից ավելի ժամկետով օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ չորսամսյա ժամկետում խախտումը չվերացնելը՝ լիցենզիա չստանալը կամ անվանափոխություն չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»

Հոդված 2. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածի առաջին մասում՝

«16913 » բառերից հետո լրացնել «, 16914 -րդ» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացումներ կատարելու անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է աուդիտորական գործունեության, ինչպես նաեւ լիցենզավորման ենթակա գործունեության մի շարք տեսակների գծով օրենքով ամրագրված առանձին իրավական նորմերի կիրառման պայմանների ապահովման կամ առավել արդյունավետ լծակներ ներդնելու, լիցենզավորված անձանց պատասխանատվությունը բարձրացնելու նպատակահարմարությամբ:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր՝ 16914 -րդ հոդվածով:

Առաջարկվող 16914 -րդ հոդվածով սահմանվում է առանց համապատասխան լիցենզիա ստանալու օրենքով սահմանված եւ չթույլատրված բառերը կամ դրանց ածանցյալներն իրենց անվանման մեջ օգտագործելու համար պատասխանատվության միջոցը՝ տուգանքի չափը:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերը կամ դրանց ածանցյալներն իր անվանման մեջ կարող է օգտագործել միայն աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպությունը: Նախ բարդություններ են առաջանում նոր հիմնադրվող աուդիտորական կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են իրենց անվանման մեջ օգտագործել նշված բառերից որեւէ մեկը: Նշված կազմակերպությունների պետական գրանցումն իրականացնող մարմինը իրավացիորեն մերժում է այդ կազմակերպությունների գրանցումը, քանի որ, նշված հոդվածի համաձայն՝ վերոհիշյալ բառերի օգտագործումը արգելվում է, եթե կազմակերպությունը չունի աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա, քանի որ օրենքի համաձայն կազմակերպությունը լիցենզիա կարող է ստանալ միայն պետական գրանցում ստանալուց հետո: Ստեղծվում է մի այնպիսի իրավիճակ, որի դեպքում կազմակերպությունը նախ պետք է ստանա պետական գրանցում, այնուհետեւ՝ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա՝ առանց վերոհիշյալ բառերն իր անվանման մեջ օգտագործելու, իսկ լիցենզիա ստանալուց հետո պետք է կատարի անվանափոխություն (վերոհիշյալ բառերից որեւէ մեկը ներառելով իր անվանման մեջ)՝ կրկին անգամ անցնելով պետական գրանցման եւ լիցենզավորման գործընթացները: Նշենք նաեւ, որ նշված անվանափոխությունը պետք է կատարվի նաեւ կազմակերպության կնիքի վրա, ձեւաթղթերում, ինչպես նաեւ կազմակերպության վերաբերյալ հարկային մարմնում, սոցիալական ապահովագրության հիմնադրամում, սպասարկող բանկում եւ այլ կառույցներում կատարված գրանցումներում:

Հաշվի առնելով, որ համանման պահանջ նախատեսված է նաեւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին», «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքներով եւ նույն խնդիրը առկա է նաեւ «խաղատուն», «խաղասրահ», «շահումով խաղեր», «գրավատուն», «ապահովագրական» բառերի օգտագործման առումով, առաջարկում ենք ընդհանուր լուծում:

Ընդ որում, առաջարկվող մոտեցումը՝ հատկապես որոշակի ժամկետ (վեց ամիս) սահմանելու մասով, հնարավորություն է ընձեռում լուծելու նշված բառերի օգտագործման խնդիրը ոչ միայն նոր ստեղծվող կազմակերպության մասով, այլ նաեւ մինչեւ այժմ առանց լիցենզիա ստանալու գործող, ինչպես նաեւ լիցենզիայի գործողությունը դադարեցված կազմակերպությունների մասով:

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է լրացում կատարել Օրենսգրքի 2442 –րդ հոդվածում, որի համաձայն նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող առանց համապատասխան լիցենզիա ստանալու օրենքով սահմանված բառերը կամ դրանց ածանցյալներն իրենց անվանման մեջ օգտագործելու համար Օրենսգրքի 16914 -րդ հոդվածով առաջարկվող պատասխանատվության միջոցը կիրառող մարմին պետք է հանդիսանա հարկային ծառայության մարմինը: Առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ գործող օրենսդրության համաձայն նշված գործառույթի իրականացման համար բավարար տեղեկատվությունը տնօրինող մարմինը հարկային ծառայության մարմինն է: Ընդ որում, լիցենզավորող մարմինները եւս յուրաքանչյուր ամիս համապատասխան տեղեկատվություն են ներկայացնում հարկային ծառայության մարմիններ: