Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-008-18.08.2021-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը լրացնել 5-րդ եւ 6-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Պետական բյուջեի ծախսերում նախատեսվում են նաեւ համայնքների բյուջեներին հատկացնել անվերադարձ կարգով տրվող մասհանումներ՝ յուրաքանչյուր ռոյալթի վճարողի կողմից օրենքով սահմանված չափով եւ կարգով յուրաքանչյուր հաշվետու տարում պետական բյուջե հաշվարկված ռոյալթիի չափի երկու տոկոսից (այսուհետ՝ համայնքային մասհանում): Սույն հոդվածի իմաստով ռոյալթի վճարող է համարվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված ռոյալթի վճարողները:

6. Համայնքային մասհանումը բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով՝ ըստ հետեւյալ բանաձեւերի.

Ռազդ.   = Ռհ x 50%

որտեղ՝

Ռազդ. - տվյալ ռոյալթի վճարողի կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափ

Ռհ   - համայնքային մասհանման տոկոսային չափ (2%):

Ռայլ հ = Ռհ x 50%

որտեղ՝

Ռայլ հ. - ընդհանուր վերցրած՝ Հայաստանի Հանրապետությունում բոլոր ռոյալթի վճարողների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարաչափ բաշխման ենթակա ռոյալթիի չափ՝ բացառելով ռոյալթի վճարող ընկերության մասնաբաժնի հատկացումը նույն ընկերության ազդակիր համայնք(ներ)ին,

Ռհ   - համայնքային մասհանման տոկոսային չափ (2%)

Մասհանումների չափերը որոշելիս հիմք է ընդունվում նախորդ տարվա հունվարի 20-ի դրությամբ առաջիկա բյուջետային տարվան նախորդող երրորդ տարվա ռոյալթիի հարկային հաշվարկների հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարների առկա տվյալները:»:

Հոդված 2. Օրենքի 281 -ին հոդվածի 1.1-ին մասի «բ» կետում «չափերով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված կարգով համայնքներին բաշխվող համայնքների եւ ռոյալթիների մասհանումների» կետադրական նշանը եւ բառերը:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել 3.1-ին մասով հետեւյալ բովանդակությամբ.

«3.1 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվության առանձին ձեւաչափ:»

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի  «գ» կետում «կայքում,» բառից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 20-րդ հոդվածով համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունը առանձին հրապարակվում է տվյալ համայնքի եւ/կամ մարզի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ,» բառերով եւ կետադրական նշաններով:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Կառավարությունը սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

Հիմնավորում

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն