Armenian ARMSCII Armenian
Կ-361-14.10.2013-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային  տրանսպորտի  մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը «երթուղային տաքսի» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«օպերատոր՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն.»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «(այսուհետ՝ կազմակերպություններ)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնում է օպերատորը» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ օպերատորի կողմից սպասարկվող երթուղիների, որտեղ երթուղիների սպասարկումն իրականացվում է ավագանու սահմանած փոխադրավարձով:

Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժեւորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների փոփոխություն) մրցութային հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ կազմակերպության ներկայացրած հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ, իսկ ավագանու սահմանած փոխադրավարձի դեպքում՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ եւ ավագանու որոշմամբ:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «ե» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» կետով.

«ը) ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար սահմանված պետական տուրքը հաջորդող յուրաքանչյուր տարվա համար չվճարվելը:».

3) երկրորդ պարբերության «սույն մասի «ա», «բ», «դ», «ե», «զ», «է» կետերով» բառերը փոխարինել «սույն մասի «ա», «բ», «դ», «զ», «է», «ը» կետերով» բառերով.

4) հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: