Armenian ARMSCII Armenian
Կ-004-17.08.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասի երկրորդ պարբերության «կամ այլ տարածքներով, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում՝ բնակելի տներով» բառերը փոխարինել «, բնակելի տներով կամ այլ տարածքներով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «բնակելի թաղամասերում կամ համալիրներում» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ. նվազեցվող եկամուտներ չեն համարվում Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, ինչպես նաեւ անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները, եթե անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքներն օտարվել են դրանց ավարտական ակտի ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում,»:

Հոդված 4. Օրենսգրքի 160-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում» բառերը, իսկ նույն մասը «անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը՝

ա. 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում,

բ. 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված երկրորդ գոտում,

գ. 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված երրորդ գոտում,

դ. 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երեւան քաղաքի վարչական տարածքում ներառված՝ սույն կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերում չնշված գոտիներում:».

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձնելուց հետո համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկով կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման հիման վրա վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկով հայտարարագրած եկամտային հարկի պարտավորության փոփոխության դեպքում կատարվում է տվյալ ֆիզիկական անձին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող (վերադարձված) գումարի վերահաշվարկ՝ Կառավարության սահմանած կարգով:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով.

«8. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները կիրառվում են նաեւ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի հետ 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կնքված եւ պետական գրանցում ստացած՝ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու, ինչպես նաեւ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողի հետ նույն ժամանակահատվածում կնքված եւ պետական գրանցում ստացած՝ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ:

9. Բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան կառուցապատողի հետ բնակարանի կամ անհատական բնակելի տան կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները սույն հոդվածով սահմանված կարգով վերադարձման ենթակա չեն:»:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 160-րդ հոդվածում լրացվող 8-րդ մասով նախատեսված դեպքերում եկամտային հարկը վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձին վերադարձվում է Կառավարության սահմանած կարգով՝ 2023 թվականի հունվարի 1-ից (այդ թվում՝ 2023 թվականի հունվարի 1-ին նախորդող ժամանակահատվածի մասով):

4. Անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձինք ազատվում են 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում անհատական բնակելի տան, շինությունների (այդ թվում՝ անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամտից եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից, ինչպես նաեւ այդ մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից: