Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-074-11.08.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է վիճակախաղերի կազմակերպման գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրա նկատմամբ պետական վերահսկողությունը:

2.Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մեկենասային վիճակախաղերի վրա:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

1. վիճակախաղ՝ հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջեւ անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում շահումները կախված չեն նրա գործողություններից եւ կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության.

2. ոչ խաղարկությունով վիճակախաղ՝ տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո.

3. խաղարկությունով վիճակախաղ՝ տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց եւ շահումային ֆոնդի խաղարկության անցկացումից հետո.

4. համակցված վիճակախաղ՝ եթե վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել եւ’ անմիջապես այն ձեռք բերելուց հետո եւ‘ այն ձեռք բերելուց ու շահումային ֆոնդի խաղարկության անցկացումից հետո.

5. տոտալիզատոր (այսուհետ՝ նույնպես վիճակախաղ)՝ խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը, ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաստով.

6. մեկենասային վիճակախաղ՝ կազմակերպվում է որոշակի սպառման ապրանքներ կամ ծառայություններ գովազդելու նպատակով, ընդ որում շահումային ֆոնդն ամբողջությամբ ձեւավորվում է մեկենասի (հովանավորի) կողմից:

7. վիճակախաղերի կազմակերպում՝ վիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում՝ նաեւ շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) գործընթաց.

8. վիճակախաղի տոմս՝ սույն օրենքին եւ վիճակախաղի պայմաններին համապատասխան տեղեկատվության կրիչ, որն անհրաժեշտ է շահող կամ չշահող համարվելու փաստը որոշելու համար եւ որը հանդիսանում է նաեւ կազմակերպչի եւ մասնակցի միջեւ կնքված պայմանագիր: Ընդ որում, տոտալիզատորում վիճակախաղի տոմսի դեր կարող է կատարել պաշտոնական գրառումը՝ թղթի, մագնիսական կրիչի կամ այլ էլեկտրոնային սարքավորման վրա:

9. վիճակախաղի մասնակից՝ վիճակախաղի տոմսի տիրապետող, այսինքն վիճակախաղի տոմսի սեփականության իրավունքը տրվում է «ըստ ներկայացնողի» սկզբունքով :

10. շահումային ֆոնդ՝ արժեքների հանրագումար, որը ձեւավորվում է վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից եւ բաշխվում է նրանց միջեւ՝ վիճակահանության արդյունքներին եւ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգին համապատասխան.

11. շահումային ֆոնդի խաղարկություն՝ հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգ, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի շահած կամ չշահած համարվելու փաստը.

12. կազմակերպիչ՝ սույն օրենքին համապատասխան վիճակախաղերի գործունեության իրականացման միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող՝ համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած կազմակերպություն.

13. լիազոր մարմին՝ վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորման եւ լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:

Հոդված 3. «Վիճակախաղ» բառի օգտագործումը

Միայն վիճակախաղերի կազմակերպիչները կարող են իրենց անվանումների, վիճակախաղերի տոմսերի, ցուցանակների եւ գովազդների մեջ օգտագործել «Վիճակախաղ» բառը դրա ածանցյալները կամ թարգմանությունները բացառությամբ այն դեպքերի, երբ այդ բառի օգտագործման իմաստից ակներեւ է, որ խոսքը չի վերաբերվում վիճակախաղերի կազմակերպման գործունեությանը:

ԳԼՈՒԽ 2.

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները

1. Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպությունները՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:

2.Օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերի տոմսերի իրացումը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է:

Հոդված 5. Վիճակախաղերի կազմակերպմանը ներկայացվող պահանջները

1. Կազմակերպիչը՝

ա) բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի, ապահովում է խաղարկությանը մասնակցող տոմսերի ընդհանուր արժեքի առնվազն կեսի չափով շահումային ֆոնդի (առանց դրանում ներառվող վիճակախաղի տոմսերի արժեքի) ձեւավորումն ու մասնակիցների միջեւ բաշխումը.

բ) նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակությունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ, ընդ որում վերջինս չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքին, լիազոր մարմնի հետ համաձայնեցված համապատասխան վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ.

գ) իրային շահումների խաղարկման դեպքում վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացնում է այդ իրային շահմանը համարժեք դրամական չափի մասին եւ շահողի ցանկությամբ տրամադրում դրամական շահումը.

դ) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված ժամկետներում չպահանջված (չստացված) շահումների չափով ավելացնում է այդ ժամկետի ավարտին հաջորդող հերթական խաղարկության շահումային ֆոնդը.

ե)  շահման փաստը եւ արժեքը հրապարակում է միայն շահողի համաձայնությամբ

զ) շահողի առաջին իսկ պահանջով տրամադրում է շահումը.

է) վիճակախաղի չիրացված տոմսերը հաշվառում եւ ոչնչացնում է օրենքի 6-րդ հոդվածի համաձայն:

ը) վիճակախաղի կազմակերպման գործունեությունից բացի կարող է զբաղվել միայն վիճակախաղերի տոմսերի իրացման, պատրաստման եւ (կամ) ներմուծման գործունեությամբ.

թ) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում տարեկան պետական տուրքի գումարը,

ժ) վիճակախաղերը կազմակերպում է իր սահմանած եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան,

ժա) օրենքով սահմանված կարգով ստանալով լիցենզիա կարող է իրականացնել օրենքով նախատեսված վիճակախաղերի բոլոր տեսակները՝ պարտադիր օգտագործելով իր ֆիրմային անվանումը (լոգոն)

2. Վիճակախաղի տոմսում արտացոլված վավերապայմանները համարվում են լիազոր մարմնի հետ համաձայնեցված համապատասխան վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի անբաժանելի մասը:

3. Վիճակախաղերի տոմսերի խաղարկության սկիզբ է համարվում տոմսի վրա նշված ժամը.

4. Լիազոր մարմինը գովազդի վերաբերյալ իր համաձայնությունը պարտավոր է տալ կամ այն մերժել գովազդը իրեն ներկայացնելու օրվանը հաջորդող տաս օրվա ընթացքում: Եթե նշված ժամկետում համաձայնություն տալը չի մերժվում, ապա այն համարվում է տրված:

Հոդված 6. Վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառումը եւ ոչնչացումը.

1. Վիճակախաղի չիրացված տոմսերը ենթակա են հաշվառման եւ ոչնչացման վիճակախաղի կազմակերպչի կողմից ստեղծված՝ վիճակախաղի չիրացված տոմսերի հաշվառման եւ ոչնչացման հանձնաժողովի (հետագայում՝ հանձնաժողով) ներկայությամբ:

ա) խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ հերթական խաղարկությունից ոչ ուշ, քան երեք ժամ առաջ.

բ) ոչ խաղարկությունով վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղի գործունեությունը ավարտելու մասին առնվազն 1000 տպաքանակ ունեցող թերթում հայտարարություն տալուց հետո երեք ամսվա ընթացքում:

2. Վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացման վայրը, որտեղ առկա են ոչնչացման պայմաններ եւ ոչնչացման ձեւը (այրել, աղալ, վերամշակել) ընտրում է կազմակերպիչը:

3. Լիազոր մարմնի ներկայացուցիչները իրավունք ունեն ցանկացած ժամանակ մասնակցել վիճակախաղերի տոմսերի հաշվառմանը եւ ոչնչացմանը:

4. Կազմակերպիչը կազմում է համապատասխան ցուցակ, որտեղ նշվում է տվյալ վիճակախաղի անվանումը, ոչնչացման ենթակա վիճակախաղի չիրացված տոմսերի տեսակը, քանակը, խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում նաեւ խաղարկության համարը:

5. Կազմակերպչի կողմից կազմված ցուցակը ներկայացվում է հանձնաժողովին, որն իր նիստում սույն կարգին համապատասխան որոշում է վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացման ժամկետներն ու ձեւերը:

6. Հանձնաժողովի անդամները հաշվառում են ոչնչացման ենթակա վիճակախաղի տոմսերի քանակը եւ ստուգում դրանց իսկությունը:

7. Վիճակախաղի տոմսերի քանակի եւ իսկության ստուգման դեպքում ստուգվում են վիճակախաղի տոմսերի մինչեւ 5%-ը, կեղծիք հայտնաբերելու դեպքում՝ մինչեւ 20%-ը:

8. Վիճակախաղի տոմսերի քանակի եւ իսկության ստուգման ժամանակ սխալ կամ կեղծիք հայտնաբերելու ընթացքում կազմվում է համապատասխան ակտ:

9. Ոչնչացման ենթակա վիճակախաղի տոմսերի հաշվառումից եւ ստուգումից հետո դրանք տեղադրվում են հատուկ պարկերում կամ ծանրոցներում ու կնքվում վիճակախաղի կազմակերպչի կնիքով, որից հետո տեղափոխվում ոչնչացման տեղամաս, որտեղ կարող է կիրառվել ոչնչացման երեք եղանակ՝ փոշիացման (աղալու միջոցով), այրման կամ վերամշակման:

10. Չիրացված տոմսերի ոչնչացումից հետո կազմվում է ակտ, որը ստորագրում են հանձնաժողովի անդամները: Ակտում պարտադիր նշվում են՝ վիճակախաղի անվանումը, ոչնչացված վիճակախաղի տոմսերի ընդհանուր քանակը, խաղարկության համարը, ինչպես նաեւ ստուգված տոմսերի ընդհանուր քանակը: Հանձնաժողովի կողմից ստորագրված ակտն իրավաբանական ուժ ունի, եթե այն ստորագրված է վիճակախաղի չիրացված տոմսերի ոչնչացմանը ներկա՝ հանձնաժողովի անդամներից առնվազն չորսը:

Հոդված 7. Վիճակախաղերի կազմակերպչի կողմից լիազոր մարմնին ներկայացվող տեղեկություններին (հաշվետվություններին ) ներկայացվող պահանջները.

1. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի կազմակերպիչը

ա) նախքան վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումը փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում է կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը եւ վիճակախաղի իրացված տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, համարների (սերիաների), տոմսի գնի:

բ) վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից հետո հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում է կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղի խաղարկության հերթական համարը եւ շահած տոմսերի տվյալները՝ ըստ քանակի, համարների (սերիաների) , շահումների չափերի ու տեսակների եւ շահումային ֆոնդի չափի մասին:

2.  Ոչ խաղարկությունով վիճակախաղի կազմակերպիչը՝

ա) վիճակախաղերի տոմսերի թողարկումից հետո, նախքան այդ տոմսերի իրացումը, փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում է կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, վիճակախաղերի տոմսի գինը եւ շահող տոմսերի մասին տվյալները ըստ քանակի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների:

բ) վիճակախաղերի տոմսերի իրացման գործընթացը սկսելուց հետո յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ մինչեւ հաջորդ ամսվա 5-ը փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում է կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը եւ իրացված տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, գնի եւ շահած տոմսերի մասին տվյալները՝ ըստ քանակի, գնի, համարների (սերիաների), շահումների չափերի ու տեսակների:

3. Տոտալիզատորի կազմակերպիչը՝

յուրաքանչյուր շաբաթվա երկրորդ աշխատանքային օրը փաստաթղթային տեսքով ներկայացնում է հաշվետվություն, որում նշվում է կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը եւ նախորդ շաբաթվա ընթացքում կայացած խաղարկությունների իրացված տոմսերի մասին տվյալները ըստ քանակի, համարների (սերիաների), դրված յուրաքանչյուր խաղագումարի չափի, ինչպես նաեւ շահած տոմսերի համարները (սերիաները)՝ ըստ շահումների չափերի:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացվում են յուրաքանչյուր խաղարկության համար:

5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերում նշված հաշվետվությունների ձեւերը սահմանում է լիազոր մարմինը:

6. Կազմակերպիչը լիազոր մարմնին է ներկայացնում՝

ա) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը, համապատասխան տարածքային հարկային մարմնի եւ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի տեղեկանքը հաշվետու եռամսյակում հարկերի եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների վերաբերյալ,

բ) մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում եւ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը լիազոր մարմնին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:

7. Կազմակերպիչը լիազոր մարմնին է ներկայացնում իր կողմից վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող յուրաքանչյուր շահումների գումարների վերաբերյալ հաշվետվություն, ոչ ուշ քան վճարմանը հաջորդող տասներորդ օրը, որտեղ նշվում է կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, շահած վիճակախաղի տոմսի համարը (սերիան), խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի դեպքում նաեւ խաղարկության համարը, վիճակախաղի շահած մասնակիցների անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, մշտական բնակության վայրը եւ շահած գումարի չափը:

8. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվության ձեւը սահմանում է լիազոր մարմինը:

9. Սույն հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվությունները լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա չեն: Լիազոր մարմնի այն աշխատակիցները, ովքեր կխախտեն սույն պահանջը կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

Հոդված 8. Վիճակախաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը

1. Վիճակախաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում պետք է արտացոլվեն՝

հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը.

վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը.

վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման նկարագիրը.

վիճակախաղի խաղարկության անցկացման հրապարակման կարգը.

վիճակախաղի տոմսի գինը.

շահումների բաշխումը՝ ըստ շահումների տեսակների եւ չափի (բացառությամբ տոտալիզատորի), իսկ ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում՝ նաեւ ըստ քանակի.

ոչ խաղարկությամբ վիճակախաղի դեպքում՝ իրացման համար նախատեսված տոմսերի քանակը.

վիճակախաղի խաղարկությունների անցկացման հաճախականությունը.

վիճակախաղի խաղարկությունների անցկացման վայրը.

վիճակախաղի տոմսի նկարագիրը.

շահումները տալու վայրը, ժամկետը.

վիճակախաղի կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները.

վիճակախաղի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

2. Վիճակախաղի տոմսը պետք է պարունակի՝

ա) վիճակախաղի կազմակերպչի ֆիրմային անվանումը,

բ) վիճակախաղի ֆիրմային անվանումը (լոգոն), վիճակախաղի անվանումը,

գ) վիճակախաղի տոմսի գինը,

դ) վիճակախաղի տոմսի համարը (սերիան)

ե) շահումը որոշելու կարգը, որը պետք է համապատասխանի լիազոր մարմնի հետ համաձայնեցված տվյալ վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված կարգին,

զ) շահումների վճարման վայրը, կարգը եւ ժամկետները,

է) թողարկման կամ խաղարկության հերթական համարը,

ը) խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում՝ վիճակախաղի տոմսերի խաղարկության վայրը կամ հեռուստաալիքը, անցկացման տարեթիվը, ամիսը, օրը եւ ժամը:

3. Վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը եւ վիճակախաղի տոմսի աշխատանքային նմուշը լիազոր մարմնի համաձայնեցմանն են ներկայացվում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:

4. Վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումները կազմակերպիչը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին՝ երկու օրինակից:

Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին:

Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումը ընդունելուց հետո 10 օրվա ընթացքում ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ համարվում է չեղյալ:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փոփոխություններին եւ լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ իրավական ակտերին.

բ) հակասում են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասի պահանջներին:

ԳԼՈՒԽ 3.

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորումը

1. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգերով:

2. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է եթե՝

ա) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջներին կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

բ) հայտատուն ունի հարկային եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ

գ) Վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք հակասում են 8-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի պահանջներին.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշումը ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց եւ ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:

4. Եթե վերապահումով լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո այդ որոշման մեջ նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորագիրը կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում մեկամսյա ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը որպես լիցենզիան հանձնելու պայման հայտատուից հայտարարագիր է պահանջում առ այն, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու հայտին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը՝ սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

5. Եթե վերոհիշյալ հայտարարագիրը չի ներկայացվում կամ հայտատուն հայտնում է, որ հայտին կից փաստաթղթերից որեւէ մեկը կորցրել է իրավական ուժը եւ չի ներկայացվում այդ փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ, ապա լիազոր մարմինը որոշում է կայացնում մերժել լիցենզիա ստանալու հայտը:

Հոդված 10. Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 Վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, եւ դրա հետեւանքով սույն օրենքի 11 հոդվածում նշված խախտումների բացահայտման դեպքում լիազոր մարմինը կիրառում է սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

 Վիճակախաղերի կազմակերպման գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

3. Փաստաթղթային վերահսկողությունը իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմնին սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ուսումնասիրության միջոցով:

ԳԼՈՒԽ 4.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 11. Սույն օրենքի խախտումները

Սույն օրենքի իմաստով խախտումներ են համարվում, եթե կազմակերպիչը՝

ա) խախտել է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին մասերով սահմանված պահանջները.

բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.

գ) խախտել է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջները կամ լիազոր մարմնին ներկայացված տեղեկություններում (հաշվետվություններում ) առկա են կեղծ տվյալներ.

դ) լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո մինչեւ լիցենզիան ստանալու պահը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման:

Հոդված 12.  Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված խախտումների դեպքերում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները՝

ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու մասին հանձնարարական.

բ) տուգանք.

գ) լիցենզիայի գործողության կասեցում.

դ) լիցենզիայի գործողության դադարեցման հայցով դիմում է դատարան:

Հոդված 13. Նախազգուշացումը եւ խախտումները վերացնելու մասին հանձնարարականը

1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով լիազոր մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը եւ նախազգուշացնում է կազմակերպչին:

2. Նախազգուշացումը նախատեսում է նաեւ թույլ տրված խախտումը լիազոր մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտման դեպքում:

Հոդված 14.  Տուգանքը

1. Տուգանքը գանձվում է լիազոր մարմնի որոշմամբ, իսկ եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի նշանակման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է հետեւյալ չափերով, եթե կազմակերպիչը`

ա) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված շահումային ֆոնդի մեծության նվազագույն չափը՝ դրա չհամալրված (չբաշխված) մասի կրկնակի չափով.

բ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ի կետի «բ» ենթակետով սահմանված պահանջը՝ յուրաքանչյուր խախտման համար հարյուր հազար դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված պահանջը՝ հարյուր հազար դրամի չափով.

դ) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված պահանջը՝ չտեղափոխված մասի կրկնակի չափով.

ե) խախտել է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» կամ «զ» ենթակետերով սահմանված պահանջները՝ երկու հարյուր հազար դրամի չափով.

զ) սույն օրենքի 13 հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո 2 տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումը՝ հարյուր հազար դրամի չափով:

է) սույն օրենքի 13 հոդվածի 2-րդ կետին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չվերացնելու եւ այդ մասին լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու համար՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար՝ հարյուր հազար դրամ,

3 Սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն տուգանքի կիրառումից հետո երկու տարվա ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ նման նոր խախտում (բացառությամբ նույն կետի «ա» ենթակետում նշված խախտման) թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:

4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում ոչ արժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ նշանակել տուգանք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարույթով:

Հոդված 15. Լիցենզիայի գործողության կասեցումը

1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը՝

ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5 հոդվածի 1-ին կետի «ը», «թ» կամ «ժ» ենթակետերով սահմանված պահանջները.

բ) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պահանջները.

գ) եթե կազմակերպիչը ունի հարկերի եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ խախտման պատճառի վերացումը: Սույն հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով:

Լիցենզիայի կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

2. Լիցենզիայի գործողության կասեցման ժամկետի ընթացքում կազմակերպիչը չի կարող իրականացնել վիճակախաղերի կազմակերպման եւ անցկացման գործունեություն, բացառությամբ շահումների տրման գործողությունների»:

Հոդված 16. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1.Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է.

ա) եթե կազմակերպիչը սույն օրենքի 11-րդ հոդվածի «գ» ենթակետում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

բ) եթե կազմակերպիչը թույլ է տվել սույն օրենքի 11 հոդվածի «դ» ենթակետում նշված խախտումը.

գ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 15 հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

դ) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

ե) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2.Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով

3.Լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե փաստաթղթային կամ տեղում ստուգման արդյունքների հիման վրա ձեւավորված լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով նա ի վիճակի է կատարել շահումներից բխող իր բոլոր պարտավորությունները:

Հոդված 17. Լիցենզիայի գործողության դադարեցման հետեւանքները

Լիցենզիայի գործողության դադարեցման պահից կազմակերպիչը`

ա) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է շահումների տրամադրումը.

բ) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է իրացված` խաղարկության չմասնակցած (չխաղարկված) տոմսերի հետգնումը:

ԳԼՈՒԽ  5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցենզիաները սույն օրենքի պահանջների պահպանմամբ ուժի մեջ են մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը:

2. Սույն օրենքով կազմակերպիչների իրավունքները սահմանափակող կամ նրանց համար նոր պարտականություններ նախատեսող փոփոխությունները ուժի մեջ են մտնում օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

3.Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության (2000 թվականի հուլիսի 27-ի N ՀՕ-80) օրենքը: