Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-344-01.10.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Երեք եւ ավելի երեխա ունեցող եւ (կամ) որդեգրած եւ խնամող մայրերին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից, ինչպես նաեւ աշխատանքային ստաժի համար սահմանված օրացուցային տարիներից՝ յուրաքանչյուր երեխայի համար մեկ տարի պակաս՝ սկսած 3-րդ երեխայից:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Երեք եւ ավելի երեխա ունեցող եւ (կամ) որդեգրած եւ խնամող մայրերին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող տարիքից, ինչպես նաեւ աշխատանքային ստաժի համար սահմանված օրացուցային տարիներից՝ յուրաքանչյուր երեխայի համար մեկ տարի պակաս՝ սկսած 3-րդ երեխայից:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Երեք եւ ավելի երեխա ունեցող եւ (կամ) որդեգրած եւ խնամող մայրերին երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ սահմանվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթամասերով նախատեսված կենսաթոշակի իրավունք տվող տարիքից, ինչպես նաեւ երկարամյա ծառայության եւ աշխատանքային ստաժի համար սահմանված օրացուցային տարիներից՝ յուրաքանչյուր երեխայի համար մեկ տարի պակաս՝ սկսած 3-րդ երեխայից:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Երեք եւ ավելի երեխա ունեցող եւ (կամ) որդեգրած եւ խնամող մայրերին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային ստաժի օրացուցային տարիներից՝ յուրաքանչյուր երեխայի համար մեկ տարով պակաս օրացույցային տարի՝ սկսած 3-րդ երեխայից:»:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Երեք եւ ավելի երեխա ունեցող եւ (կամ) որդեգրած եւ խնամող մայրերին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար սահմանել սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ ենթամասերով նախատեսված զինվորական ծառայության եւ աշխատանքային ստաժի օրացուցային տարիներից, ինչպես նաեւ հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում սահմանված տարիքից՝ յուրաքանչյուր երեխայի համար մեկ տարով պակաս՝ սկսած 3-րդ երեխայից:»:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Երեք եւ ավելի երեխա ունեցող եւ (կամ) որդեգրած եւ խնամող մայրերին ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է 65 տարին լրանալուց՝ յուրաքանչյուր երեխայի համար մեկ տարի պակաս՝ սկսած 3-րդ երեխայից:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագիծը մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել` առաջնորդվելով ՀՀ Նախագահի նախընտրական եւ 2013 թվականին հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրերի դրույթներով:

ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրով նախատեսված է ծնելիությունը խթանելու նպատակով ներդնել մայրական կապիտալի համակարգ: Միաժամանակ, ՀՀ կառավարությունն իր գործունեության ծրագրի ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ բաժնում ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով նախատեսում է բազմազավակ ընտանիքների՝ որպես հասարակության կարեւորագույն օղակի աջակցության ծրագրերի իրականացում եւ ծնունդների սոցիալական խրախուսում՝ երեխաներ ունենալու եւ մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծվում:

Ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն իրականացնելու ճանապարհներից մեկը համարվում է ներկայացված նախագծի ընդունումն ու իրականացնումը:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

2011 թվականի ընթացքում ՀՀ-ում ծնվել են 43340 երեխաներ, իսկ 2012 թվականի ընթացքում 1000 ով պակաս՝ 42333 երեխաներ, որոնցից ընտանիքների երեք եւ ավելի երեխաներ են եղել 6546-ը, կամ՝ տարվա ընթացքում ծննդաբերող կանանց 15.4 %-ն են ունեցել իրենց երրորդ երեխան: Ծնելության անկման միտումները պահպանվել են նաեւ 2013 թվականի 6 ամսվա տվյալներով, քանի որ 2013 թվականի 6 ամսվա ընթացքում ծնվել են 18802 երեխաներ, ինչը նույնպես մոտ 1000-ով պակաս է 2012 թվականի 6 ամսվա ընթացքում ծնվածների թվից:

Այս տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ ՀՀ-ում չի ապահովվում ոչ միայն ընդլայնված, այլ նաեւ պարզ վերարտադրությունը: Ծնելիության առումով` երկրի անբարենպաստ իրավիճակի ինքնակարգավորման հնարավորությունը, իրատեսական չէ: Դրան հասնելու միակ ուղին ակտիվ, նպատակային եւ հետեւողական պետական միջամտությունն է լինելու:

Հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազամավարություն» փաստաթղթով նույնպես ժողովրդագրական բացասական միտումները, ի թիվս այլ երեւույթների, դիտվել է իբրեւ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք:

Կարգավորման առարկան.

Նախագծով առաջարկվում է երեք եւ ավելի երեխա ունեցող մայրերի համար կենսաթոշակի իրավունք տվող տարիքը եւ ստաժի համար սահմանված օրացույցային տարիները պակասեցնելու ճանապարհով խրախուսել բազմազավակությունը: