Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-323-05.09.2013-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 20-ի ՀO-57-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ եւ 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները» բառերով:

Հոդված 3. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման


Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունումը նպատակ ունի կանանց եւ տղամարդկանց վերաբերյալ՝ Օրենքով ամրագրված ձեւակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից եւ տարընթերցումներից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ՀՀ Աժ-ի կողմից ընդունվել է 2013թ. մայիսի 20-ին` անցնելով երեք ընթերցում:

Օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակույթի եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: Օրենքի հանրային եւ խորհրդարանական քննարկումների, ինչպես նաեւ Օրենքի նախագծի նախնական տարբերակում (2010թ. մայիսի 13-ից մինչ օրս այն տեղակայված է նախարարության www.mss.am ինտերնետային կայքում) առկա են եղել գործող Օրենքում օգտագործվող բոլոր հասկացությունները: Սակայն, վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից Օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հասկացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված մեկնաբանությունները հասարակության կողմից Օրենքի քննադատության պատճառ են դարձել, չնայած այն հանգամանքին, որը Օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: Հարկ է նշել, որ միջազգային հիմնական փաստաթուղթը` «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (ընդունվել է 1993թ.), ըստ որի պետությունը ստանձնել է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ պարտավորություններ, կոչ է անում մասնակից պետություններին դատապարտել կանանց նկատմամբ խտրականությունն իր բոլոր ձեւերով եւ համապատասխան բոլոր միջոցներով` ներառյալ օրենսդրական միջոցները, վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականություն: Բացի այդ վերոհիշյալ փաստաթղթում «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» եզրույթներ գործածված չեն:

Հիմք ընդունելով վերոգրյալը, հաշվի առնելով հասարակության եւ Հայ առաքելական եկեղեցու մտահոգությունը Օրենքի հնարավոր բացասական հետեւանքների վերաբերյալ, ինչպես նաեւ այն, որ այս հասկացությունները օպերատիվ կարգավորում չեն ենթադրում եւ դրանցից բխող նորմեր օրենքում չկան, սույն նախագծով առաջարկվում է Օրենքից հանել այն հասկացությունները, որոնք հնարավոր տարընկալման առիթ կարող են հանդիսանալ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով առաջարկվում է`

1. «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 11-րդ եւ 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:

2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները» բառերով:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից:

Նախագիծը տեղադրվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության www.mss.am ինտերնետային կայքում` 2013 թվականի օգոստոսի 24-ից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի խուսափել օրենքով ամրագրված ձեւակերպումների տարընթերցումներից: