Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-322-04.09.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդված շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման մարմինները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հանրապետության Նախագահի հրամանագրով արտակարգ դրության ռեժիմի ապահովումը դրվում է պետական կառավարման մարմինների վրա։»

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:»,

2) 2-րդ մասից «եւ պաշտպանության» բառերը հանել,

3) 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Պարետային ժամի կանոնները խախտած անձանց բերման ենթարկելը

1. Պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են բերման ենթարկվելու՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից: Բերման ենթարկված անձինք, նրանց մոտ եղած առարկաները եւ տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության: Բերման ենթարկելու մասին որոշումները ֆիզիկական անձը կարող է վիճարկել դատական կամ վարչական կարգով:»։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն «Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը»:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ գործող օրենքը պարունակում է դրույթներ, որոնք ուղղակի հակասում են Սահմանադրությանը: Բացի այդ, օրենքի մի քանի դրույթներ էլ հակասում են ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքին: Եւ քանի որ դրանք առնչվում են մարդու իրավունքների եւ ազատությունների սահմանափակմանը, ուստի իրավունքների տեսության հանրաճանաչ սկզբունքի, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործում են մարդու (քաղաքացու) համար առավել նպաստավոր նորմերը («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջեւ հակասության դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը:):

Այսպես. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը սահմանող օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի, 8-րդ հոդվածի համաձայն կարող է ստեղծվել պետական հատուկ մարմին պարետատուն եւ սահմանվել նրա իրավասության շրջանակը եւ այն կարող է ներառվել ՀՀ նախագահի վերը հիշատակված հրամանագրում:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 1-ին եւ 2-րդ հոդվածները սահմանում են.

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:»:

Այստեղից «պարետատուն» պետական մարմին նախատեսված չէ, հետեւաբար օրենքով այն ստեղծվել չի կարող, Սահմանադրությամբ այն չկա նաեւ կառավարության կազմում ու կառուցվածքում:

Երկրորդ. Օրենքը ՀՀ Նախագահին չի կարող օժտել որեւէ լիազորությամբ (այդ թվում նաեւ արտակարգ դրություն հայտարարելու դեպքում) եթե Նախագահը դա չունի ՀՀ Սահմանադրությամբ: Այսինքն, օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասը ՀՀ նախագահին լիազորում է ժամանակավորապես սահմանափակել կամ կասեցնել գործադիր իշխանության հանրապետական մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունները, կասեցնել նրանց իրավական ակտերը (գործողությունները):

Հաջորդը. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը ՀՀ Նախագահին իրավունք են տալիս արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով գործադրել պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերն ու միջոցները: Եւ ինչպես իրավաչափորեն ընդունում է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում, դրանք այլ բան չեն, քան զինված ուժերը:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է մի շարք նորմեր, որոնք հատուկ սահմանում են ՀՀ զինված ուժերի խնդիրները, ՀՀ Նախագահի կողմից դրանց գործադրման հիմքերն ու պայմանները:

Սահմանադրության 8.2-րդ հոդվածը հռչակում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Հաջորդ նորմը՝ 55-րդ հոդվածի 13-րդ կետն է, որի 1-ին մասը սահմանում է.

«Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարվում է ռազմական դրություն, եւ կարող է հայտարարվել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, եւ որոշում է ընդունվում զինված ուժերի օգտագործման մասին»:

ՀՀ զինված ուժերի օգտագործմանը վերաբերող որեւէ այլ նորմ ու դրույթ մեր Սահմանադրությունը չի պարունակում: Ընդ որում, ՀՀ ԶՈՒ խնդիրները սահմանող 8.2-րդ հոդվածը ավելացվել է 2005-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ:

ա) ՀՀ ԶՈՒ խնդիրը միայն ՀՀ պաշտպանությունն է արտաքին ոտնձգությունից,

բ) ՀՀ ԶՈՒ օգտագործման համար Սահմանադրությունը նախատեսում է երեք դեպք՝ Հանրապետության վրա զինված հարձակում, դրա անմիջական վտանգի առկայություն կամ հայտարարված պատերազմ եւ մեկ պարտադիր պայման՝ ռազմական դրության հայտարարում:

Քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով» եւ ՀՀ Նախագահի` Սահմանադրության 55-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները սպառիչ են (ինչպես եւ սահմանադրական բոլոր մարմիններինը) եւ օրենքներով ՀՀ նախագահին Սահմանադրությամբ տրված լիազորություններից զատ` լիազորություն տալ հնարավոր չէ, ուստի ակնհայտ է, որ ՀՀ նախագահը ԶՈՒ օգտագործման իրավունք ունի միայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված դեպքերում ու պայմանով:

Հետեւաբար, օրենքի բոլոր այն հոդվածներն ու դրույթները, որոնք նախատեսում են ԶՈՒ օգտագործում արտակարգ դրության ժամանակ` բացահայտ հակասահմանադրական են:

Ինչ խոսք, տարերային, բնական ու տեխնոգեն աղետների՝ երկրաշարժի, ջրհեղեղի, երաշտի եւ այլ դեպքերում անհրաժեշտ է եւ կարող են օգտագործվել ԶՈՒ ավտոտեխնիկան, օդուժի միջոցները, ինչպես նաեւ բանակի մարդկային ռեսուրսը` ժողովրդի տեղահանման, բեռների փոխադրման, փրկարարական եւ այլ նպատակով, ինչպես նաեւ ծանր տեխնիկան` որպես քարշակող ուժ: Բայց որպես ռազմական, զինական ուժ ու միավոր, ՀՀ Սահմանադրության համաձայն, ՀՀ Զինաված ուժերը կարող է օգտագործվել բացառապես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, այն էլ` միայն ռազմական դրություն հայտարարելու պայմանով:

Հաջորդը. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` «Պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից մինչեւ պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում` մինչեւ նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավելի, քան 48 ժամով` ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ: Ձերբակալված անձինք, նրանց մոտ եղած առարկաները եւ տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության, ինչպես նաեւ դրանց վրա մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը կարող է արգելանք դրվել։ Ձերբակալման եւ արգելանքի մասին որոշումները ֆիզիկական անձը կարող է վիճարկել դատական կամ վարչական կարգով:»:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` արտակարգ դրության ժամանակ պարետային ժամի սահմանված կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

Վարչական իրավախախտման հաuկացությունը uահմանված է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 9-րդ հոդվածում, որի համաձայն վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հաuարակական կարգի, ..., քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, կառավարման uահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիuի գործողությունը կամ անգործությունը, որի համար oրենuդրությամբ նախատեuված է վարչական պատաuխանատվություն:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, սույն օրենսգրքին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Վերը նշվածից հետեւում է, որ արտակարգ դրության ժամանակ պարետային ժամի կանոնները խախտելը օրենսդիրը դասել է վարչական իրավախախտումների թվին, որպես պատասխանատվության միջոց սահմանելով տուգանքը: Ընդ որում, վարչական իրավախախտման տեսակները եւ դրանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները սահմանված են միայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Մինչդեռ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով պարետային ժամի կանոնները խախտելու համար նախատեսված է ձերբակալում: