Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-320-29.08.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածը 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար 5000 դրամի չափով, որը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն:»:

Հոդված 2 . Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Մասնակիցների ռեեստրը վարողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ժամկետներում եւ պարբերականությամբ հանրությանը մատչելի դարձնել տեղեկատվություն այն մասին, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդ չընտրելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը անձի համար կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը՝ ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով, որից հետո մասնակցի հետագա կուտակային վճարները ուղղվում են ընտրված կենսաթոշակային ֆոնդին:»:

Հոդված 3 . Օրենքի  12-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունը «թղթային» բառից հետո լրացնել «տարբերակով, եթե մասնակիցն այլ տարբերակ չի ընտրել» բառերով, իսկ նույն մասի 2-րդ պարբերության առաջին նախադասությունունից հանել «թղթային տարբերակով» բառերը:

Հոդված 4 . Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 39. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելը

1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության հիման վրա անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո 30 օրվա ընթացքում մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը` ծրագրային մոդուլի միջոցով` սահմանված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը:

Ծրագրային մոդուլը պատահականության սկզբունքով բաշխում է ընտրություն չկատարած մասնակիցներին բոլոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների միջեւ այլ մասնակիցների կողմից կատարված ընտրությանը համամասնորեն` հիմք ընդունելով սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կենսաթոշակային ֆոնդի փայերը մասնակիցների կենսաթոշակային հաշիվներին փոխանցելու օրվանը նախորդող օրվա դրությամբ առկա համամասնությունը, եթե այլ կարգ սահմանված չէ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:

Կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարած անձանց կուտակային վճարների հաշվին ձեռք են բերվում սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված սկզբունքով պատահական ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարչի միջին ռիսկայնության (պահպանողական (կոնսերվատիվ)) կենսաթոշակային ֆոնդի փայեր:

2. Եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված դիմումը, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի համար կենսաթոշակային հաշիվ բացելուց եւ նրա անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր (թղթային) ձեւով տեղեկացում է ուղարկում տվյալ անձին: Ընդ որում, սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 1-ին հոդվածը գործում է մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը

Առաջարկվող օրենսդրական փոփոխության մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014թ. պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար հավասար հնարավորությունների ստեղծմամբ, «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից բխող Օրենքի փոփոխությունը կամավոր պարտադիր կուտակային բաղադրիչին միացած մասնակիցների վրա տարածելու, ինչպես նաեւ մասնակիցների ռեեստր վարողի ծախսերը նվազեցնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս 1-ին մակարդակի 3 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ հետաքրքրված է Հայկական շուկա մուտքով եւ խնդիր է առաջացել նրանց համար պարտադիր կուտակային բաղադրիչի մեկնարկի ժամանակ ստեղծել հավասար հնարավորություններ, միաժամանակ նվազեցնելով մասնակիցների ռեեստր վարողի ծախսերը, որը թույլ կտա բարձրացնել համակարգի արդյունավետությունը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Կենսաթոշակային բարեփոխումների  արդյունավետ եւ հետեւողական իրականացման համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ: Այս նպատակով աշխատանքներ են տարվում շահագրգիռ մարմիների եւ գերատեսչությունների հետ` համապատասխան իրավական ակտերի մշակման եւ դրանք սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու ուղղությամբ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հաշվի առնելով, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ուստի անհրաժեշտություն է առաջանում կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ եւ հետեւողական իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներդնել ամբողջական եւ բավարար օրենսդրական դաշտ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման պարագայում իրենց ընտրությունը չկատարած պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները հավասարաչափ կբաշխվեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների միջեւ, կնվազեն մասնակիցների ռեեստր վարողի ծախսերը եւ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից բխող Օրենքի փոփոխությունը կտարածվի կամավոր պարտադիր կուտակային բաղադրիչին միացած մասնակիցների վրա: