Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-318-29.08.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 57-րդ հոդվածը 1-ին մասի 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ոչ ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձեւով ստացվող եկամուտները, ինչպես նաեւ նշյալ պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտներն ազատվում են շահութահարկից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հիմնավորում
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի ներկայացումը բխում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների ծավալի աճին խթանելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս գործող հարկային օրենսդրության համաձայն, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների դիմաց ստացվող եկամուտները կներառվեն ոչ ռեզիդենտի համախառն եկամտի մեջ եւ կհարկվեն շահութահարկով` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Խնդիրը կայանում է նրանում, որ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների դիմաց ստացվող եկամուտների` աղբյուրի մոտ շահութահարկով հարկումը չի թույլատրում Հայաստանի Հանրապետության արտարժութային պարտատոմսերում ներդրումներ կատարելը:

Միաժամանակ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման պարտատոմսեր թողարկած երկրները, որպես կանոն, արժեթղթերում կատարված ներդրումների դիմաց ոչ ռեզիդենտների ստացվող եկամուտների` աղբյուրի մոտ հարկում եւս չեն իրականացում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսեր ներդրումներ իրականացնելու ապահովմանը:

4.Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերում կատարվող ներդրումների դիմաց ստացվող եկամուտները շահութահարկից ազատելն է:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6.Ակնկալվող արդյունքը.Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել անհրաժեշտ պայմաններ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերում ներդրումներ իրականացնելու համար: