Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-282-11.06.2013,26.08.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի(այսուհետ՝Օրենսգիրք) 242-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 242. Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը

1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

1.1.Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է

1) ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ,

2) զուգորդվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելով ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2.1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ եւ կատարվել է

1) ալկոհոլի, թմրամիջոցների եւ այլ թմրեցնող նյութերի ազդեցության տակ,

2) զուգորդվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելով ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3.1. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ եւ կատարվել է

1) ալկոհոլի, թմրամիջոցների եւ այլ թմրեցնող նյութերի ազդեցության տակ,

2) զուգորդվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելով ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածում մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ են համարվում տրամվայները, տրոլեյբուսները, ինչպես նաեւ տրակտորները եւ ինքնագնաց այլ մեքենաները, մոտոցիկլները եւ մեխանիկական այլ փոխադրամիջոցները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով(այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածում որպես ծանրացնող հանգամանք նախատեսել  ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ: Նման ծանրացնող հանգամանքի նախատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը առանձնանում է առավել բարձր հանրային վտանգավորությամբ: Միեւնույն ժամանակ նախագծում առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածում  որպես արարքի ծանրացնող հանգմանք նախատեսել արարքի կատարումը՝ զուգորդված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելով, ընդորում Նախագծով սահմանված է միեւնույն պատասխանատվությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված արաքի` ինչպես ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ գտնվող անձի, այնպես էլ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողած անձի կողմից կատարելու համար: Նման կարգավորումը նպատակ է հետապնդում կանխելու պրակտիկայում լայն տարածում  ստացած այն դեպքերը, երբ վարորդները, խուսափելով առավել բարձր պատասխանատվությունից, դիտավորյալ թողնում են ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը իրենց հարբածությունը թաքցնելու համար եւ հետագայում  ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության անցնելուց հետո կամովին ներկայանում են իրավապահ մարմիններ: Նման պարագայում որպես կանոն արարքի չի որակվում ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի հետ համակցությամբ եւ վարորդները չեն կրում առավել բարձր պատասխանատվություն: Ուստի Նախագիծը, եւ՛ ճանապարհատրանսպորտային վայրը թողնելու եւ՛ արարքը ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ թմրեցնող նյութերի ազդեցության տակ կատարելու համար սահմանելով միեւնույն պատասխանատվությունը, կկանխի պրակտիկայում տարածում գտած վերոգրյալ  դեպքերը: