Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-932-12.04.2021-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 30.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի «բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում» բառերը փոխարինել «բնության հատուկ պահպանվող տարածքներում» բառերով?

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Բնության հատուկ պահպանվող տարածքները ցամաքի (ներառյալ` մակերեւութային ու ստորերկրյա ջրերը եւ ընդերքը) եւ համապատասխան օդային ավազանի առանձնացված տարածքներն են, որոնք դիտարկվում են որպես առանձին բնական օբյեկտներ՝ իրենց համար սահմանված պահպանության հատուկ ռեժիմով եւ բնապահպաանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական մեծ արժեք են ներկայացնում?

Համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՕ-211-Ն օրենքի 20-րդ հոդվածի՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է այնպիսի տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Սակայն հաշվի առնելով, որ փոքր հիդրոէլեկտրակայաններն իրենց շահագործման ընթացքում ջրային ռեսուրսի քանակական փոփոխություններ չեն առաջացնում, միաժամանակ, քանի որ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիների տարածքները նկարագրական ձեւով են սահմանված եւ ներկայումս քարտեզագրական տվյալները հիմնականում բացակայում են, ինչպես նաեւ կարեւորելով ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակում հիդրոէներգետիկայի դերը, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը կապահովի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանությունը եւ կնպաստի տնտեսության զարգացմանը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն, համաձայն որի  նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանմանը եւ տնտեսության զարգացմանը՝ ի շահ հասարակության:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Գրություն