Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3073-25.07.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով.

«7. Դատավարության մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ ծանուցումը ուղարկվել է նրանց պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով եւ առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով անհատական ծանուցման ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս ծանուցումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե այն կամ ուղարկվել է փոստով, կամ հանձնվել է առձեռն կամ հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Թերեւս բացառություն է կազմում ՀՀ Քաղ. դատ. օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասը, որով դատավարության կողմերը կարող են իրենց ցանկությամբ դատարանին մատնանշել իրենց էլ. փոստի հասցեն եւ ծանուցված համարվեն այդ փոստին ծանուցագրի ուղարկվելու միջոցով: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, ինտերնետ կապի ներկայիս հասանելիության պայմաններում հնարավոր է ծանուցման գործընթացը կազմակերպել ինտերնետի միջոցով ծանուցումների էլ. փոստին ուղարկելու եղանակով, որն ավելի էժան է, արագ եւ արդյունավետ, այն առումով, որ այլեւս խնդիր չէ օրինակ անձին իր բնակության վայրում չգտնելը:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագիծը նախատեսում է պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի տրամադրում՝ նույնականացման քարտի հետ մեկտեղ, որի կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, եւ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաեւ այն դեպքում, երբ տեղեկատվությունը ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով եւ առկա է այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում:

Նախագծի ընդունումը կնպաստի ծանուցումների ընթացակարգերի պարզեցմանը, դատական ծախսերի իջեցմանը, ընթացակարգերի արագացմանը, անձին իր բնակության վայրում չգտնելը այլեւս խնդիր չի առաջացնի, քանի որ անձը առցանց կարող է ստուգել իր պաշտոնական փոստը եւ ծանուցված լինել իր ցանկացած գտնվելու վայրից: