Armenian ARMSCII Armenian
Պ-915-30.03.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի  191-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի գործողությունը դադարեցնել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Վերջին երկու տարվա վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկի այս արտոնությունը չի ծառայում իր նպատակին, ավելին, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների շրջանում: Օրենսգրքով սահմանված մինչեւ մեկ կիլոմետր արտոնյալ գոտում առկա է ընդամենը մեկ մաքսային վերահսկողության տարածք, եւ մի շարք գործարարների պնդմամբ այդ տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ լրացուցիչ մեկ պահեստ կառուցել: Ըստ ՊԵԿ տվյալների՝ մինչեւ 1կմ տարածության վրա գտնվող այդ պահեստում բեռնաթափվում է Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնատարների ընդամենը 10-15 տոկոսը, իսկ  մնացյալ շուրջ 85 տոկոս բեռնատարները, շատ դեպքերում տեղափոխելով միեւնույն ապրանքները, լրացուցիչ վճարում են 110-ից մինչեւ 152 հազար ՀՀ դրամ ճանապարհային հարկ, ինչն էլ, բնականաբար, բարձրացնում է ներկվող ապրանքների ինքնարժեքը: Ավելին, ստացված տվյալները փաստում են, որ արտոնյալ գոտում գտնվող մաքսային պահեստում (Ագարակ տերմինալ ՍՊԸ) բեռնաթափվում եւ հետեւաբար ճանապարհային հարկից ազատվում են հիմնականում երկու ընկերությունների շուրջ 65 տոկոսը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



29 մարտի 2021թ.

  ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                     ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի՜ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

- օրենքի նախագիծը,

- օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

- գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ տեղեկանքը:

Հիմնական զեկուցող՝ Սիսակ Գաբրիելյան:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ պատգամավորներ` 
Սիսակ Գաբրիելյան
Բաբկեն Թունյան
Ալեն Սիմոնյան
Կարեն Համբարձումյան