Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-911-26.03.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 209-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 209. Ռոյալթիի դրույքաչափը

1. Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի բազայի նկատմամբ արժեքային (տոկոսային) դրույքաչափ, որի մեծությունը որոշվում է հետեւյալ բանաձեւով.

R = 4 + [Շ/(Հx4)]x100,  բացառությամբ բորսայում ցուցակված ընկերությունների, որոնց համար դրույքաչափը որոշվում է R = 4 + [Շ/(Հx8)]x100 բանաձեւով, որտեղ`

R - ռոյալթիի դրույքաչափն է՝ տոկոսով.

Շ - շահույթն է նախքան հարկումը` դրամով, որը հաշվարկվում է որպես ռոյալթիի բազայի եւ Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական գործունեության գծով ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի եւ նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.

Հ - ռոյալթիի բազան է` դրամով:

Սույն հոդվածի կիրառության իմաստով՝

1) նախքան հարկումը շահույթի հաշվարկման ժամանակ իրացման շրջանառությունից ֆինանսական գործունեության գծով ծախսերի, սույն բաժնով սահմանված ռոյալթիի եւ նախորդ տարիների հարկային վնասների նվազեցումը չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման եւ (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից.

2) շահույթը նախքան հարկումը բաղադրիչի հաշվարկման ժամանակ բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի եւ ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատասխանող տեսակարար կշռով:

3) բորսայում ցուցակված ընկերություն է համարվում այն ռեզիդենտ ընկերությունը, որի կանոնադրական կապիտալի առնվազն 50%-ը կազմող հասարակ անվանական բաժնետոմսերը հաշվետու տարվա ընթացքում առնվազն 10 ամիս ցուցակված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում, այդ բաժնետոմսերի միջին տարեկան հաշվարկով 20 տոկոս եւ ավելի մասը պատկանում է հանրությանը, իսկ բաժնետերերի թիվը միջին տարեկան հաշվարկով կազմում է 100 եւ ավելի:

4) հանրությանը պատկանող բաժնետոմսերն այն բաժնետոմսերի ամբողջությունն են, որոնք չեն պատկանում`

ա) այն անձանց, որոնք իրենց փոխկապակցված անձանց հետ համատեղ տվյալ ռեզիդենտ ընկերության կանոնադրական կապիտալում ունեն ձայնի իրավունք տվող 5 եւ ավելի տոկոսի մասնակցություն,

բ) տվյալ ռեզիդենտ ընկերության կառավարման մարմինների անդամներին եւ (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց,

գ) տվյալ ռեզիդենտ ընկերության դուստր ընկերությանը, դրա կառավարման մարմինների անդամներին եւ (կամ) նրանց հետ փոխկապակցված անձանց,

դ) Հայաստանի Հանրապետությանը,

ե) տվյալ ռեզիդենտ ընկերությանը.

5) միջին տարեկան հաշվարկով հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասը տվյալ տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ հանրությանը պատկանող բաժնետոմսերի մասերի (արտահայտված տոկոսներով) հանրագումարի 1/12 մասն է.

6) միջին տարեկան հաշվարկով բաժնետերերի թիվը տվյալ տարվա ամիսների վերջին օրվա դրությամբ բաժնետերերի թվի հանրագումարի 1/12 մասն է.

7) փոխկապակցվածությունն ընդունվում է` ըստ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշանակության.

8) կառավարման մարմնի անդամներն են տվյալ ռեզիդենտ ընկերության խորհրդի նախագահը, խորհրդի անդամները, գործադիր մարմնի ղեկավարն ու անդամները, գործադիր մարմնի ղեկավարի տեղակալը, գլխավոր հաշվապահը, վերստուգող հանձնաժողովի նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամները, վերստուգողը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսան, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկություններ տվյալ ֆոնդային բորսայում հասարակ անվանական բաժնետոմսեր ցուցակած եւ սույն հոդվածի պահանջներին համապատասխանող ռեզիդենտ ընկերությունների վերաբերյալ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022թ հունվարի 1-ից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


  Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. օրենքի նախագիծը,

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցող՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան:

Խնդրում ենք օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ 
ԱՐՏԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼԻԼԻԹ  ՄԱԿՈՒՆՑ
ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ԵՂԻՇԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ