Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9061-23.03.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 183-րդ հոդվածի 1-ին մասում «242-րդ» եզրույթից առաջ լրացնել «226.4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասում «226.2, 227-232» բառերը փոխարինել «226.2-232» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հիմնավորում


Առկա իրավիճակը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության եւ անձի արժանապատվությա դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ: Ըստ էության, վերջին տարիներին ի հայտ եկած դրսեւորումները, ունեն բարձր հանրային վտանգավորություն եւ առաջացել է դրանք քրեական օրենքով արգելելու կարիքը:

Ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ (մասնավորապես՝ սոցիալական կայքերում գրանցված կեղծ օգտատերերի միջոցով) անձանց վիրավորելը, վարկաբեկելը, զրպարտելը, բարի համբավը ոտնահարել, ատելություն տարածելն իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի գործունեությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

Վերջին տարիներին թե՛ աշխարհում եւ թե՛ Հայաստանի Հանրապետությունում էապես ավելացել են ապատեղեկությունները, որոնց էական մասը վտանգ է ներառում պետական անվտանգության, հասարակական կարգի, բարոյականության եւ խախտում է անձանց՝ պատվի ու բարի համբավի իրավունքը: 2020 թվականին այդ ցանկին միացավ նաեւ հանրության առողջությությունը խոցող ապատեղեկությունները, որոնց արդյունքում էական թվով մարդիկ մահացան, քանի որ հանրության որոշ հատված ապատեղեկատվության թիրախ դարձավ եւ հավատալով դրան պակաս հետեւեց սանիտարական կանոններին՝ դրանից բխող ողբերգական հետեւանքներով:

2020 թվականին նաեւ պարզ դարձավ, որ նույնականացման ոչ ենթակա ապատեղեկություններ տարածող աղբյուրների էական մասի հետեւում կանգնած է Ադրբեջանի Հանրապետությունը եւ նպատակ է հետապնդում վնասել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը:

Նշված ապատեղեկությունների էական մասը հրապարակվել է այնպիսի աղբյուրների կողմից, որոնց նույնականացումն ընթերցողի կողմից անհնար է եւ որոնք «Զանգվածային լրատվության մասին» օրենքի իմաստով չեն հանդիսանում զանգվածային լրատվամիջոց: Հանրությունը նման աղբյուրներն հաճախ անվանում է «ֆեյք»:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր եւ ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Նախքան 2010 թվականը պետությունն այդ իրավունքի պաշտպանությունը իրականացնում էր քրեական քաղաքականության շրջանակներում: 2010 թվականին զրպարտությունն ու վիրավորանքն ապաքերականացվեցին եւ, միաժամանակ, քաղաքացիական օրենսգրքով սահմանվեց զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցում ստանալու իրավունքը:

Սակայն անձանց պատվի, արժանապատվության ու գործարար համբավի իրավունքը ոտնահարելու դիտավորություն ունեցող անձինք սկսեցին տեղեկությունները տարածել հենց ընթերցողի կողմից նույնականացման ոչ ենթակա աղբյուրների միջոցով, որի մեխանիզմները գործնականում ազդեցիկ դառան վերջին տարիներին՝ համացանցի եւ բջջային հավելվածների տարածման արդյունքում:

Արդյունքում անձինք զրկվում են նման աղբյուրներով տարածված զրպարտության ու վիրավորանքի դեմ պայքարի մեխանիզմից, քանի որ քաղաքացիական դատավարության սահմաններում հնարավոր չի պարզել, թե ով պետք է լինի պատասխանողը (քանի որ աղբյուրը տնօրինողի նույնականացումը տուժողի կամ հայցվորի կողմից անհնար է):

Ի հայտ եկած այս նոր դրսեւորման պայքարը եւ անձանց՝ պատվի ու արժանապատվության պաշտպանության սահմանադրական իրավունքի պաշտպանության միակ ուղին քրեական քաղաքականության միջոցով է՝ նման դրսեւորումների քրեականացման միջոցով:

Այսպիսով, նույնականացման ոչ ենթակա աղբյուրների կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ապատեղեկություններ տարածելու կամ անձանց զրպարտելու ու վիրավորելու դեմ քրեաիրավական միջոցներով պայքարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է հիշյալ երեւույթի բարձր հանրային վտանգավորությամբ, օրեցօր աճող տարածվածությամբ, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձանց պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության անհրաժեշտությամբ:

Առաջարկվող կարգավորումը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով ամրագրված իրավակարգավորումներով առաջարկվում է քրեական օրենսգրքում առանձին հոդվածներով քրեական պատասխանատվություն նախատեսել՝ համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ կեղծանուն աղբյուրի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու եւ համացանցում կեղծանուն աղբյուրի միջոցով անձին վիրավորելու կամ զրպարտելու համար:

Օրենսդրական նախաձեռնության իրականացումը՝ համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ կեղծանուն աղբյուրի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու եւ համացանցում կեղծանուն աղբյուրի միջոցով անձին վիրավորելու կամ զրպարտելու մասով, անձանց համար կապահովի լրացուցիչ երաշխիքներ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձանց արժանապատվությունը, պատիվն ու բարի համբավն այլոց ոտնձգություններից պաշտպանելու համար:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ կքրեականացվի զանգվածային հաղորդակցության միջոցներում բացված կեղծ օգտանունների միջոցով սուտ տեղեկությունների եւ ատելության տարածումը, կեղծ օգտատերերի խումբը համակարգված օգտագործելը, անձանց վիրավորելը, զրպարտելը, ահաբեկելը, ինչպես նաեւ անձանց արժանապատվությունը, բարի համբավը ոտնահարելը, վարկաբեկելը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

«22» մարտ, 2021թ.


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո՛ պարոն Միրզոյան.


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդարական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի կողմից «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության մասին օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Գրությանը կից ներկայացվում են՝

1. Օրենքների նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ Ալեն Սիմոնյան)

2. Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքների լրացվող հոդվածներիի մասին տեղեկանքները:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ