Armenian ARMSCII Armenian
Կ-9051-22.03.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասի «անցկացնելիս» բառից հետո լրացնել  «, ինչպես նաեւ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հետ համատեղ ավտոտրանսպորտային միջոցներում ձայնագրող սարքի (թվային տախոգրաֆի քարտի) ճանապարհային տեսչական վերահսկողական գործառույթներ իրականացնելիս»  բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 16.05.2019թ. «ՀՀ կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 273.2-րդ կետի եւ ՀՀ վարչապետի 01.06.2019թ. N 666-Լ որոշմամբ հաստատված  ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 25-րդ, 26-րդ, 27-րդ եւ 29-րդ կետերի կատարման ապահովմամբ:

1.1. Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ 2011 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել եւ գործարկվել է թվային տախոգրաֆի համակարգը, որով կարգավորում է վարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմները:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով Համակարգը կիրառվում է միայն ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցներում եւ ավտոբուսներում:

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի  կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսվում է ՀՀ տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրության ներդաշնակեցում ԵՄ օրենսդրության պահանջներին, այդ թվում նաեւ վարորդների աշխատանքի եւ հանգստի ռեժիմը կարգավորող ԵՄ օրենսդրության պահանջների կիրարկումը ներքին փոխադրումների համար:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, դրանում սահմանլով դրույթներ թվային տախոգրաֆի համակարգը առեւտրային նպատակներով ուղեւորափոխադրումներում եւ բեռնափոխադրումներում ընդգրկված տրանսպորտային միջոցներում կիրառելու վերաբերյալ:

2.Կարգավորման առարկան

Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:

Սահմանել այն բացառությունները, որոնց դեպքում չի կիրառվելու թվային տախոգրաֆի համակարգը:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փոփոխությունը կհանգեցնի ավտոմոբիլային տրանսպորտին վերաբերող որոշակի սոցիալական օրենսդրությունը ԵՄ օրենսդրության պահանջներին ներդաշնակեցմանը, կբարձրացնի ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացմանը, ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների:

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն