Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-901-17.03.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդվածը 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 278.1 հոդվածով.

 «Հոդված 278.1 Պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը.

1. Պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով  կամ ազատազրկմամբ մինչեւ մեկ տարի ժամկետով?»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու եւ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:

2. Տեղեկություններ ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Տեղեկություններ ստանալու կարգը, ինչպես նաեւ տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն անհիմն մերժելու համար պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը սահմանվում են օրենքով:»

Պետության ճիշտ կառավարման բաղադրիչը ոչ միայն ժողովրդին կառավարմանը մասնակից դարձնելն է, այլ նաեւ կառավարող ժողովրդի՝ ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքի ապահովումը: Ժողովրդավար պետության հիմքը ոչ միայն խաղաղ պայմաններում տեղեկատվության ազատության ընձեռումն է յուրաքանչյուրին, այլ նաեւ պատերազմական իրավիճակում այդ իրավունքի ավելի պատասխանատու իրացումը:

ՀՀ քրեական օրենսգիրքը արգելում է տեղեկությունների թաքցման կամ կեղծման հետ կապված այնպիսի իրավահարաբերություններ, ինչպիսիք են Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը, Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը կամ դրանք դիտավորյալ աղավաղելը եւ այլն. ընդ որում` առանձնահատուկ է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի կարգավորումը, որով քրեականացնում է Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: Պարզ ասած սա թերեւ արգելում է բացառապես գրավոր ձեւաչափով կեղծ տեղեկություններ տրամադրելը, մինչդեռ բանավոր` հայտարարությունների, ելույթների ու լրագրողական հարցերին հրապարակային պատասխանների դեպքում, որոնք արտահայտված չեն գրավոր ձեւով, պաշտոնատար անձանց կողմից հաճախ է լինում տեղեկատվության կեղծում կամ սուտ տեղեկության հայտնում, ինչը ունի հանրային բարձր վտանգավորություն:

Նախագծի կարեւորությունը կայանում է նրանում, որ արգելում է պաշտոնատար անձանց կեղծ տեղեկատվություն տրամադրելը, ինչը առաջին հերթին պետական իշխանության վստահելիության կարեւորագույն երաշխիքն է: 


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն