Armenian ARMSCII Armenian
Պ-265-29.05.2013,14.06.2013-ՊԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երկրապահ» հասկացությունը

1. Երկրապահ` հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած (անդամագրված) անձանց խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա հիմնված եւ պատմականորեն ձեւավորված բարոյական արժեհամակարգ, որն ընկած է Հայաստանի Հանրապետությունում պատանիների եւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքում:

Հոդված 2. Երկրապահ կամավորականը

1. Սույն օրենքի իմաստով երկրապահ կամավորական են համարվում 1989-1994 թվականների ընթացքում՝

1) ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տեւողությամբ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձինք, ինչպես նաեւ մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորվելու հետեւանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, որոնք՝

ա. եղել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,

բ. ընդգրկվել են մարդատար օդանավերի կամ ուղղաթիռների անձնակազմերում եւ իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկում.

2) ոչ պակաս, քան երեք ամիս ընդհանուր տեւողությամբ մարտական գործողությունների անցկացման վայրում մարտական գործողությունների կամ դրանցում ընդգրկված անձանց սպասարկում իրականացրած կամ օժանդակություն ցուցաբերած անձինք:

Հոդված 3. Երկրապահ կամավորականի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության երաշխիքները

1. Երկրապահ կամավորականի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության երաշխիքները սահմանվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 4. Երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու կարգը

1. Երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Պետական կառավարման լիազորված մարմինը երկրապահ կամավորականի կարգավիճակը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը միջգերատեսչական հանձնաժողով են ներկայացվում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում:

3. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու նպատակով ֆիզիկական անձը պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

4. Դիմումի ձեւը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:

5. Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չի տրվում, եթե`

1) չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր փաստաթղթերը.

2) ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.

3) առկա է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված մերժման հիմքը.

4) փաստաթղթերը ներկայացվել են սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետից ուշ:

6. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական, ապա միջգերատեսչական հանձնաժողովը դիմողին առաջարկում է քսանօրյա ժամկետում ներկայացնել ամբողջական փաստաթղթերը կամ վերացնել նշված թերությունները:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ամբողջական փաստաթղթերը չներկայացնելու կամ նշված թերությունները չվերացնելու դեպքում դիմումը մերժվում է:

8. Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումները ներկայացվում են պետական կառավարման լիազորված մարմին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պահից` մեկ տարվա ընթացքում:

Հոդված 5. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 6. Անցումային դրույթ

1. Երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման կարգը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում: