Armenian ARMSCII Armenian
Կ-899-15.03.2021-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի՝

1) «գ» եւ «դ» ենթակետերում «ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների» բառերով,

2) «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ե. ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով արձանագրված (հիմնավորված) միասնական հաշվին մուտքագրման ենթակա ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարներից,»:

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 11-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան Կառավարության սահմանված պարզեցված ընթացակարգով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 74-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 74. Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը

1. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է որպես ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի եւ Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի գումարների (եթե Օրենսգրքի 72-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ) բացասական տարբերություն (այսուհետ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար): ԱԱՀ փոխհատուցվող գումար է համարվում նաեւ հարկման հատուկ համակարգում գործող հարկ վճարողի կողմից ներկայացված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, որը վերաբերում է ԱԱՀ վճարող համարվելու հաշվետու ժամանակաշրջանին:

2. Հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով առաջացող ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարն ուղղվում է հաշվետու ժամանակաշրջանների գործունեության արդյունքներով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող՝ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների, ինչպես նաեւ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքում արձանագրվող՝ ԱԱՀ-ի լրացուցիչ գումարների մարմանը: Եթե յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա դրությամբ հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մաս սահմանված պարզեցված ընթացակարգով կամ Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:»:

Հոդված 4. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում «2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դեպքերում» բառերը փոխարինել «2-րդ մասով սահմանված դեպքում» բառերով:

Հոդված 5. Oրենսգրքի 348-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա» բառերով,

2) 5-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

3) 8-րդ մասում «ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, ինչպես նաեւ Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հաշվարկն իրականացվում է ըստ հաշվետու ժամանակաշրջանների, իսկ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի» բառերը փոխարինել «Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հաշվարկն իրականացվում է ըստ հաշվետու ժամանակաշրջանների, իսկ յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա կամ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի» բառերով,

4) 9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել,

5) 10-րդ մասում «ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաեւ յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հաշվետու ամսվա ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման օրվան հաջորդող օրվա» բառերով:

Հոդված 6. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից եւ վերաբերում է 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող ԱԱՀ փոխհատուցվող գումարներին:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի հիմնական նպատակը ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման ժամկետի կրճատման արդյունքում հարկ վճարողների շրջանառու միջոցների ապահովումն է եւ ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործումը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

ՀՀ հարկային օրենսգրքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները վերադարձվում եւ միասնական հաշիվ մուտքագրվում են՝

1) յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով՝ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա գումարների մասով,

2) յուրաքանչյուր ամսվա արդյունքներով՝ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով:

ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը հարկային մարմնի կողմից իրա-կանացվում է՝

1) ստուգման (ուսումնասիրության) հիման վրա, եթե ԱԱՀ-ի վերադարձման ենթակա գումարը գերազանցում է 40 միլիոն դրամը,

2) առանց ուսումնասիրության՝ պարզեցված կարգով, եթե ԱԱՀ-ի վերադարձման ենթակա գումարը չի գերազանցում 40 միլիոն դրամը:

ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար սահմանված է սահմանափակում, որի համաձայն վերադարձվող գումարի չափը չի կարող գերազանցել ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի (արտահանման ծավալների) 20 տոկոսը:

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված է, որ ԱԱՀ-ի մասով հարկային հաշվարկներ, այդ թվում՝ ճշտված, չեն կարող ներկայացվել, եթե այն վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որի մասով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձման համար օրենսգրքով սահմանված կարգով ուսումնասիրված է:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է.

1) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով,

2) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի համար կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի եւ ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար),

3) առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ,

4) ԱԱՀ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ԱԱՀ-ի փոխհատուցման գումարները վերադարձնել հարկ վճարողներին՝ անկախ գումարների վերադարձի դիմումի ներկայացման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից,

5) հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների պարզեցված ընթացակարգով (առանց ուսումնասիրության) միասնական հաշվին մուտքագրված լինելու դեպքում, հարկ վճարողը չի կարող տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առկա իրավիճակում հարկ վճարողների համար շրջանառու միջոցների ապահովում եւ ԱԱՀ վերադարձի մեխանիզմի կատարելագործում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն