Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-897-12.03.2021-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի մայիuի 26-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ եւ 9.1-րդ կետերով.

«2.1) նախորդող հանցագործությունը հանցագործություն է, որի կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի ստացվել կամ առաջացել է գույքը.

«9.1) դրամական փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից՝ նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումը ստացողի համար՝ անկախ փոխանցումը կատարողի եւ փոխանցումը ստացողի նույն անձը լինելու հանգամանքից.»:

2) 1-ին մասի 3.1-րդ կետում «տրամադրումն է» բառերը փոխարինել «տրամադրումը կամ հավաքումն է» բառերով:

3) 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, եւ (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է կամ գործարար հարաբերությունը հաստատվում է: Իրավաբանական անձի (բացառությամբ տրաստի կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորման) իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը՝

ա. ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետում է տվյալ իրավաբանական անձի՝ ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) քսան եւ ավելի տոկոսին

բ. իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով այն դեպքում, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ սույն կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձը չի հանդիսանում իրական շահառու կամ եթե առկա չէ սույն կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ,

գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, եթե առկա չէ սույն կետի «ա» եւ «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ:

4) 1-ին մասի 16-րդ կետը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «տրաստը կամ» բառով:

5) 1-ին մասի 21-րդ կետում հանել «, նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ այլ կերպ փոխկապակցված անձ (հայր, մայր, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխաներ, ամուսնու ծնողներ)» բառերը:

6) 1-ին մասի 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«25) քաղաքական ազդեցություն ունեցող անձը պետական, քաղաքական կամ հանրային բնույթի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձն է (այդ թվում՝ նրա ընտանիքի անդամը կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը): Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին եւ ցածր դասի գործառույթներ իրականացնող անձանց: Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են մասնավորապես՝

ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները եւ նախարարի տեղակալները,

բ. խորհրդարանի անդամները,

գ. բարձրագույն ատյանի դատարանի, սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների դատավորները, անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,

դ. կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները եւ խորհրդի անդամները,

ե. դեսպանները, գործերի հավատարմատարները եւ զինված ուժերի բարձրաստիճան սպաները,

զ. քաղաքական կուսակցության պաշտոնատար անձինք,

է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպության վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները,

ը. միջազգային կազմակերպության ղեկավարները, ղեկավարի տեղակալները, խորհրդի անդամները կամ կառավարչական կամ վերահսկողական այլ համանման գործառույթներ իրականացնող մարմինների անդամները.»:

7) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-րդ, 25.2-րդ եւ 25.3-րդ կետերով.

«25.1) միջազգային կազմակերպությունը անդամ երկրների միջեւ միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող պաշտոնական քաղաքական համաձայնության հիման վրա ստեղծված կազմակերպություն է, որն իր գտնվելու վայրի երկրում ռեզիդենտ կառուցվածքային միավոր չի համարվում:

25.2) ընտանիքի անդամը «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված անձն է:

25.3) տրաստը օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում է, որտեղ ֆիդուցիար պարտավորությունների հիման վրա տրաստի կառավարիչը կատարում է տրաստի հիմնադրի կողմից սեփականության իրավունքով իրեն փոխանցված գույքի հետ կապված գործարքներ ի շահ տրաստի շահառուի:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ»

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերում «ֆինանսավորման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը «գումարը» բառերից հետո լրացնել «հավասար է կամ» բառերով:

2) 4-րդ մասի 3-րդ կետում բ. ենթակետի «տնօրեն (գործադիր մարմին)» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ (մարմնի անդամ)» բառերով:

3) 4-րդ մասի 5-րդ կետում «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով:

4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին եւ ներկայացուցիչներին արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաեւ այլ անձանց, բացառությամբ ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի անդամին, հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման, այդ թվում՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հանձնարարականների ստացման կամ չստացման փաստի մասին:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը եւ հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը»:

2) 1-ին եւ 2-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետում «գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը» բառերը փոխարինել «գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը » բառերով:

2) 1-ին մասի 18-րդ կետի «տվյալների հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ սեփական նախաձեռնությամբ» բառերով:

3) 4-րդ մասում «10-րդ եւ 11-րդ կետերով սահմանված իրավասությունները» բառերը փոխարինել «10-րդ կետով սահմանված իրավասությունը, ինչպես նաեւ 11-րդ կետով սահմանված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու իրավասությունը՝» բառերով:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «, որոնք կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով եւ չեն կարող տրամադրվել երրորդ անձի՝ բացառությամբ քրեական հետապնդման մարմինների» բառերով:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին պարբերությունը «կասկածներ» բառից հետո լրացնել «, կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման:» բառերով:

2) 4-րդ մասի 1-ին պարբերությունը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, կամ նախորդող հանցագործության կասկածի կամ դեպքի վերաբերյալ, որը լիազոր մարմնի կարծիքով կարող է հանգեցնել փողերի լվացման:» բառերով:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունում հանել «կամ միանգամյա գործարք կատարելու» բառերը:

2) 3-րդ մասում «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով , իսկ «(բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից),» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում,» բառերով:

3) 4-րդ մասի 2-րդ կետում «գործադիր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի (մարմնի անդամի)» բառերով:

4) 5-րդ մասի 1-ին կետում հանել «պարզի լիազորված անձի առկայությունը եւ առկայության դեպքում» բառերը, իսկ «լիազորված անձին» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը:

5) 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) նույնականացնի իրական շահառուին եւ ողջամիտ քայլեր ձեռնարկի նրա ինքնությունը ստուգելու նպատակով, ընդ որում Հայաստանի Հանրապետության եւ (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ հիմնարկի դեպքում՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով սահմանված կարգով:»:

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-րդ մասը.

5.1 Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու եւ ինքնությունը ստուգելու նպատակով հաշվետվություն տրամադրող անձի կողմից ձեռնարկված քայլերը, եզրահանգումները եւ դրանց հիմնավորումները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում:»:

7) 6-րդ մասում հանել «(բացառությամբ արժեթղթերի շուկայի կարգավորման օրենսդրությամբ նախատեսված հաշվետու թողարկողների)» բառերը:

8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ մասը.

«6.1 Տրաստ կամ օտարերկյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու եւ նրա ինքնությունը ստուգելու նպատակով պետք է լիարժեք տեղեկություններ ունենա դրա հիմնադիրների, կառավարիչների, շահառուների (այդ թվում՝ շահառուների դասի), շահերի պաշտպանի (առկայության դեպքում) եւ իրական (փաստացի) հսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձի կամ համանման գործառույթներ իրականացնող անձի եւ նրանց լիազորությունների վերաբերյալ:»:

9) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-րդ մաս.

«7.1 Տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդը (այդ թվում՝ ոչ ֆինանսական հաստատությունը) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս պարտավոր է բացահայտել իր կարգավիճակը:»:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ» բառերը փոխարինել «տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում» բառերով:

Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածում

1) 1-ին մասի 3-րդ կետում «տվյալները» բառից հետո լրացնել «, կամ փոխանցումը կատարողի հասցեն, կամ ծննդյան ամսաթիվը եւ վայրը՝», իսկ «(պետական գրանցման, հաշվառման համարը եւ այլն)» բառերից հետո՝ «կամ գտնվելու վայրի հասցեն՝» բառերով:

2) 2-րդ մասից հանել «Բոլոր» բառը:

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «տեղեկատվության» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների» բառերով:

Հոդված 14. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) վերնագրում «Գործարքի» բառից հետո լրացնել «կատարման» բառով, իսկ «իրականացման» բառը փոխարինել «հաստատման» բառով:

2) 1-ին մասում «համաձայն գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման» բառերը փոխարինել «համաձայն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման» բառերով, «գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը» բառերը փոխարինել «գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը» բառերով «այն» բառը փոխարինել «դրա՝» բառով:

3) 2-րդ մասում «1-7-րդ մասերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, «պարտականությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները» բառերը, «համաձայն» բառից հետո հանել «գործարքի կամ» բառերը, «դադարեցնի» բառից հետո հանել «գործարքը կամ» բառերը, «այն» բառը փոխարինել «դրա՝» բառով:

4) 3-րդ մասում հանել «անդրսահմանային» բառերը:

Հոդված 15. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «սառեցման» բառից հետո լրացնել «, այդ թվում՝» բառերով:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ՝ ՀՀ) շարունակական քայլեր է ձեռնարկում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցման ուղղությամբ: Այսպես, 2018թ.-ի մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենք) եւ այլ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը՝ ի կատարումն 2015թ.-ի Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված մի շարք հանձնարարականների:

2018թ.-ի հուլիս ամսին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից հաստատվել է Հայաստանի Առաջընթացի առաջին հաշվետվությունը՝ ՀՀ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ տրված հանձնարարականների կատարման մասով: ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրվել է, որ ընդհանուր առմամբ բացահայտված տեխնիկական թերությունների վերացման ուղղությամբ Հայաստանը արձանագրել է զգալի առաջընթաց, այդուհանդերձ, դեռեւս առկա են ՖԱԹՖ-ի հանձնարարականների իմպլեմենտացման որոշ թերություններ:

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն վերացնել ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից արձանագրված մի շարք թերություններ եւ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունները.

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծով ներկայացվող փոփոխությունները եւ լրացումները նպատակ ունեն կարգավորել հետեւյալ հարաբերությունները.

1. Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակի ընդլայնում՝ ներառելով տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձին, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, այդ թվում նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց.

2015թ.-ի Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է, որ նախատեսված չեն օրենսդրական պահանջներ տեղական քաղաքական ազդեցություն ունեցող անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, նրանց ընտանիքի անդամի կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց վերաբերյալ: Հետագայում, 2018թ.-ին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ ֆինանսական համակարգի կայունության գնահատման հաշվետվությամբ հանձնարարական է տրվել «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենք) տեղական քաղաքական ազդեցություն ունեցող անձանց հասկացությունը սահմանելու եւ նրանց նկատմամբ պատշաճ ուսումնասիրության հավելյալ պահանջներ կիրառելու վերաբերյալ: Ըստ այդմ, վերանայվել է «քաղաքական ազդեցություն ունեցող անձ» հասկացությունը՝ համապատասխանեցնելով ՖԱԹՖ-ի 12-րդ հանձնարարականի պահանջներին: Նախագծով «քաղաքական ազդեցություն ունեցող անձ» հասկացության մեջ են ներառելով ոչ միայն արտասահմանյան երկրի կամ տարածքի նախկին կամ գործող բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց, այլ նաեւ տեղական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպություններում նշանակալից գործառույթներ իրականացնող անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց հետ սերտորեն փոխկապակցված անձանց:

2. Իրական շահառուի նույնականացում եւ ինքնության ստուգմանն ուղղված ողջամիտ քայլերի ձեռնարկում՝ ըստ հաջորդականության սկզբունքի.

Իրավաբանական անձանց թափանցիկության ապահովման, այդ թվում՝ տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորումների եւ դրանց իրական շահառուների պարզման նպատակով կատարված փոփոխություններով հստակեցվել է հաշվետվություն տրամադրող անձանց կողմից իրավաբանական անձ հաճախորդի իրական շահառուի պարզման, այդ թվում՝ նույնականացման եւ ինքնության ստուգման համար իրականացվող գործընթացը՝ ըստ հաջորդականության սկզբունքի՝ հիմք ընդունելով ՖԱԹՖ 10-րդ հանձնարարականի պահանջները: Նշվածը ենթադրում է որպես իրական շահառու դիտել քսան եւ ավելի բաժնետոմսի տիրապետողին, իսկ այդպիսի անձի բացակայության դեպքում, կամ այն դեպքում, երբ առկա է հիմնավոր ենթադրություն այդպիսի անձի՝ իրական շահառու չհանդիսանալու վերաբերյալ, իրավաբանական անձի նկատմամբ իրական (փաստացի) վերահսկողություն իրականացնող անձին: Վերը նշված քայլերի իրականացման արդյունքում համապատասխան ֆիզիկական անձ առկա չլինելու դեպքում իրական շահառու է դիտվում իրավաբանական անձի ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումը իրականացնող պաշտոնատար անձը: Ընդ որում՝ սահմանվել է նաեւ իրական շահառուի նույնականացման եւ ինքնության ստուգման արդյունքում վերոնշյալ քայլերի արդյունքում կատարված եզրահանգումները հաշվետվություն տրամադրող անձի կողմից փաստաթղթավորելու եւ պահպանելու պարտականությունը: Նախատեսվել է նաեւ տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորում հանդիսացող հաճախորդների իրական շահառուի պարզման նպատակով հաշվետվություն տրամադրող անձանց կողմից անհրաժեշտ տեղեկություններին տիրապետելու պարտականությունը, ինչպես նաեւ տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդի պարտավորությունը՝ բացահայտելու իր կարգավիճակը գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս:

Նախագծով առաջարկվում է նաեւ իրավաբանական անձանց կողմից պետական գրանցման փուլում իրական շահառուի հայտարարագրման վերաբերյալ հարաբերությունների կարգավորումը հանել ՀՀ կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներից եւ վերապահել ՀՀ արդարադատության նախարարությանը:

3. Ֆինանսական խմբի անդամների միջեւ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման դրույթների նախատեսում.

Նախագծով նախատեսվել է ֆինանսական խմբի դեպքում ֆինանսական խմբի անդամների միջեւ կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հնարավորությունը: Նման պահանջը բխում է ՖԱԹՖ 18-րդ եւ 21-րդ հանձնարարականներից եւ ուղղված է ՓԼ/ԱՖ ռիսկերի կառավարման նպատակով ֆինանսական խմբի անդամների, այդ թվում՝ դուստր ընկերությունների եւ մասնաճյուղերի միջեւ ՓԼ/ԱՖ կասկածների հետ կապված տեղեկատվության ազատ շրջանառության ապահովմանը:

4. Փոփոխություններ եւ լրացումներ, որոնք պայմանավորված են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին օրենքի կիրառման արդյունքում ի հայտ եկած թերությունները վերացնելու անհրաժեշտությամբ.

3. Ակնկալվող արդյունքը

ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության շարունակական զարգացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը համապատասխանեցնել առկա միջազգային պահանջներին, ինչպես նաեւ բարելավել օրենսդրության պահանջների կիրարկման պրակտիկան:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից, իսկ իրական շահառուի ինստիտուտի հետ կապված կարգավորումները՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն