Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2771-06.06.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-409-Ն oրենքի (այuուհետ` Օրենք) 8-րդ հոդվածը «գործակցի արտադրյալով» բառերից հետո լրացնել «, որը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաեւ Նախագիծ) մշակվել է հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2013-2017թթ. ծրագրի դրույթները, ինչպես նաեւ ՀՀ կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Այս նպատակով անհրաժեշտ է մինչեւ 2017թ. ապահովել նվազագույն աշխատավարձի չափի հետեւողական բարձրացում, որի որոշման հիմքում պետք է ընկած լինեն հետեւյալ հիմնական գործոնները`

- մակրոտնտեսական կայունության ապահովումը,

- ՀՀ պետական բյուջեի ընթացիկ եւ կանխատեսվող ֆինանսական հնարավորությունները:

Նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում, որոնց նախագծերը եւս ներառված են «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Նվազագույն աշխատավարձը կատարած աշխատանքի համար աշխատողին տրվող հատուցման նվազագույն թույլատրելի սահմանն է, որը պետության կողմից սահմանվում է որպես նվազագույն երաշխիք:

Հանդիսանալով սոցիալ-տնտեսական քաղաքականության առանցքային գործոն` նվազագույն աշխատավարձը աշխարհի մի շարք երկրներում կիրառվում է տարբեր նպատակներով, որի արդյունքում ձեւավորվում են տարբեր մեխանիզմներ եւ մոդելներ:

Հայաստանում նվազագույն աշխատավարձը մասնավոր հատվածում աշխատավարձերի պետական կարգավորման հիմնական գործիքն է, որը սահմանվում է օրենքով` Հայաստանի ողջ տնտեսության համար:

Նվազագույն աշխատավարձի պետական կարգավորման, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի մակարդակի ամփոփ վերլուծության արդյունքներով կարելի է փաստել, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին` աստիճանաբար բարձրացնելով դրա չափը` նկատի ունենալով նաեւ երկրում ձեւավորված մակրոտնտեսական իրավիճակն ու միտումները:

Մյուս կողմից, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զինվորական կենսաթոշակները հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով որոշված դրամական բավարարման եւ սննդի փոխհատուցման գումարից: Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) համար դրամական բավարարումը որոշվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարման գումարի եւ դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով: Զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 4 հավելվածի համաձայն՝ կենսաթոշակ նշանակելու (հաշվարկելու, վերահաշվարկելու) համար զինծառայողի ամսական դրամական բավարարման մեջ հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը (վարձատրության ամսական չափը), զինվորական կոչման դրույքաչափը եւ ծառայության ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Անկախությունից ի վեր իրականացվող նվազագույն աշխատավարձի քաղաքականությունը Հայաստանում նպատակ է հետապնդել չխոչընդոտել ձեռնարկատիրության զարգացմանը եւ միաժամանակ նպաստել ֆորմալ զբաղվածության ընդլայնմանը: ԱՀՌԾ-ում առաջադրվեցին նվազագույն աշխատավարձի քաղաքականության նոր մոտեցումներ, որոնցից հիմնականը նվազագույն աշխատավարձի եւ աղքատության սահմանագծի փոխհարաբերության սահմանումն էր:

2004թ.-ից ՀՀ տնտեսությունում գրանցած բարձր տնտեսական աճով պայմանավորված` նվազագույն աշխատավարձի չափը զգալի բարձրացվեց. այսպես` 1999-2003թթ. ներառյալ նվազագույն աշխատավարձը կազմում էր 5000 դրամ: 2004թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվեց 13000 դրամ, 2006թ. հունվարի 1-ից` 15000 դրամ, 2007թ. հունվարի 1-ից` 20000 դրամ, իսկ 2008թ. հունվարի 1-ից` 25000 դրամ:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված` 2009-2012թթ. նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը որոշակիորեն նվազեց: 2009թ. նվազագույն աշխատավարձը սահմանվեց 30000 դրամ, որից հետո բարձրացավ 2011թ. 2500 դրամով եւ դրա չափը (32500 դրամ) պահպանվեց 2012թ., իսկ 2013թ. հունվարի 1-ից` 35000 դրամ:

ՀՀ Կառավարության 2013թ. մայիսի 16-ի N 515-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2013-2017թթ. ծրագրի համաձայն` հաշվետու ժամանակաշրջանում ակնկալվում է նվազագույն աշխատավարձի մակարդակը առնվազն կրկնապատկել, ապահովել նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակ:

Մյուս կողմից, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել է զինծառայողների դրամական բավարարման կամ սննդի փոխհատուցման գումարի չափը: Ըստ այդմ, դրամական բավարարման գումարը նվազագույն ամսական աշխատավարձի չափին հավասարեցնելու համար պաշտոնային դրույքաչափերը փոխելու (բարձրացնելու) դեպքում պետք է վերահաշվարկվեն նաեւ կենսաթոշակները:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ելնելով աշխատավարձի քաղաքականության հիմնական նպատակներից, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 2013-2017թթ. ծրագրի դրույթների իրականացման անհրաժեշտությունից` Նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի գործող չափը սահմանել 45000 դրամ:

Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա ֆինանսական սահմանափակումների շրջանակներում նախատեսվում է բարձրացնել միայն զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը՝ ներկայացվող նախագծերի փաթեթում ներառված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանել կենսաթոշակի չափը հաշվարկելիս դրամական բավարարման գումարը որոշելու համար առանձին դրույքաչափեր:

5. Ակնկալվող արդյունքը

Նվազագույն աշխատավարձի չափի կրկնապատկում մինչեւ 2017թ. եւ ՀՀ Կառավարության 2013-2017թթ. ծրագրի` նվազագույն աշխատավարձին վերաբերող պահանջների կատարում:

Նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված` «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում անհրաժեշտ փոփոխությունների կատարում: