Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-276-06.06.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների ու գույքի ձեռք բերման եւ ծառայությունների ստացման գործարքների գծով հարկային եւ մաքսային արտոնությունների տրամադրման եւ դրանց կիրառության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքի կիրառության իմաստով`

1) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիր (այսուհետ` ծրագիր) է համարվում առնվազն 40 մլրդ. ՀՀ դրամի ներդրմամբ Դիլիջան քաղաքում միջազգային դպրոցի կառուցումն ու շահագործումը,

2) ծրագիր իրականացնող կազմակերպություններ (այսուհետ՝ կազմակերպություններ) են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված այն ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են ծրագիրը:

Հոդված 3. Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունների շրջանակը, ըստ յուրաքանչյուր կազմակերպության, հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` կազմակերպությունների կողմից նախապես Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող՝ գործարքների ու գործառնությունների ծրագրերի հիման վրա:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված` գործարքների ու գործառնությունների ծրագրերը նախապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատելու պահանջը չի տարածվում 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված գործարքներին ու գործառնություններին վերաբերող ծրագրերի վրա, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն են ներկայացվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող գործարքների ու գործառնությունների ծրագրի հետ միասին:

Ծրագրի իրականացման շրջանակներում`

1) կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից,

2) կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում է ավելացված արժեքի հարկից,

3) կազմակերպությունների զուտ շահույթը մինչեւ հարկումը (կամ դրա մի մասը) ազատվում է շահութահարկով հարկումից, եթե այն (կամ դրա մի մասը) մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը օգտագործվում է (ներդրվում է) ծրագրի շրջանակներում,

4) կազմակերպությունների կողմից ոչ ռեզիդենտ կազմակերպություններին վճարվող` գործող օրենսդրության համաձայն, հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներն ազատվում են ոչ ռեզիդենտի շահութահարկից,

5) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանցից հողի ձեռքբերման համար վճարվող եկամուտներն ազատվում եկամտային հարկով հարկումից:

Հոդված 4. Ծրագիրը չկատարելու դեպքում կազմակերպություններին առաջադրվում են լրացուցիչ պարտավորություններ` հարկային եւ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 5. Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունների կիրառության կարգը՝ ներառյալ արտոնությունների կիրառության համար հիմք ընդունվող` գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

2013 թվականի հունվարի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարված՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված գործարքների ու գործառնությունների մասով կատարվում է հարկային եւ մաքսային վճարների գծով պարտավորությունների վերահաշվարկ, եւ կազմակերպությունների կողմից նշյալ գործարքների ու գործառնությունների մասով նախկինում վճարված հարկերի ու մաքսային վճարների գումարները ուղղվում են կազմակերպությունների` ապագայում առաջացող հարկային պարտավորությունների մարմանը:

2013 թվականի հունվարի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասի 2-րդ կետով սահմանված գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվների վրա «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ եւ 29-րդ հոդվածի դրույթները չեն տարածվում:

Հիմնավորում

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադերլու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Օրենքի նախագծի նպատակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային վճարների արտոնությունների տրամադրումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Դիլիջան քաղաքում նախատեսվում է կառուցել եւ շահագործել միջազգային ստանդարտներին համապատասխան դպրոց: Ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն. ԱՄՆ դոլարի չափով, որից 150 մլն. ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել դպրոցի շենքի կառուցման եւ անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման ուղղությամբ, իսկ շուրջ 400 մլն. ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման ուղղությամբ: Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ներդրվել է 20 մլն. ԱՄՆ դոլար: Բացի նախաձեռնող խմբից, ռազմավարական նշանակություն եւ ոչ առեւտրային բնույթ ունեցող այս ծրագրին իրենց օժանդակությունն են ցուցաբերում նաեւ մի շարք անհատներ: Դպրոցի շահագործման հետ կապված գործառնական ծախսերը, որոնք տարեկան կտրվածքով կազմում են շուրջ 20 մլն. ԱՄՆ դոլար, հիմնականում կատարվելու են Հայաստանի Հանրապետությունում եւ հատկապես` Դիլիջան քաղաքում:

Ներկայումս գործող օրենսդրությամբ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի մասով վճարում են օրենքով սահմանված հարկերը եւ մաքսային վճարները:

Խնդիրը կայանում է նրանում, որ հարկային եւ մաքսային արտոնությունների բացակայությունը հնարավորություն չի տալիս, որպեսզի ծրագրի իրականացման համար նախատեսված` նվիրաբերություններից գոյացած միջոցները ամբողջությամբ ծախսվեն ծրագրի իրականացման համար:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում տրամադրել հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային վճարների արտոնություններն են:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նպաստել միջազգային չափանիշներին համապատասխան կրթահամալիրի կառուցման եւ շահագործման հանձնման աշխատանքներին: Ակնկալվում է, որ կրթահամալիրի ստեղծումը իր հերթին կնպաստի տարածաշրջանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության մակարդակի կրճատմանը, զբոսաշրջության զարգամանը: Մասնավորապես, ակնկալվում է, որ ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը կուղղվի 60-70 մլն. ԱՄՆ դոլար, տարածաշրջանում ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման ծավալը տարեկան կտրվածքով կաճի 10-12 տոկոսով, մինչեւ 2020 թվական տեղական բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 1 մլն. ԱՄՆ դոլար, գործազրկության մակարդակը կկրճատվի մինչեւ 12 տոկոս, աղքատության մակարդակը` մինչեւ 11 տոկոս, օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի մինչեւ 35 հազ. մարդ: