Armenian ARMSCII Armenian
Կ-883-01.03.2021-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  63-րդ հոդվածը լրացնել 4-8-րդ նոր մասերով՝

«Տարափային(հեղեղային) ջրահեռացման համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ տարափային(հեղեղային) ջրերի՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսնապատիկի  չափով:

 Ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ ցամաքուրդային(դրենաժային) ջրերի՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրհիսնապատիկի չափով:

Տարափային (հեղեղային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

 Ցամաքուրդային(դրենաժային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ոռոգման համակարգերի օգտագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է դրանց աղտոտում, աղբոտում՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 88-րդ հոդվածը լրացնել 3-րդ եւ 4-րդ նոր մասերով.

«Սեւանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները արդյունագործական որսի համար ստեղծված/նախատեսված մուտքի եւ ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք եւ ելք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

 Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը` որսի թույլտվության ժամանակահատվածում՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3.  Օրենսգրքի 125.1-րդ հոդվածը լրացնել 7-րդ եւ 8-րդ նոր կետերով.

«7. Հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

8. Լողամիջոցները լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում ափին մոտեցնելը եւ/կամ հեռացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 4.  Օրենսգրքի 239-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 4-րդ մասով, 50.1-րդ, 62-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված  ջրային համակարգերի մասով), 63-րդ, 63.1-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով), 145-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով) եւ 152-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրի պոմպերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ վարչական տույժեր նշանակում է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի  ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 63-րդ հոդվածի 5-րդ մասի, որն  ուժի մեջ է մտնում  2030 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1.  Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» oրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2018 թվականի մարտի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-126-Ն օրենքի պահանջներից, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի անարդյունավետ եւ անխնա օգտագործումը կանխելու, պատշաճ պահպանություն ապահովելու,  իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից: Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող լրացման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1945-Ն որոշման հավելվածի 11.1-րդ եւ 11.2-րդ, Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման 3-րդ հավելվածի 4-րդ մասի 1-ին եւ Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-Ն որոշման հավելվածի 9-րդ եւ 10-րդ ենթակետերով սահմանված դրույթների կիրարկման ապահովման պահանջից: 239-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է լիազոր մարմնի գործառույթները?

2.  Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային (հեղեղային) ջրահեռացման եւ (կամ) ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) եւ ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) եւ (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաեւ ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման  համար  սահմանվել է վարչական պատասխանատվություն: Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների եւ լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սեւանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման  նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաեւ իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 4-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության եւ վարչական տույժեր նշանակելու հետ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի  նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվի վարչական պատասխանատվություն տարափային (հեղեղային) ջրահեռացման եւ (կամ) ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային (հեղեղային) եւ ցամաքուրդային (դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային (հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական եւ վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) եւ (կամ) ցամաքուրդային (դրենաժային) ջրեր ընդունելու  եւ ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման համար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» oրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Վարչական պատասխանատվության կիրառման դեպքում նախատեսվում է պետական բյուջեների եկամտային մասի ավելացում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն